‘Ն.Զոհրաբյան. Ռուսական կողմի հայտարարությունը առնվազն «բեսպառդոն է»’

1483

Այսօր կայացած տեսակամուրջի ժամանակ ռուսական կողմից հարց-առաջարկ է հնչել` արդյո՞ք ժամանակը չէ ՀՀ Ազգային Ժողովում գոյություն ունեցող Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը տրանսֆորմացնել և ունենալ ԵՏՄ-ի ինտեգրման հարցերի հանձնաժողով:

«Ինձ բնավ չեն զարմացնում այս կարգի հայտարարությունները և պնդումները: Եվ չեմ զարմանա, որ վաղը ռուսական կողմից ինչ-որ պաշտոնյա կիսելյովյան սերիայից որոշի, թե Հայաստանի խորհրդարանը այս կամ այն նստաշրջանում քանի օրենք պետք է ընդունի կամ էլ խորհրդարանի բուֆետը ինչ սակագներով պետք է գործի»,- Panorama.am-ի հետ զրույցում ասել ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով այսօր տեղի ունեցած Երևան-Մոսկվա տեսամակուրջում ռուսական կողմից հնչած հարց-առաջարկը:

ԲՀԿ-ական պատգամավորը նաև նշեց, որ նույն կոնտեքստում բնավ զարմանալի չէ, օրինակ, ռուս վերլուծաբան Ալեքսեյ Կուդենկոյի հորդորը ՀՀԿ-ին հրաժարվել Գարեգին Նժդեհից, փոխել ու վերանայել սեփական գաղափարախոսությունը` ընդգծելով, որ իշխող կուսակցության կողմից առաջնորդվելը նման նացիստական գաղափարախոսությամբ  անախրոնիզմ է. «Եվ զարմանալի է, որ Հանրապետական կուսակցության կողմից որևէ պատասխան չի հնչում նման կարգի հայտարարություններին»:

Վերադառնալով իր ղեկավարած հանձնաժողովը փակելու առաջարկին Ն.Զոհրաբյանն ընդգծեց, որ նման հայտարարությունները որակում է ոչ այլ ինչ, քան «բեսպառդոն»:

Նախորդ հոդվածը‘Շուրջ 30 րոպե ադրբեջանական կողմը կրակել է Չինարի և Այգեձոր գյուղերի ուղղությամբ’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ-ում հայերը ավազակային հարձակում են կատարել Պետդումայի պատգամավորի օգնականի վրա’