‘Շաբաթվա անցուդարձ. Ամփոփում’

2227

Այս շաբաթվա անցուդարձի կիզակետը անկասկած փետրվարի 12-ին ՀՀԿ Գերագույն մարմնի խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին նվիրված ելույթն ու դրան հաջորդած ներքաղաքական, ժամ առ ժամ հասունացող իրադարձություններն են: Սակայն, եթե քաղաքական զարգացումներին մակերեսորեն հետեւողների համար ամեն ինչ սկսվեց Ս.Սարգսյանի հայտնի ելույթից, ապա առնվազն վերջին ամիսների իրադարձությունները ցույց են տալիս տեղի ունեցածի շարունակական տրամաբանությունը: Իսկ անցնող շաբաթվա, ուշադրության արժանի առաջին դեպքը դեռեւս նախորդ շաբաթ օրը, «Կասեցում» նախաձեռնության մասնակից, Շրջանառության հարկի մասին օերնքի դեմ ակտիվ պայքարող Արտակ Խաչատրյանի առեւանգության եւ ծեծի ենթարկելու դեպքն էր: Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին, Արտակ Խաչատրյանին առավոտյան առեւանգել էին, իսկ ժամեր անց՝ ծեծված վիճակում հայտնաբերել էին Նոր Նորքի 8-րդ զանգվածում: Արտակ Խաչատրյանին տեղափոխել էին «Մալաթիա» բ/կ, նա ուներ քթի կոտրվածք, բազմաթիվ սալջարդեր և վերքեր, կյանքին վտանգ չէր սպառնում: Հայտնի էր դարձել, նաեւ, որ Արտակ Խաչատրյանին առևանգողները եղել են դիմակներով եւ ծեծելու ժամանակ ձեռնաշղթաներ են հագցրել։ Մի շարք քաղաքական, հասարակական կազմակերպություններ խստորեն դատապարտեցին կատարվածը եւ անմիջապես, ճշգրտորեն մատնանշեցին, որ տեղի ունեցածը քաղաքական հաշվեհարդարի դրսեւորում էր:

Երկուշաբթի, փետրվարի 9-ին, Կառավարության շենքի մոտ բազմաթիվ քաղաքացիների, քաղաքական գործիչների մասնակցությամբ տեղի ունեցավ բողոքի ակցիա ի պաշտպանություն Արտակ Խաչատրյանի՝ «Մենք բոլորս Արտակ Խաչատրյան ենք» կարգախոսով: Բողոքի ցույցի մասնակիցնեը կառավարության շենքից երթով շարժվել էին դեպի ոստիկանություն՝ պահանջով՝ անհապաղ բացահայտել Արտակ Խաչատրյանի առևանգման և ծեծի ենթարկելու գործը:

Նույն օրը տեղի էր ունեցել մի դժբախտ պատահար, ինչը ցավալիորեն ցույց է տալիս Հայաստանում առկա սոցիալական աղետալի իրավիճակը: Առավոտյան ժամը 05:00-ի սահմաններում Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի բնակարաններից մեկում հրդեհ էր բռնկվել: Հրշեջ-փրկարարները հենց կրակի միջից դուրս էին բերել 47-ամյա Աննա Բադալյանին և նրա 9-ամյա որդուն՝ Ֆրունզիկ Նահապետյանին, ովքեր տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Հայտնի էր դարձել, որ մայրը երեխային ծեծել էր, այնուհետև բենզինը լցրել վրան ու այրել: Պատճառը սոցիալական ծանր կացության պայմաններն էին, նշվում էին նաեւ արտագնա աշխատանքի նպատակով Ռուսաստանում գտնվող ամուսնու հետ ունեցած խնդիրների մասին: Դժբախտաբար 47-ամյա Աննա Բադալյանը փետրվարի 10-ի լույս 11-ի գիշերը՝ 03.00-ի սահմաններում, մահացել էր:

Այսպիսի ծանր պայմաններում, Մայր Աթոռ սբ. Էջմիածնից պետք էր սպասել միայն զորակցության եւ ժողովրդին ոգեշնչող հայտարարություններ եւ կոչեր, այննինչ հայոց վշտերի կրակի վրա կրկին բենզին թափվեց, երբ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) գաղտազերծելով շվեյցարական HSBC բանկի հաճախորդների ցուցակները եւ հաշվեհամարները, պարզել էր, որ  Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անունով 1.1 մլն դոլար գումարով գաղտնի հաշվեհամար կա: Մայր Աթոռի պարզաբանումը, բնականաբար, սպասելի էր՝ «ի շահ եկեղեցու՝ բարեգործական նպատակներով», ինչը սակայն, բավարար չէ պատասխանելու հետեւյալ հարցերին, թե ինչո՞ւ է Եկեղեցուն պատկանող գումարը «նստած» ոչ թե Եկեղեցու, այլ Կաթողիկոսի հաշվեհամարին կամ ինչո՞ւ է գումարը պահվում ոչ թե հայկական, այլ շվեյցարական բանկում:

Փետրվարի 11-ին հրապարակվեց Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» հրապարակման առթիվ գրված հոդվածը, որտեղ առաջին նախագահը, ինչպես ինքն է շեշտում նախաբանում, նպատակ է հետապնդել՝ որոշ դիտողություններ ու մտահոգություններ արտահայտել հռչակագրի բովանդակության վերաբերյալ` ոչ ամենեւին որեւէ մեկին մեղադրելու կամ խնդիրը ներքաղաքական շահարկումների առարկա դարձնելու մտադրությամբ, այլ բացառապես այդ կարեւոր փաստաթղթի բնագիրը բարելավելու նպատակով:

Եվ այսպես, վերադառնալով շաբաթվա գլխավոր ներքաղաքական իրադարձություններին, հիշեցնենք, որ փետրվարի 12-ին կայացավ ՀՀԿ Գերագուն մարմնի նիստը, որտեղ Սերժ Սարգսյանը հանդես եկավ «ծրագրային» ելույթով, որն ամբողջովին նվիրված էր Գագիկ Ծառուկյանին եւ նրա քաղաքական գործունեությանը: Ըստ էության, ինչպես այս երկու օրերի ընթացքում արձանագրեցին բազմաթիվ քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ, ԶԼՄ-եր եւ այլն, Սերժ Սարգսյանի քայլը շրջադարձային դարձավ Հայաստանի ներքաղաքական կյանքում: Բացահայտ սպառնալիքներով, անհիմն մեղադրանքներով եւ ապաքաղաքական լեզվով գրված այդ ելույթը ուղղիղ մարտահրավեր էր Հայաստանի ընդդիմադիր Շարժմանը, ինչի պատասխանը՝ իրեն ուշացնել չտվեց:
Հաջորդ օրը, փետրվարի 13-ին ԲՀԿ կենտրոնական գրասենյակում հրավիրված ԲՀԿ քաղխորհրդի նիստում, Գագիկ Ծառուկյանը հանդես գալով պատասխան ելույթով, հստակ արձագանքեց ստեղծված իրավիճակին, համազգային մոբիլիզացիայի կոչ անելով՝ «ունենալով մեկ նպատակ` քաղաքական բոլոր օրինական մեթոդներով (անդադար հանրահավաքներ, երթեր, ցույցեր, անհնազանդություն և այլն) հասնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը` ազատվելու համար չարիքի այս իշխանությունից»։
 ԲՀԿ քաղխորհրդի նիստին անմիջապես հաջորդեցին Գագիկ Ծառուկյանի հանդիպումները՝ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:
Հայտնի դարձավ, որ այս ձևաչափի քննարկումները շարունակվելու են ևս մեկ-երկու օր, որից հետո Եռյակը հասարկությանն է ներկայացնելու հետագա անելիքները:

Շաբաթվա կարեւոր միջազգային զարգացումները կենտրոնացած էին Մինսկում, որտեղ փետրվարի 11-12-ը կայացել էին Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների 14 ժամ տևած բանակցությունները՝ Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման շուրջ: Բանակցությունների արդյունքում ստորագրված փաստաթուղթը, մասնավորապես, ենթադրում է՝ կրակի դադարեցում փետրվարի 15-ին, տեղական ժամանակով՝ 24:00-ից, ինչպես նաեւ ծանր ռազմատեխնիկայի դուրս բերում շփման գծից, անօրինական բոլոր խմբավորումների եւ կազմավորումների զինաթափում, մինչեւ 2015թ. վերջը Ուկրաինայում սահմանադրական բարեփոխումների անցկացում, ինչը պետք է նախատեսի ապակենտրոնացում եւ Դոնեցկի ու Լուգանսկի շրջանների առանձին մասերի հատուկ կարգավիճակի մասին մշտական օրենսգրքի ընդունում, ինքնահռչակ ԴԺՀ եւ ԼԺՀ առանձին շրջաններում, ԵԱՀԿ եւ ԺՀՄԻԳ (Ժողովրդավարական հաստատությունների եւ Մարդու իրավունքների գրասենյակ) չափանիշների պահպանմամբ ընտրությունների անցկացում: 
Փաստաթղթի տակ ստորագրել են, մասնավորապես, ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ղեկավարներ Ալեքսանդր Զախարչենկոն եւ Իգոր Պլոտնիցկին, համապատասխանաբար:

Նախորդ հոդվածը‘Սահակաշվիլին հայտարարել է, որ համակարգելու է Ուկրաինային զենքի մատակարարումը ‘
Հաջորդ հոդվածը‘Գյումրիում կայացել է Ավետիսյանների ընտանիքի սպանության բացահայտման խնդիրների շուրջ քննարկումը’