‘Շաբաթվա անցուդարձ. Ամփոփում’

1349

Շաբաթվա իրադարձությունները ներքաղաքական կյանքում գլխավորապես կենտրոնացած էին փետրվարի 23-ին մեկնարկած ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման յոթներորդ նստաշրջանի հերթական քառօրյայում:

ԱԺ նիստի մեկնարկին ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ խմբակցությունը բոյկոտում է այդ քառօրյան, ինչից հետո հանրությանը կներկայացնի իր մոտեցումները, հանդես կգա հստակ պարզաբանումներով: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ մարտի 5-ին ԲՀԿ կենտրոնական գրասենյակում  տեղի կունենա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության  8-րդ արտահերթ համագումարը։
ԱԺ-ն ընդունեց որոշման նախագիծ, ըստ որի՝ ԱԺ քառօրյա նիստերը մարտի 16-19-ից կտեղափոխվեն 23-26-ը: Տեղափոխման պատճառն այն է, որ այդ օրերին սկսում է Եվրանեստի խորհրդաժողովը:
«Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» որոշման նախագիծը օրակարգում ընդգրկելու մասին հարց բարձրացրեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Սերժ Սարգսյանի պաշտոնանկության բոլոր հիմքերը առկա են, բայց այդ գործընթացը չի կարելի անլրջացնել տարօրինակ իրավաբանական հիմնավորումներով եւ առանց նախապատրաստելու քաղաքական ուժերի աջակցությունը՝ գոնե հարցը քննարկման հասցնելու համար: Այդ մասին հայտարարեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
«2011 թվականի նոյեմբերի 25-ին Հայ ազգային կոնգրեսը՝ նախագծի հեղինակի մասնակցությամբ, Ազատության հրապարակում ընդունել է Սերժ Սարգսյանի պաշտոնանկության իրավաքաղաքական հիմքների հռչակագիրը, եւ հասկանալի չէ, թե ինչու՞ է պատգամավորը, առանց ԱԺ խմբակցությունների եւ, առաջին հերթին՝ իր խմբակցության հետ քաղաքական կոնսուլտացիա անցկացնելու, շեղվել հռչակագրի դրույթներից եւ ներկայացրել բոլորովին այլ բան: «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը, քանի որ գործընթացը ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական առումով նախապատրաստված չէ, եւ նման թույլ փաստաթղթին աջակցելը մեծ նվեր կլիներ Սերժ Սարգսյանի համար՝ ստեղծելով տպավորություն, թե իբր պաշտոնանկության որեւէ լուրջ հիմք չկա»,- նշեց Լեւոն Զուրաբյանը:
Այնուհետեւ սկսվեցին քննարկումներ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հեղինակած՝ «Հայաստանի Հանրապետությունում առաջացած կառավարման ճգնաժամը հաղթահարելու ուղիների մասին» ԱԺ հայտարարության նախագծի շուրջ: Ըստ հայտարարության՝ երկրում առաջացել է կառավարման համակողմանի ճգնաժամ, եւ ՀՀ Ազգային ժողովը անհրաժեշտ է համարում այն հաղթահարելուն ուղղված հրատապ քայլերի իրականացումը: Նշենք, որ «Հայաստանի Հանրապետությունում առաջացած կառավարման ճգնաժամը հաղթահարելու ուղիների մասին» հայտարարության նախագիծը ԱԺ էր ներկայացվել դեռեւս հոկտեմբերի 20-ին:
Իր ելույթում Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մանրամասն ներկայացրեց կառավարման ճգնաժամի քաղաքական, իրավական, տնտեսական հիմքերը՝ փաստարկներով ամփոփելով իշխող ռեժիմի բոլոր արատները:
«Ի՞նչ է այս ամենը, եթե ոչ կառավարման ճգնաժամ։ Էլ ի՞նչ պետք է արած լինեին Սերժ Սարգսյանը եւ նրա սպասավորները, որ մենք ընդունենք, որ երկիրը գտնվում է կառավարման խորը ճգնաժամի մեջ, եւ որ Հայաստանում պետք են քաղաքական եւ տնտեսական համակարգի հեղափոխական փոփոխություններ։ Սթափվեք, ժողովուրդն այսօր երկու ելք ունի. է՛լ ավելի մեծ քանակով արտագաղթել Հայաստանից՝ մոտեցնելով մեր երկիրը աղետի, կամ ոտքի կանգնել ու վերափոխել երկիրը։ Փետրվարի 20-֊ի հանրահավաքը չստացվեց, բայց դա չի նշանակում, որ մենք իրավունք ունենք դադարեցնել մեր պայքարը։ Մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսը մեր հանրության բոլոր առողջ ու պայքարի ունակ հանրությանը հրավիրում է Ազատության հրապարակ՝ քննարկելու այս ճգնաժամի հաղթահարման ուղիները»,- ելույթում հայտարարեց Լեւոն Զուրաբյանը։
Կառավարման ճգնաժամի վերաբերյալ ելույթներով հանդես եկան նաեւ Հայ ազգային կոնգրեսի պատգամավորներ Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Ստեփան Դեմիրճյանը:
Քննարկումները բուռն կերպով շարունակվեցին հաջորդ նիստին՝ փետրվարին 24-ին:
Իրենց դիրքորոշման օգտին ՀԱԿ ներկայացուցիչները թվարկեցին երկրի կառավարման համակարգում, սոցիալ-տնտեսական իրադրությունում առկա բազմաթիվ խնդիրները,  աճող գործազրկությունն ու աղքատությունը, անարդարության մթնոլորտը, կեղծված ընտրությունները, իշխանության կառույցների հանդեպ ժողովրդի վստահության բացակայությունը:
Ներկայացնելով ՀՅԴ դիրքորոշումը` պատգամավոր Արծվիկ Մինասյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ Հայաստանում կա կառավարման ճգնաժամ, բայց այն կրում է համակարգային բնույթ, իսկ այն հաղթահարելու համար անհրաժեշտ է գնալ միայն սահմանադրական բարեփոխումների ճանապարհով՝ անցնելով կառավարման խորհրդարանական ձևի, դրա այլընտրանքը արյունահեղությունն է ու գունավոր հեղափոխությունը:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարել էր, որ չի կարող որոշակի ասել, թե արդյոք Հայաստանի կառավարման համակարգում ճգնաժամ կա, սակայն, միանշանակ, կան լուրջ խնդիրներ, որոնք լուծելու ճանապարհով միայն կարելի է խուսափել ճգնաժամից:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հայտարարել էր, որ երկրում առկա խորը քաղաքական ճգնաժամի մասին են խոսում ԲՀԿ շուրջ գործընթացները: Նրա ասելով, եթե մեծությամբ երկրորդ քաղաքական ուժը մեկ ակնթարթում կարող է դուրս մղվել քաղաքական կյանքից, ապա դա խոսում է  այն մասին, որ երկրի համակարգն անհույս հիվանդ է, և դրա համար մեղքն ընկնում է, առաջին հերթին, իշխանության վրա:
Փետրվարի 25-ին խորհրդարանը շարունակեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Ազգային ժողովը կողմ՝ 16, դեմ՝ 65 եւ ձեռնպահ՝ 6 ձայներով չընդունեց Լեւոն Զուրաբյանի եւ Նաիրա Զոհրաբյանի նախաձեռնած «Հայաստանի Հանրապետությունում առաջացած կառավարման ճգնաժամի մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:
Չորեքշաբթի, Ազգային ժողովում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ծրագրի քննարկումների ժամանակ, ելույթ է ունեցել «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, որն անդրադարձել է, իր իսկ խոսքով՝ «մի քանի այլանդակ երեւույթների»՝ կապված գազի գնի հետ: Տեղի է ունեցել նաեւ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամ, որի ընթացքում նույն Արամ Մանուկյանը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի Ֆաբիան Սալվիոլին 2014-ի ընթքացքում՝ ապրիլին եւ դեկտեմբերին երկու նամակ է հղել ՀՀ կառավարությանը: Նամակներով կառավարությանն առաջարկվում էր պատասխանել, թե ինչ է արվել՝ Մարտի 1-ի դեպքերի քննության հետ կապված: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, ի պատասխան, խոստացավ զբաղվել հարցով եւ Արամ Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ ավելի մանրամասն պատասխանել:
Փետրվարի 26-ին էլ Աժ-ում ներկայացվեց Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2013թ. գործունեության մասին հաղորդումը, ինչի ժամանակ ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հիմնական զեկուցող, հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանին հարցրեց. «Հայ ազգային կոնգրես կուսակցությունը եւ Հայաստանի ժողովրդական կուսակցությունը մարտի 1-ին հանրահավաք են հայտարարել: Եթե մենք,  ըստ օրենքի՝ ձեզ հայտարարություն տանք, ընդամենը՝ վճարովի հայտարարություն, որ մարտի մեկին հանրահավաք է լինելու՝ կարո՞ղ եք ապահովել օրենքի գոյությունը՝ հանրային հեռուստատեսության հետ կապված»:
Հեռուստատեսային հեռարձակման խնդրիներին մանրամասն ելույթով անդրադարձավ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նա, մասնավորապես, նշեց եւ հիմնավորեց, որ անկախ հեռուստատեսության գոյությունը երկրում գործող  ռեժիմի համար մահի նման մի բան է:
Աժ-ի վերջին նիստին քննարկվեց նաեւ «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխված նախագիծը և հարակից մի շարք օրենքների նախագծերի փաթեթը: Մինչ այդ Կառավարությունը իր նիստում մերժել էր ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Լևոն Զուրաբյանի եւ Ռուբիկ Հակոբյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում էր փոփոխություններ կատարել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում: Նախագծերի փաթեթով առաջարկվում էր ներդնել ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորելու կամավորության սկզբունքը, որի դեպքում առևտրական գործունեություն ծավալող հարկատուն իրավունք կունենար ընտրել հարկի 3.5 տոկոս դրույքաչափի համակարգը և ազատվել ձեռքբերումները փաստաթղթավորելու գործող պահանջից, կամ ընտրել հարկի 1 տոկոս դրույքաչափի համակարգը` պարտավորվելով փաստաթղթավորել իրացվող ապրանքը:
Փետրվարի 27-ին տեղի ունեցած կառավարության արտահերթ նիստում որոշվեց առաջարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահին 2015 թ. մարտի 3-ին, ժամը 12:00-ին, գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` օրակարգում ընդգրկելով մի շարք օրինագծեր:
Հիշեցնենք նաեւ, որ փետրվարի 27-ին ԵՄ դեսպանատանը Հայ ազգային կոնգրեսի պատվիրակությունը` Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, հանդիպել էր Հայաստանում հավատարմագրված՝ Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ` վերջիններիս նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել էին Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող բազմաթիվ հարցեր:

Ողբերգական իրադարձություն տեղի ունեցավ Մոսկվայում: Փետրվարի 27-ի ուշ գիշեր Մոսկվայի կենտրոնում կրակոցով սպանվել է հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը: Սպանությունը տեղի էր ունեցել Կրեմլից բառացիորեն 200 մետր հեռավորությամբ, երբ Նեմցովն իր ուղեկցուհու հետ անցնելիս է եղել կամրջով: Բորիս Նեմցովը «ՌՀԿ Պառնաս» կուսակցության համանախագահն էր և մարտի 1-ին նախատեսված «Գարնան երթի» կազմակերպիչներից մեկը:

Եվ վերջում, հիշեցնենք, որ վաղը՝ կիրակի, մարտի 1-ն է, 2008 թ. սպանդի 7-րդ տարելիցը: Արդեն 7-րդ տարին է, ինչ մարտի 1-ը նշում ենք համազգային հանրահավաքով՝ առաջին հերթին նկատի ունենալով 2008 թվականի այդ օրվա 10 անմեղ զոհերին։ Եւ այդ օրը մարդկանց հրապարակ բերող անհանգստությունը տարեցտարի ոչ թե նվազում, այլ ավելանում է։
Ազատության հրապարակում, վաղը, ժամը 15:00-ին, կկայանա ՀԱԿ եւ ՀԺԿ համատեղ հանրահավաքը, ինչի ընթացքում ելույթով հանդես կգա ՀՀ Հիմնադիր Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Նախորդ հոդվածը‘Ղազախստանը ԵԱՀԿ ԽՎ-ին հրավիրել է դիտարկելու նախագահական ընտրությունները’
Հաջորդ հոդվածը‘ՔԿ-ն Նեմցովի սպանության առնվազն հինգ վարկած է առաջ քաշել’