‘Շաբաթվա անցուդարձ. Ամփոփում’

1354

Այս շաբաթը հագեցած չէր ներքաղաքական ակտիվ իրադարձություններով:

Թերեւս, շաբաթվա ամենաուշագրավ իրադարձությունները վերջին օրերին Սերժ Սարգսյանի հանդիպումներն էին մի քանի քաղաքական ուժերի պատվիրակությունների հետ՝ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումների շրջանակում:

Մարտի 12-ին, ինչպես հայտնել էր President. am-ը, Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպում էր ունեցել «Ժառանգության», Միավորված աշխատանքային կուսակցության, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», Հայոց համազգային շարժում, Ազատ դեմոկրատներ կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Ավելի վաղ Սերժ Սարգսյանը հանդիպել էր Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչների հետ: Հայ ազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը նշել էր, որ Կոնգրեսը նման հրավեր չէր ստացել: 

Հաջորդ օրը՝ մարտի 13-ին, Սերժ Սարգսյանը հանդիպել էր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ և ներկայացրել հանձնաժողովի կողմից մշակված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ իր տեսակետը՝ քաղաքական հավանություն տալով հայեցակարգին: Նույն օրը, ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն ասել էր, թե հնարավոր է, որ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների երկու փաթեթ ներկայացնի Ազգային ժողովի քննարկմանը:
 
Այլ իրադարձություններից ուշադրության են արժանի «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների՝ տեւական ժամանակ շարունակվող, թեպետ եւ՝ անարդյունք բողոքի ակցիաները՝ կուտակված աշխատավարձերի պարտքերի մարման պահանջով: Շաբաթվա սկզբին, երկուշաբթի՝ մարտի 9-ին, առավոտյան ժամը 7:30, գործարանում տեղի էր ունեցել բողոքի ակցիա, ինչի ընթացքում աշխատակիցները հանդիպել էին գործարանի գլխավոր տնօրենի հետ, ով ևս մեկ անգամ տեղեկացրել էր, որ ժամանակ է պետք աշխատակիցների կուտակված պարտքերը մարելու համար: Հաջորդ ցույցը կայացավ մարտի 12-ին,  Էներգետիկայի նախարարության շենքի դիմաց՝ նախարար Երվանդ Զախարյանի հետ հանդիպելու նպատակով: Վերջինս, ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ՝ խնդրել էր հանդիպումը տեղափոխել հաջորդ օր:
Մարտի 13-ին, արդեն նախարարի հետ կայացած հանդիպման արդյունքում, այդուհանդերձ, նաիրիտցիների խնդրո շուրջ որեւէ դրական տեղաշարժ չարձանագրվեց: Ըստ էության՝ նախարարը որեւէ նոր առաջարկ չներկայացրեց խնդրի հանգուցալուծման համար որպես այդպիսին կրկին առաջ քաշելով նույն ծրագիրը՝ վաճառել գործարանի քացախաթթվի արտադրամասի գույքը եւ ստացված գումարներով մարել պարտքերը: Թե ե՞րբ դա տեղի կունենա, որքա՞ն ժամանակ կտեւի այդ գործընթացը՝ բնականաբար, նախարարը խուսափել էր պատասխանել: Շաբաթ օրը նաիրիտցիները վերջին ակցիան անցկացրին նախագահական նստավայրի մոտ:

Հիշեցնենք նաեւ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած մի քանի այլ դեպքերի մասին:
 Մարտի 8-ին ռուսաստանյան սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայող, Հայաստանի քաղաքացի, 26-ամյա Արթուր Աֆյանին, որը կորել էր փետրվարի 21-ին, մեռած էին գտել Գյումրիից Մայիսյան գյուղ տանող ճանապարհին գտնվող սուպերմարկետի մոտ՝ կախված վիճակում:

Մարտի 11-ին, «Երևան մոլ» բազմաֆունկցիոնալ համալիրում պաշտոնապես բացվեց ֆրանսիական «Քարֆուր» առևտրային ցանցի հայաստանյան հիպերմարկետը: Հիպերմարկետի տարածքի նախնական վարձակալության պայմանագիրը «Քարֆուր»-ի և «Երևան մոլ»-ի միջև ստորագրվել է դեռևս 2014թ. մայիսի 13-ին:

 

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Սահմանադրական փոփոխությունների «շաբաթը», կամ՝ Իյա՜, իրո՞ք…’
Հաջորդ հոդվածը‘Բրազիլիայում ցույցեր են՝ ի պաշտպանություն երկրի նախագահի’