‘Շաբաթվա անցուդարձ. Ամփոփում’

1260

Անցած երեք եւ կես շաբաթները իսկական փորձություն էին հայաստանյան հասարակության համար: Գյումրիի իրադարձությունները՝ մի ամբողջ  ընտանիքի դաժան սպանությունը, մի քանի օր շարունակ լարվածության մեջ պահեցին ամբողջ Հայաստանը: Առանձին անդրադառնալով Գյումրիի դեպքերի քրոնիկոնին, այս ամփոփումով ներկայացնում ենք անցած շաբաթների ընթացքում տեղի ունեցած այլ` առավել ուշագրավ իրադարձությունները:

Նոր՝ 2015 թվականը սկսվեց Հայաստանի Հանրապետության՝  պաշտոնապես Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցելով: Հունվարի 2-ից Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) լիիրավ անդամ, որի կազմում են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: ԵԱՏՄ-ին միանալու վերաբերյալ պայմանագիրը ստորագրվել էր 2014 թ. հոկտեմբերին:

Դժբախտաբար՝ տարին սկսվեց եւ շարունակվում է հայ-ադրբեջանական սահմանային գոտում արձանագրված միջադեպերով: Հունվար ամսին, համաձայն պաշտոնական տվյալների, հայկական կողմը տվել է 11 զոհ: Հունվարի 12-ին հրավիրված խորհրդակցության ժամանակ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, թե տարվա սկզբից ի վեր հակառակորդի կողմից իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո արձանագրված թերությունների և հաջողությունների հիման վրա կազմել է 7 կետից բաղկացած հրաման: Օհանյանը հրամայել էր թույլատրել ԶՈւ միջին եւ ստորին օղակների հրամանատարներին՝ հակառակորդի նկատմամբ ինքնուրույն կանխարգելիչ գործողություններ իրականացնել:

Մեկ ուշագրավ տեղեկություն էլ, որ տարածվեց եւ հետաքրքրություն առաջացրեց մեր հասարակության մեջ, հունվարի առաջին օրերին Հայաստանում կայացած «օրենքով գողերի»  մեծ հավաքն էր: Հատկանշական էր, որ այդ հավաքը քրեական աշխարհում ոչ միայն ամենամեծն էր վերջին տասը տարիների ընթացքում, ինչը փաստում է նմանօրինակ միջոցառումների անցկացման դժվարության մասին, այլև՝  այն բացարձակապես որեւէ արգելք չունեցավ Հայաստանում եւ, ավելին՝  համաձայն ոստիկանության տարածած հաղորդագրության՝ նույնիսկ պաշտպանվեց մեր իրավապահ համակարգի կողմից:

Հետտոնական առաջին օրերի միջազգային լրահոսի կիզակետում էր Փարիզի կենտրոնում գտնվող Charlie Hebdo երգիծական թերթի խմբագրության վրա հարձակման ողբերգության լուրը: Երգիծական թերթի խմբագրության վրա հարձակման հետևանքով զոհվել էր 17 մարդ: Զոհվածների թվում էին Charlie Hebdo-ի գլխավոր խմբագիրը և առաջատար լրագրողները:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռուստաուղերձով դիմել էր ժողովրդին և համազգային սուգ հայտարարել: Կիրակի՝ հունվարի 11-ին, ի հիշատակ զոհերի՝ Ֆրանսիայի տարբեր քաղաքներում անցկացվել էին միասնության երթեր, որին մասնակցել էր ավելի քան երեք միլիոն մարդ:

Հունվարի 20-ին «Նաիրիտ» գործարանի հարյուրավոր աշխատակիցներ վերսկսեցին իրենց բողոքի ակցիաները աշխատավարձերի պարտքի մարման պահանջով: Ցույցը կայացավ նախագահական նստավայրի դիմաց: Հաջորդ ակցիան կայացավ երկու օր անց, ինչի ընթացքում քվեարկությամբ որոշվեց ցույցերը դարձնել ամենօրյա: «Նաիրիտ»-ի աշխատակիցներից ձեւավորված հանձնաժողովի ներկայացուցիչները տեղեկացրին, որ նախորդ օրը՝ հունվարի 21-ի երեկոյան, հանդիպում է կայացել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ: Վերջինս վստահեցրել էր, որ կառավարությունը չի հրաժարվում նաիրիտցիների պարտքի մարումից, բայց, միևնույն ժամանակ, պնդել է, որ կուտակված պարտքի գումարները պետք է գոյանան հենց «Նաիրիտ»-ի ունեցվածքի վաճառքի հաշվին: Խոսքը, հետագա վերագործարկման պարագայում՝ այլևս անպիտան սարքավորումները որպես գունավոր մետաղական հումք վաճառելու մասին է: Հաշվի առնելով, որ «Նաիրիտի» ամբողջ ունեցվածքը գրավադրված է միջպետական բանկում, Զախարյանի հավաստմամբ՝ բանակցությունները կողմերի միջև երկար են տևելու, ուստի աշխատավարձերի մարման ժամկետ նշելն անիրական է: Ինչպես եւ սպասվում էր, հաջորդ օրը, հունվարի 23-ին, նախագահական նստավայրի դիմաց նաիրիտցիները դարձյալ բողոքի ցուցի հավաքվեցին: Ցույցից հետո նրանք երթով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ: Գործարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անուշ Հարությունյանը տեղեկացրեց, որ հաջորդ հավաքը տեղի կունենա երեքշաբթի՝ ժամը 11:00-ին՝ կրկին նախագահականի դիմաց: Հիշեցնենք, որ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները շարունակում են պահանջել իրենց մոտ 18 ամսվա աշխատավարձերը, իսկ փետրվարին աշխատանքից կազատվեն մոտ 2 հազար նաիրիտցիներ, և կմնան մոտ 500-ը: Որոշ ժամանակ անց՝ աշխատողների թիվը կրճատվելու է ևս կիսով չափ՝ մինչև 250 հոգի: Տարբեր հաշվարկներով՝ գործարանը արդեն կուտակել է 300-400 մլն դոլարի պարտք:

Հայաստանի արտաքին քաղաքականությունը հերթական ձախողումն ունեցավ. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սերժ Սարգսյանին,  102 այլ երկրների ներկայացուցիչների թվում, հրավիրեց ապրիլի 24-ին մեկնել Թուրքիա՝ Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու: Ճիշտ է, Սերժ Սարգսյանը հաջորդ օրը պատասխան նամակով մերժեց այդ հրավերը՝ փորձելով իբր պատմության եւ քաղաքավարության դասեր տալ իր թուրք գործընկերոջը, սակայն ապտակն արդեն հասցած էր, եւ ոչ միայն Սերժ Սարգսյանին, այլեւ ողջ հայությանը, որովհետեւ ընդամենը ամիսներ առաջ էր Սարգսյանը  «սենսացիոն ու անսպասելի» քայլ արել` 2015-ի ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահին հրավիրել էր Երեւան: Վերջինս էլ, ահա, ծաղրելով Սարգսյանին` նրա հրավերին պատասխանելու փոխարեն, նույն օրվա համար մեկ այլ հրավեր էր ուղարկել:

Ներքաղաքական կյանքից. հունվարի 20-ին պիտի կայանար ոչ իշխանական քաղաքական-հասարակական ուժերի խորհրդաժողովը, սակայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի մահվան պատճառով, հետաձգեց խորհրդաժողովը: Այն կկայանա փետրվարի 5-ին:

Նախորդ հոդվածը‘Եղիսաբեթ II-ը դարձավ աշխարհի ամենատարեց միապետը’
Հաջորդ հոդվածը‘ՊՆ. Տավուշի դիրքերում մարտեր սադրած հակառակորդի ստորաբաժանումը գրեթե ոչնչացվել է’