‘Շաբաթվա անցուդարձ. Ամփոփում’

1115

Անցնող շաբաթվա գլխավոր իրադարձությունները ծավալվեցին «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի կասեցման պահանջով, մանր եւ միջին ձեռնարկատերերի՝ Կառավարության առջև կազմակերպած եւ մի քանի օր շարունակվող բողոքի ակցիաների շուրջ: Հիշեցնենք, որ նոր օրենքով շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցվել է մինչև 1 տոկոս, սակայն տնտեսվարողները պարտավոր են լինելու գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառություն ներկայացնելով: Նոյեմբերին ուժի մեջ մտնող օրենքի դեմ մանր և միջին ձեռնարկատերերի հուժկու բողոքի ակցիաներից հետո կառավարությունը ստիպված եղավ օրենքի գործողության ժամկետի սկիզբը նոյեմբերից հետաձգել մինչև փետրվար:
Այսպես, երկուշաբթի՝ հունվարի 26-ին, ոսկու շուկայի և մի շարք այլ տոնավաճառների աշխատակիցները կրկին փողոց էին դուրս եկել: Կառավարության շենքի դիմաց հավաքված առեւտրականների հիմնական պահանջն էր օրենքի կասեցումը, միաժամանակ՝ ցուցարարները ցանկանում էին, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դուրս գա կառավարության շենքից եւ հանդիպի իրենց հետ: Կառավարության նամակների բաժնի ղեկավարը առաջարկել էր պատվիրակություն կազմել և հանդիպել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, սակայն այդ առաջարկը մերժվել էր: Նշենք, որ ցուցարարների բողոքի հիմնական մեխն այն էր, որ կառավարությունը խոստացել էր մինչեւ փետրվարի 1-ը ստիպել խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին ապահովել փաստաթղթային մասը, եւ թեկուզ փետրվարի մեկին ընդամենը մի քանի օր է մնացել, սակայն, խոշոր գործարարները համապատասխան փաստաթղթային բազան չեն ապահովել, ինչն էլ հարուցել էր մանր ու միջին ձեռնարկատերերի զայրույթը: 
Հաջորդ օրը՝ հունվարի 27-ին, նույն պահանջով եւ նույն վայրում առեւտրականները շարունակեցին իրենց բողոքի ակցիան: Այս անգամ էլ վարչապետը չբարեհաճեց ցած իջնել, եւ ակցիայի մասնակիցներն իրենց ցույցն անվանեցին «Անարգանք՝ ընդդեմ անարգանքի» եւ ցույցն իրականացրին՝ մեջքով շրջվելով դեպի կառավարությունը: 
Հունվարի 28-ին, բնականաբար, ակցիաներ տեղի չունեցան: Այդ օրը Հայաստանը նշում էր ՀՀ Զինված ուժերի կազմավորման 23-րդ տարեդարձը: Հիշեցնենք, Հայկական բանակի ձևավորման կարևորագույն փուլ են համարվում 1988-1992 թվականները, որոնք համընկան արցախյան պատերազմի ակտիվ փուլի հետ:
 1991թ. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվեց Նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտե։
 1992թ. հունվարի 28-ին Հայաստանի կառավարությունը պատմական որոշում ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին»՝ դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը:
Բանակի օրվա առիթով Եռաբլուրը մարդաշատ էր: Նախեւառաջ, Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկներին այցելության էին եկել բարեկամները, մարտական ընկերները:
 Իրոք, ինչպես պետք է հետո պարզվեր, Եռաբլուր այցելելու՝ Սերժ Սարգսյանի միակ նպատակն էր՝ հերթական անգամ տգիտությամբ զարմացնել բոլորին: Փորձելով որքան հնարավոր է խելքին մոտ պատասխանել լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորում վերջին օրերին Ադրբեջանի  ագրեսիվ կեցվածքը, Սարգսյանը ասաց. «Պաշտանության նախարարը կմոտենա՝ իրեն կտաք հարցերը»: Սակայն լրագրողի հաջորդ հարցին, թե՝ ինքը համարվում է երկրի գերագույն գլխավոր հրամանատարը, Սարգսյանը հերթական անգամ պատասխանեց «բոցելով»: Նա ասաց՝ «իյա, իրո՞ք» ու բարձր ծիծաղելով հեռացավ: Հասարակության մեջ, սոցցանցերում համապատասխան արձագանքը չուշացավ:
Վերադառնալով փոքր եւ միջին ձեռնարկատերերի բողոքի ակցիաների թեմային՝ նշենք, որ հունվարի 29-ին Կառավարության շենքի դիմաց նրանք վերսկսեցին իրենց ցույցը՝ հայտարարելով, որ փոփոխություն չլինելու դեպքում փետրվարի 1-ից գործադուլ կսկսեն, ինչպես նաեւ նշեցին, որ չեն պատրաստվում Կառավարության ներկայացուցիչների հետ գնալ քննարկումների: Նրանց միայն հետաքրքրում էր իրենց նամակների պատասխանը: Բացասական պատասխանի դեպքում ցուցարարները նշեցին, որ այդ օրվանից կպահանջեն ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հրաժարականը, ով այս օրենքի «քավորներից» մեկն է: Այնուհետեւ ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի նախագահական նստավայր: Այստեղ ցուցարարներին հաջողվեց կարճ ժամանակով փակել Բաղրամյան պողոտան: Սակայն րոպեներ անց ոստիկանները կարողացան ցուցարարներին հեռացնել Բաղրամյան 26-ից դեպի դիմացի մայթ: Որոշ ժամանակ անց ցուցարարները ավարտեցին իրենց ակցիան՝ այդպես էլ որեւէ հստակ պատասխան չստանալով:
Գրեթե ամբողջ շաբաթ տեւած՝ տոնավաճառների աշխատակիցների բողոքի ալիքի հանգուցալուծումը տեղի ունեցավ հունվարի 30-ին, երբ կառավարության շենքի մոտ կրկին հավաքվել էին հարյուրավոր ձեռներեցներ, ովքեր պահանջում էին կասեցնել օրենքը: Սկզբում ցուցարարները նստացույց հայտարարեցին՝ պահանջելով, որ իրենց մոտ դուրս գա Հովիկ Աբրահամյանը: Մինչ այդ՝ Աբրահամյանը կառավարության նիստում անդրադարձել էր ցուցարարների պահանջին՝ հայտարարելով, որ կառավարության կողմից ցուցարարների բոլոր պահանջները կատարվել են: Այնուհետեւ ցուցարարների մի խումբ մտավ կառավարության շենք՝ վարչապետի հետ հանդիպելու նպատակով: Մոտ երկու ժամ տեւած հանդիպումից հետո կառավարության շենքից դուրս եկան 10 հոգանոց պատվիրակության ներկայացուցիչները եւ հայտարարեցին, որ հանդիպման ժամանակ Աբրահամյանը իրենց ասել է, որ երկուշաբթի կտա խնդրահարույց օրենքի վերաբերյալ իր նոր պատասխանը: Ցուցարարները պայամանավորվեցին երկուշաբթի առավոտյան գնալ ԱԺ մոտ, ապա՝ գնալ դեպի կառավարություն՝ լսելու կառավարության վերջնական պատասխանը:
Նույն օրը ԱԺ-ում տեղի ունեցավ Եռյակի այս տարվա առաջին նիստը, որի ընթացքում քննարկվեց հինգ հարց: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը Եռյակի անունից հայտարարեց, որ որոշում է կայացվել երկուշաբթի օրը ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու գործընթաց սկսել՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքում անհապաղ փոփոխություններ մտցնելու օրակարգով: Եռյակը անդրադարձ էր կատարել նաեւ հունվարի 12-ին Գյումրում տեղի ունեցած ողբերգությանը եւ որոշել  առաջարկ ներկայացնել ԱԺ նախագահին՝ հարցի քննարկման համար փակ խորհրդարանական լսումներ կազմակերպելու նպատակով: Եռյակը փետրվարի 2-ին, կրկին՝ արտահերթության կարգով քննարկման կներկայացնի կառավարման ճգնաժամի մասին հայտարարության նախագիծը, որը ՀՀԿ-ն ձախողել էր նախորդ նստաշրջանում:
 «Եռյակը քննարկել է նաեւ այլ հարցեր, այդ թվում՝ հետագա զանգվածային գործողությունների վերաբերյալ»,- հավելեց Ռուբիկ Հակոբյանը՝ տեղեկացնելով, որ փետրվար ամսից հետո ակնկալվում է երեք կուսակցությունների առաջնորդների հանդիպում: 

Հունվարի 28-ին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի մեծ պալատում մեկնարկեցին Դողու  Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով բողոքարկման լսումները: Հայաստանը, որպես երրորդ կողմ, ներգրավվել էր 2014 թ. սեպտեմբերի 20-ի դատարանի որոշմամբ: Հայաստանը դատարանում ներկայացնում էին միջազգային հայտնի իրավապաշտպաններ Ջեֆրի Ռոբերտսոնը և Ամալ Քլունին: ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի համոզմամբ՝ Հայաստանի խնդիրն է հասնել նրան, որ ՄԻԵԴ վճռում տեղ չգտնեն այնպիսի ձևակերպումներ, որոնցում Հայոց ցեղասպանության պատմական փաստը կդրվի կասկածի տակ կամ հնարավոր կդարձնի դրա անբարեխիղճ մեկնաբանությունները: Սովորաբար՝ դատարանը որոշումը հրապարակում է դատական նիստից 4-5 ամիս անց: Հետաքրքրական զուգադիպությամբ՝ դա գրեթե համընկնում է Հայոց ցեղասպանության 100-ամյակի օրերի հետ:

Իսկ Հունվարի 27-ին, Հոլոքոսթի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ում կայացած միջոցառման ժամանակ ծավալուն ելույթում Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը խոսել էր նաև Հայոց ցեղասպանության մասին,մասնավորապես՝ նշելով, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում ավելի քան մեկ միլիոն հայ է սպանվել, եւ ընդգծել էր՝ «մինչ օրս Իսրայելը դա չի ճանաչել որպես Ցեղասպանություն»:

Հունվարի 29-ին ավարտվեց դերասան Վարդան Պետրոսյանի դատական գործը: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանը 5 տարվա ազատազրկման դատապարտվեց Վարդան Պետրոսյանին: Նա մեղավոր ճանաչվեց իր դեմ առաջադրված մեղադրանքով: Նշենք նաեւ, որ դատարանը 2 տարով դերասանին զրկեց մեքենա վարելու իրավունքից:

Հայաստանի գիտա-մշակութային կյանքը, անկասկած, հարստացավ. հունվարի 29-ին  Երեւանում բացվեց Կոմիտասի թանգարան-ինտիտուտը: Կառույցը, որի ճարտարապետն է Արթուր Մեսչյանը, հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով, ունի համերգասրահ, մշտական և ժամանակավոր ցուցադրությունների հնարավորություն: Թանգարանի շրջանակում կգործեն գիտահետազոտական կենտրոնը, համերգային դահլիճը, երաժշտական ստուդիան, գրադարանը, հրատարակչությունը:
 Նախագծի հեղինակ և ճարտարապետ Արթուր Մեսչյանը հույս ունի, որ կառույցը կծառայի իր նպատակին: «Հուսով եմ, որ Կոմիտաս վարդապետի թանգարան-ինստիտուտը կբերի որոշակի որակական փոփոխություններ մեր մտածողության և մշակութային զգացողության մեջ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ կանեն մարդիկ, ովքեր թանգարանում են: Թանգարանը մարդիկ են, միայն կառույցը չէ: Ճարտարապետությունն իր տեղն ունի, բայց թանգարանը մարդիկ են, այն միջավայրն է ու օդը, որի մեջ պետք է դաստիարակվեն մեր երեխաները: Գլխավորապես՝ մտածում էի եկող սերնդի մասին, կարծում եմ՝ ստացվել է: Ես Կոմիտաս վարդապետի նկատմամբ ազնիվ եմ եղել», -նշեց Արթուր Մեսչյանը:

Իսկ շաբաթվա վերջին հայտնի դարձան ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ուշագրավ նոր տվյալներ, որոնց համաձայն՝ 2014 թվականի ընթացքում Հայաստանից անվերադարձ հեռացել է ավելի քան 47 հազար ՀՀ քաղաքացի, ինչը 5 հազարով կամ շուրջ 12 տոկոսով գերազանցում է 2013-ի ցուցանիշը: Այսպիսով, Սերժ Սարգսյանի պաշտոնավարության 7 տարիների ընթացքում, զուտ պաշտոնական ցուցանիշների համաձայն, Հայաստանից արտագաղթել է 330 հազար հայաստանցի: Ոչ պաշտոնական ցուցանիշներով՝ թիվը հասնում է 380 հազարի:

Նախորդ հոդվածը‘Որևէ սցենար բացառել չի կարելի. Վահան Բաբայան’
Հաջորդ հոդվածը‘Մերկելը Հունաստանի պարտքերը ներելու հիմքեր չի տեսնում’