‘Շաբաթվա համառոտ ամփոփում’

1078

Շաբաթվա սկզբում հայտնի դարձավ գրողների միության նոր նախագահի անունը: Արտահերթ համագումարում ձայների մեծամասնությամբ ընտրվեց Էդվարդ Միլիտոնյանը՝ 199 ձայն: 

Հոկտեմբերի 20-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով զոհվեցին երկու 16-ամյա տղաներ, իսկ հարվածող ավտոմեքոնայի ղեկին էր հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը, ով մինչ օրս գտնվում է վերակենդանացման բաժնում: 

Երկուշաբթի օրը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայտնել է, որ նոր ընտրական փուլում չի գլխավորելու Հայաստանի ազգային հավաքականը: 

Հոկտեմբերի 22-ը սկսվեց տխուր լուրով. կրկին ավտովթարի հետևանքով զոհվեց Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Երվանդ Ենգիբարյանը, ում ավտոմեքենան բախվել էր էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել: 

Նույն օրը հայտնի դարձավ, որ ձերբակալվել է ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Յուրիկ Վարդանյանի որդին, ով մեղադրվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության և մաքսանենգության մեջ: 

Երևանում կայացավ ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի հերթական 14-րդ նիստը, որի ժամանակ կողմերը քննարկեցին Եվրոպական հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության շրջանակներում ՀՀ-ԵՄ համագործակցությունը, առևտրատնտեսական և երկկողմ հարաբերությունների ապագային առնչվող հարցեր: 

Հոկտեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ պատվիրակությունների կարգավորման և դրանց գործունեության նոր կարգը հիմնականում իրականացնելու է  ԱԺ նախագահը, որից կարելի է ենթադրել, որ ներկայիս պատվիրակությունները կենթարկվեն փոփոխությունների: Մասնավորապես՝ խորհրդակցությունից հետո Ժառանգություն խմբակցությունը հանվել է ԵԽԽՎ պատվիրակության կազմից: Այս մասին հայտնել է կուսակցության նորանշանակ ղեկավար Զարուհի Փոստանջյանը: 

Նույն օրը Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացված «Զբաղվածության մասին օրենքը»: Օրենքի համաձայն գործազուրկներին մինչ այժմ վճարվող 18.000-ական դրամ նպաստն այլևս չի վճարվի, փոխարենը կբարձրացվեն պետական պաշտոնյաների աշխատավարձերը: 

Հինգշաբթի օրը վաղ առավոտից լարված վիճակ էր Բյուզանդի 87/1 հասցեում, որտեղ Բարսեղ Բեգլարյանին (Ֆլեշի Բարսեղին) պատկանող «ՖԼԵՇ» ՍՊԸ-ն իրականացնում էր 16 հարկանի շենքի շինարարություն: Տեսնելով բանվորների և տեխնիկայի մուտքը շինհրապարակ՝ հարակից շենքերի բնակիչները փորձել են նորից կասեցնել շինարարությունը, սակայն տեղում հայտնված Ֆլեշի Բարսեղի սադրիչները ուժ և սպառնալիքներ են կիրառել բողոքող բնակիչների նկատմամբ:  

Աջափնյակ և Դավթաշեն համայքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Սյունիքի մարզի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հայցի քննությունն ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի, ում Խաչատրյանը՝ հայտնի Լիսկան, մեղադրում է զրպարտության մեջ և պահանջում 1.5 մլն դրամի փոխհատուցում: Հոկտեմբերի 24-ի դատաքննության ընթացում առաջացած խնդիրների պատճառով դատական դահլիճ ներկայացավ Լիսկան, ով լիազորելով իր փաստաբանին՝ առանց որևէ մեկնաբանության լքեց դահլիճը: 

Նույն օրը մոտ մեկ ամիս առաջ կալանավորված ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը մամլո ասուլիսի ժամանակ հայտնեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ օրեր առաջ ՊՆ քննչական մարմինը խարդախություն կատարելու համար նոր մեղադրանք է առաջադրել: 

Հոկտեմբերի 25-ին «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնող խումբն իրազեկման երթով շարժվեց դեպի Նոր Նորքի զանգվածում գտնվող «Երեւան Սիթի» սուպերմարկետ, որտեղ տեղի ունեցավ ընդհարում դեղին գլխարկով ակտիվիստների և կարմիր բերետավորների միջև:  

Ուրբաթ օրը շարունակվեց «Հարսնաքարի գործով» հերթական դատավարությունը, որի ժամանակ տուցմունք տվեցին տուժողներ Արտակ Բայադյանը և Գարիկ Սողոմոնյանը, ինչպես նաև հայտարարությամբ հանդես եկան ամբաստանյալները: Իսկ նախորդ դատին, որը տեղի էր ունեցել հոկտեմբերի 21-ին, ցուցմունք էր տվել տուժող Էդգար Նիկոյանը՝ հիմնվելով ամբաստանյալների կողմից վերջերս տրված ինքնախոստովանական ցուցմունքների: 

Հայաստանի մասնակցությունը ՄՄ-ին չի կարող լինել նույն ձևաչափով, ինչ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի մասնակցությունն է, թեկուզ այն պատճառով, որ Հայաստանն ընդհանուր սահմաններ չունի այդ ինտեգրացիոն նախագծի հետ: Այս մասին ուրբաթ օրը Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:  

Նույն օրը Սերժ Սարգսյանը խնդրել է հնարավորինս արագ Հայաստանին ընդունել Մաքսային միության կազմի մեջ: 

Այսքանն էին անցնող շաբաթ տեղի ունեցած հիմնական իրադարձությունները:

 

Նախորդ հոդվածը‘Երևանն ու Մարսելը համագործակցելու են նաև առողջապահական ծրագրերով’
Հաջորդ հոդվածը‘Հարգանքի տուրք Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին. Տեսանյութ’