‘Շաբաթվա համառոտ ամփոփում’

1136

Երկուշաբթի առավոտյան, առանց որևէ հիմնավոր պատճառի, փակվել է էլեկտրացանցի խոշոր սպառողների սպասարկման բաժինը, իսկ 41 աշխատակիցները մնացել են գործազուրկ: Այս կապակցությամբ էներգետիկները կազմակերպել էին բողոքի ցույց՝ պահանջելով  ՀԷՑ ղեկավար Եվգենի Բիբինի հրաժարականը: 

«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնությունը կենսաթոշակային կուտակային պարտադիր համակարգը հանրապետությունում ներդնելու կապակցությամբ հանրաքվե անցկացնելու պահանջ է ներկայացրել: 

Նոյեմբերի 18-ին Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Հարսնաքարի» գործով հերթական դատավարությունը: Դատական վիճաբանությունների փուլում ճառով հանդես եկավ Վահե Ավետյանի իրավահաջորդի և մյուս տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը: 

Ըստ դատարանի որոշման՝ Կոմիտաս 5-ի բնակիչները պարտավորվում են կառուցապատողին վճարել 40.600 դոլարի չափով փոխհատուցում: 

Երեքշաբթի օրը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, որից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպման արդյունքներով տարածել են մամլո հաղորդագրություն

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել, ըստ որի Շանթ Հարությունյանը առաջիկա օրերին կտեղափոխվի «Նուբարաշեն» հոգեբուժարան`ստացիոնար փորձաքննության ենթարկելու համար: 

Նոյեմբերի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում, որի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 5 մարդ:  

«Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը ՀՀ Կառավարությանն է ուղարկել հարցապնդում, որով ցույց է տալիս, որ Հայաստանում կոռուպցիան համակարգային է և կազմում է մի բուրգ, որի գագաթը բարձրագույն պետական պաշտոններ զբաղեցնող անձինք են:  

Վարչապետ Տիգրան Սարգսյանն չորեքշաբթի առավոտյան Սանկտ Պետերբուրգում հանդիպում է ունեցել Ղազախստանի վարչապետ Սերիկ Ախմետովի և Ռուսաստանի դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:     

Հայտարարություններով են հանդես եկել «Մենք ենք այս քաղաքի տերը» և «100 աստիճան» նախաձեռնություննների անդամները: Իսկ «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնությունը բաց նամակ է ուղղել ԱԺ` իրենց աջակցած պատգամավորներին:  

Հայտնի են դարձել Հրաչյա Հարությունյանի գործով հոգեբուժական և ավտոտեխնիկական փորձաքննությունների արդյունքները:  

Հինգշաբթի օրը, «Նաիրիտ» գործարանի մոտ 100 աշխատողներ հավաքվել էին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության շենքի մոտ, որպեսզի նախարարին ներկայացնեն աշխատավարձի գծով կուտակված պարտքը մարելու իրենց պահանջը: 

Նույն օրը, Կառավարութան շենքի դիմաց ավանդաբար բողոքի ակցիաներ անցկացնող քաղաքացիների խմբերին միացել էին պարտադիր կուտակային կենսաթոշակի դեմ արտահայտվող քաղաքացիները, ինչի կապակցությամբ ոտիկանությունը մեծաքանակ ուժեր էր կուտակել` փակելով փողոցի երթեւեկությունը:  

Նոյեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն հայտնել է, որ Carrefour ֆրանսիական ռիթեյլերի`հայաստանյան շուկա մուտք գործելու և Վիլնյուսի գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի և ԵՄ միջև փաստաթղթի հնարավոր ստորագրման շուրջ  բանակցություններ են ընթանում: 

Ազատամարտիկների հերթական հանրահավաքի ժամանակ ելույթ է ունեցել ՀԱԿ ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը: 

Նոյեմբերի 22-ին նշվում է հայկական դրամի թողարկման 20-ամյակը, ինչի կապակցությամբ iLur.am-ը զրուցել է Բագրատ Ասատրյանի հետ, ով լինելով Գերագույն Խորհրդի անդամ՝ իր անմիջական մասնակցությունն է ունեցել հայկական դրամի ստեղծման գործում: 

Օրերս Տոկիոյի երկու գիտական ամսագրերում ճապոներեն լեզվով հրատարակվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի «Հայ հին թարգմանական գրականություն» գիրքը, որի հայերեն բնօրինակը լույս է տեսել դեռեւս 1984 թվականին:  

Կրկին մարդաշատ ցույց էին կազմակերպել Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի մասնաճյուղի աշխատակիցները, որոնց այս անգամ հանդիպել է ՀԷՑ տնօրենի անվտանգության գծով տեղակալ Զալատուխինը:  

Ուկրաինայում Հազարից ավելի մարդ է դուրս եկել փողոց՝ ընդդեմ ուկրաինական իշխանությունների՝ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը կասեցնելու որոշման:

Այսքանն էին շաբաթվա հիմնական իրադարձությունները. սպասենք հաջորդին: 

Նախորդ հոդվածը‘Ովքե՞ր են ներկայիս ամենամեծ կարողությունն ունեցող նկարիչ-դիզայներները (Ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի վարչապետը պատրաստ է հրաժարական տալ’