‘Շաբոյանը շաքարավազի շուկայի «իննսունքանի» տոկոսին տիրապետելը նորմալ է համարում’

1506

Պետությունը մենաշնորհն օրինականացնելու եւ Սահմանադրության պահանջը շրջանցելու փայլուն հնարք է մտածել, Ազգային ժողովում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2015-ի գործունեության ծրագրի ներկայացման ժամանակ ասաց Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նա երկու հարց ուղղեց զեկույցը ներկայացնող ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին:

Զուրաբյանը նշեց, որ տնտեսագետներ Հայկ Սարգսյանի եւ Աշոտ Մարկոսյանի հեղինակած «Հայաստանի տնտեսության վերափոխումները եւ վերելքի հեռանկարները» հետազոտության համաձայն՝ պարենային ապրանքների շուկաների մեծ մասում 1-2 տնտեսվարողներ են ներկրում իրականացնում: Այսպես, շուկաների 39%-ի դեպքում մեկ սուբյեկտ է ներկրում,  32%-ի դեպքում՝ երկու, 26 տոկոսում՝ երեք սուբյեկտ, եւ միայն վերջին 3-4%-ի դեպքում է, որ չորս կամ ավելի սուբյեկտներ են ապրանք ներկրում:

Հետազոտության համաձայն՝   խոզի, տավարի, հավի մսի, բուսական յուղի, կարագի, ալյուրի, սուրճի, ցորենի եւ մի շարք այլ շուկաների պարագայում ներմուծվող ապրանքը վաճառվում է 100-ից մինչեւ 255 տոկոս թանկ գնով:  «Ընդ որում՝ սա չի վերաբերում առեւտրական կազմակերպություններին, որովհետեւ նրանց վերադիրը շատ փոքր է: Եվ հետազոտությունների հեղինակները գալիս են այն եզրակացության, որ այս գերշահույթներն ստանում են ներկրողները», — նշեց Զուրաբյանը՝ հավելելով, որ, փաստորեն, ՏՄՊՊՀ-ն թերացել է ներկրողների գերիշխող դիրքի չարաշահման դեմ պայքարում:

Ի պատասխան՝ Արտակ Շաբոյանը նշեց, որ համաձայն օրենսդրության՝ շահույթի չափը չարաշահման հիմք չի հանդիսանում, եւ մեր երկրում տնտեսվարողների համար շահույթների չափերը նորմավորված չեն:

«Ինչ վերաբերում է ներկայացված թվերին, պաշտոնապես հայտարարում եմ, դրանք իրականությանը չեն համապատասխանում: Մեր երկրում այդպիսի գերշահույթներ չկան, այդպիսի շահութաբերություն ունեցող տնտեսվարողներ չկան», — ասաց Շաբոյանը: Նա կասկած հայտնեց մեջբերված հետազոտության մեթոդաբանության հավաստիության կապակցությամբ:

Շաքարավազի շուկայում «թղթերով» ամեն ինչ կարգին է

Լեւոն Զուրաբյանը ՏՄՊՊՀ նախագահին հարց ուղղեց նաեւ շաքարավազի ներկրման շուկայում առկա մենաշնորհի մասին: Մեջբերելով Սահմանադրության 31.1 հոդվածը՝ պատգամավորը նշեց, որ մենաշնորհներ կարող են սահմանվել միայն օրենսդրությամբ, մինչդեռ շաքարավազի շուկայում Սամվել «Լֆիկ» Ալեքսանյանի «Ալեքս Գրիգի» մենաշնորհը օրենսդրորեն չի կարգավորվում:

Ըստ Արտակ Շաբոյանի՝ այստեղ էլ «թղթերով ամեն ինչ կարգին է»: Նրա խոսքով, Հայաստանի օրենսդրությամբ մենաշնորհ լինում է այն դեպքում, երբ շուկան 100%-ով տիրապետում է  մեկ ընկերություն:

«Եթե օրենքի լեզվով խոսենք, ապա շաքարավազի շուկայում կան նաեւ այլ ներկրողներ, ճիշտ է՝ փոքր ներկրողներ են դրանք, բայց եթե օրենքի լեզվով վերցնենք, «Ալեքս Գրիգ» ընկերությանը պատկանում  է իննսունքանի տոկոսը», — ասաց Շաբոյանը:

Արձագանքելով՝ Լեւոն Զուրաբյանը փաստեց, որ ստեղծվել է մենաշնորհի օրինականացման  փայլուն հնարք:

«Ընդամենը պետք է 1 տոկոսը թողել մեկ այլ տնտեսվարողի, եւ դու արդեն մենաշնորհ չես: Դուք սողանցք եք թողել, որ շուկայի 97-98 տոկոսին տիրապետողը պրոբլեմներ չունենա Սահմանադրության եւ օրենքների հետ: Ձեր պատասխանից դա է հետեւում», — ասաց նա: 

Նախորդ հոդվածը‘Տեղի ունեցավ Կարեն Ջանիբեկյանի վերջին հրաժեշտի արարողությունը’
Հաջորդ հոդվածը‘Կործանված ինքնաթիռում եղել են նաև Ղազախստանի քաղաքացիներ’