‘Շաբոյանը պաշտպանում է խոշոր ներկրողների և արտադրողների շահերը’

1155

Այսօր ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը ևս մեկ անգամ ապացուցել է, որ իր ղեկավարած կառույցը աննպատակ ծախսում է հարկատուների գումարները, իսկ տնտեսական մրցակցությունը պաշտպանելու փոխարեն պաշտպանում է խոշոր ներմուծողների շահերը: Օրինակ, ըստ Շաբոյանի Հայաստանում այս պահի դրությամբ գների փոփոխությունները մեծ հաշվով համարժեք են փոխարժեքի տատանումներին: «Հասարակության լայն շերտերին հետաքրքրող ապրանքների գծով ուսումնասիրությունների արդյունքներով՝ գնային փոփոխությունները տատանվում են 2-12 տոկոսի շրջանակներում, այսինքն` այդ փոփոխությունները մեծ հաշվով համահունչ են փոխարժեքի փոփոխություններին, քանի որ դրամն արժեզրկվել է 13-14 տոկոսով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Շաբոյանը:

Որպես օրինակ Շաբոյանի ուշադրությունը հրավիրենք գազալցակայաններում գազի գնի վրա, որն այսօրվանից դարձել է 230 դրամ՝ նախկին 190-ի փոխարեն՝ այսինքն՝ թանկացել է 21 տոկոսով: Համահու՞նչ է: Անհամունչ է թանկացել բրինձը, հնդկաձավարը: Տեղական արտադրության կաթնամթերքը նույնպես թանկացել է: Բայց այս ամենի համար Շաբոյանը պատասխաններ ունի: Բրինձը և հնդկաձավարը թանկացել են. որովհետև Ռուսաստանում է գինը թանկացել է, կաթնամթերքը թանկացել է. որովհետև Հայաստանում կովերը ձմռանը քիչ կաթ են տալիս, և քանի որ կաթնամթերքի ինքնարժեքի մեջ մտնող որոշ ապրանքներ ներմուծվում են:

Դե մի քանի ապրանք էլ կա, որ իրոք համահունչ են թանկացել, բայց դա այնպիսի ապրանքներ են, որոնք Հայաստանի բնակչության մեծ մասը ընդհանրապես չի գնում:

Մի խոսքով՝ Շաբոյանը այսօր կատարել է իր հիմնական գործառույթը՝ պաշտպանել է խոշոր ներկրողների և արտադրողների շահերը:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Աքացի՝ պետությանն ու հաղթանակին’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ քաղաքացիները Հայաստան կայցելեն առանց վիզայի’