Շախմատի Հայաստանի հավաքականը՝ Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն

341

Շախմատի Հայաստանի հավաքականը դարձավ 44-րդ Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն։ Արման Փաշիկյանի գլխավորած թիմի կազմում խաղացին Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը։

Օգոստոսի 9-ին կայացած վերջին՝ 11-րդ տուրում հայ շախմատիստները 2,5-1,5 հաշվով առավելության հասան Իսպանիայի հավաքականի նկատմամբ, սակայն զուգահեռաբար ընթացող մրցամարտում Ուզբեկստանի հավաքականը նույն հաշվով ուժեղ գտնվեց Նիդերլանդների թիմից ու պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնի կոչումը։

Հայաստանի և Ուզբեկստանի հավաքականները մրցաշարն ավարտեցին 19-ական միավորով։ Լրացուցիչ ցուցանիշներով ուզբեկները գրավեցին առաջին տեղը։

Բրոնզե մեդալակիր դարձավ Հնդկաստանի 2-րդ թիմը, որը վերջին տուրում 3-1 հաշվով հաղթեց գերմանացիներին և վաստակեց 18 միավոր։ ԱՄՆ-ի հավաքականը, որի կազմը վերջերս համալրել էր Լևոն Արոնյանը, 16 միավորով բաժանեց 4-6-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով գրավելով 6-րդ հորիզոնականը։

Հիշեցնենք, որ նախորդ 10 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել էր Ադրբեջանին (3-1), Մադագասկարին (4-0), Անդորրային (3-1), Եգիպտոսին (2,5-1,5), Ավստրիային (3-1), Անգլիային (2,5-1,5), Հնդկաստանի 2-րդ (2,5-1,5) և 1-ին (2,5-1,5) թիմերին, ոչ-ոքի էր խաղացել ամերիկացիների հետ (2-2) ու պարտվել Ուզբեկստանին (1-3):

Հայաստանի հավաքականն առաջին անգամ դարձավ Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն։ Հայաստանի թիմն Օլիմպիադայի եռակի հաղթող (2006, 2008, 2012) ու եռակի բրոնզե մեդալակիր է (1992, 2002, 2004)։

Կանանց Հայաստանի հավաքականը վերջին տուրում հաղթեց խորվաթներին և, վաստակելով 16 միավոր, զբաղեցրեց 10-րդ տեղը։ Կանանց Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված էին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը , Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը։

Նախորդ հոդվածըՎիրավորվել են ՊԲ պայմանագրային զինծառայողներ
Հաջորդ հոդվածըՏիգրան Պասկեւիչյան. Ինչպես էր կառուցվում միացումը. Ալիք Մեդիա