‘Շախմատի Հայաստանի հավաքականը` Եվրոպայի փոխչեմպիոն’

884

Շախմատի Հայաստանի հավաքականը (Լևոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, Սերգեյ Մովսեսյան, Հրանտ Մելքումյան, Կարեն Գրիգորյան) Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում անցկացված Եվրոպայի թիմային առաջնությունում դարձավ արծաթե մեդալակիր:

Վերջին՝ 9-րդ տուրում մեր ընտրանին 3:1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Վրաստանի թիմի նկատմամբ: Առաջին և երրորդ խաղատախտակների վրա Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսեսյանը սպիտակ խաղաքարերով հաղթեցին Բահադուր Ջոբավային ու Լուկա Պայչաձեին: Երկրորդ և չորրորդ խաղատախտակների վրա Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղացին Մչեդիշվիլիի և Գագունաշվիլիի հետ:

ՀայաստանՎրաստան՝ 3:1

  • Լևոն Արոնյան – Բահադուր Զոբավա՝ 1:0
  • Միխեյիլ Մչեդիշվիլի – Գաբրիել Սարգսյան՝ ½:½
  • Սերգեյ Մովսեսյան – Լուկա Պայչաձե՝ 1:0
  • Մերաբ Գագունաշվիլի – Հրանտ Մելքումյան՝ ½:½

Այսպիսով, Հայաստանի հավաքականը վաստակեց 13 միավոր: Նույնքան միավոր ունեն նաև Ֆրանսիան ու Հունգարիան, որոնց մեր ընտրանին գերազանցեց լրացուցիչ ցուցանիշներով: Բրոնզե մեդալակիր դարձավ Ֆրանսիայի ընտրանին, իսկ չեմպիոնական տիտղոսը նվաճեց Ռուսաստանի հավաքականը, որը 9 տուրում 15 միավոր վաստակեց:

Հայաստանի կանանց հավաքականը վերջին տուրում 3.5:0.5 հաշվով հաղթեց Չեխիային: Մեր ընտրանու առաջատար Էլինա Դանիելյանը, Լիլիթ Գալոյանը և Մարիա Կուրսովան հաղթանակներ տարան, իսկ երկրորդ համար Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց: Կանանց Հայաստանի հավաքականն առաջնությունն ավարտեց 10 միավորով և զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը:

Կանանց պայքարում ևս ոսկե մեդալակիր դարձավ Ռուսաստանի ընտրանին, որը վաստակեց 17 միավոր: Երկրորդ հորիզոնականը 15 միավորով զբաղեցրեց Ուկրաինայի ընտրանին, իսկ Վրաստանը եզրափակեց լավագույն եռյակը` 14 միավոր:

Նախորդ հոդվածը‘ԵԱ. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց առաջատար Ռուսաստանի հետ’
Հաջորդ հոդվածը‘Ի՞նչ են գրում մադրիդյան թերթերը. «Հիասթափված երկրպագուները խաղից հետո բացականչում էին. «Ֆլորենտինո, հեռացի’ր»’