‘Շախմատի 43-րդ օլիմպիադա. Լիլիթ Մկրտչյանի հաղթանակը բավարար չէր օլիմպիական չեմպիոններին հաղթելու համար’

2885

Հայաստանի կանանց հավաքականը Բաթումում ընթացող շախմատի համաշխարհային 43-րդ օլիմպիադայի 5-րդ տուրում ոչ-ոքի ավարտեց հանդիպումն օլիմպիական գործող չեմպիոն Չինաստանի ընտրանու հետ:

Առաջինն իր մրցախաղն ավարտած Աննա Սարգսյանը հաշտություն կնքեց Խուան Ցյանի հետ: Քիչ անց նրա օրինակին հետևեց նաև Էլինա Դանիելյանը, ով խաղում էր Ցզյույ Վենցզյունի հետ:

Երկրորդ խաղատախտակի վրա հանդես եկող Լիլիթ Մկրտչյանի հիանալի խաղի շնորհիվ Հայաստանի հավաքականին հաջողվեց հաշվի մեջ առաջ անցնել մրցակցից: Լիլիթը հաղթեց Շեն Յանին՝ տոնելով օլիմպիադայում 2-րդ հաղթանակը:

Բայց ցավոք Լիլիթի հաղթանակը բավարար չէր ընդհանուր հաջողության համար: Լեյ Տինցզեի հետ մրցավեճում 2 զինվոր պակաս ունեցող Մարիա Կուրսովան պարտություն կրեց և մրցախաղի հաշիվը հավասարվեց:

Այսպիսով, 4 անընդմեջ հաղթանակներից հետո Հայաստանի կանանց հավաքականն օլիմպիադայում առաջին միավորը կորցրեց՝ զիջելով նաև առաջատարների խմբում զբաղեցրած իր դիրքերը:

Նախորդ հոդվածը‘Շախմատի 43-րդ օլիմպիադա. Հայ շախմատիստները զիջեցին ադրբեջանցիներին’
Հաջորդ հոդվածը‘Զլատան Իբրահիմովիչ. Արժանի՞ էր Սալահի գոլը տարվա լավագույնի կոչմանը…’