‘Շախմատի 43-րդ օլիմպիադա. Հայտնի են Հայաստանի հավաքականների հերթական մրցակիցները’

2986

Բաթումում ընթացող շախմատի համաշխարհային 43-րդ օլիմպիադայում մրցանակային տեղերի համար պայքարը գնալով ավելի թեժ բնույթ է ստանում: 5-րդ տուրի մրցախաղերն էլ զգալի փոփոխություններ մտցրին առաջատարների խմբում:

Հայաստանի տղամարդկանց հավաքականն ադրբեջանցիներից կրած պարտությունից հետո 8 միավորով նահանջեց  17-րդ հորիզոնական: Իսկ ահա Ադրբեջանի հավաքականը 10 միավորով պահպանեց տեղն 1-ին հորիզոնականում՝ լրացուցիչ գործակիցներով գերազանցելով նույնպիսի արդյունք ունեցող չեխերին, լեհերին և ուկրաինացիներին:

Երեկ օլիմպիադայում հանգստյան օր էը, իսկ այսօր կայանալիք 6-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի 43-րդ վարկանիշն ունեցող մակեդոնացիների հետ, որոնք նախորդ տուրում 2,5-1,5 հաշվով հաղթել էին հույներին: Մակեդոնիայի հավաքականը 8 միավորով 20-րդ տեղում է:

Կանանց մրցաշարում ոչ-ոքի ավարտելով մրցախաղն օլիմպիական գործող չեմպիոն Չինաստանի հավաքականի հետ, հայ շախմատիստուհիները 2 հորիզոնականով բարձրացան և այժմ 9 միավորով զբաղեցնում են 5-րդ տեղը: Նույնքան միավոր ունեն նաև Չինաստանի, Ուկրաինայի, Հնդկաստանի, Վրաստանի առաջին և երկրորդ հավաքականները:

Իսկ աղյուսակը 10 միավորով միանձնյա գլխավորում է ԱՄՆ-ի հավաքականը, որի կազմում հանդես է գալիս Տաթև Աբրահամյանը: Նա մեկնարկային երկու տուրերում հաղթել է Ուրուգվայի և Լյուքսեմբուրգի ներկայացուցիչներին, իսկ 4-րդ տուրում պարտվել է ադրբեջանցուն:

6-րդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի մրցաշարում ամենաբարձր միջին վարկանիշն ունեցող ռուսների հետ, որոնք նախորդ տուրում 3,5-0,5 հաշվով պարտության էին մատնել Գերմանիայի ընտրանուն: Ռուսաստանի հավաքականը 8 միավորով 14-րդ տեղում է:

Նախորդ հոդվածը‘Սոկրատիսը պատմել է, թե ինչպես է որոշել տեղափոխվել «Արսենալ»’
Հաջորդ հոդվածը‘Գվարդիոլան խոսել է Կոմպանիի ապագայի մասին’