‘Շախմատի 43-րդ օլիմպիադա. Հայ շախմատիստուհիներն առաջատարի տեղը կիսում են օլիմպիական չեմպիոնուհիների հետ’

2941

Բաթումում ընթացող շախմատի համաշխարհային 43-րդ օլիմպիադայի 3-րդ տուրում տոնած հաղթանակների շնորհիվ Հայաստանի հավաքականներն առաջատարների խմբում զգալիորեն բարելավեցին իրենց դիրքերը:

Դա հատկապես վերաբերում է մեր շախմատիստուհիներին, որոնք բոլոր պարտիաներում վաստակած 10 միավորով լրացուցիչ գործակիցների հաշվարկով 1-2-րդ տեղերն են բաժանում օլիմպիական գործող չեմպիոն Չինաստանի հավաքականի հետ:

Այսօր կայանալիք 4-րդ տուրում 12-րդ վարկանիշն ունեցող Հայաստանի կանանց հավաքականը կմրցի 18-րդ վարկանիշն ունեցող իտալացիների հետ, որոնք 9 միավորով 6-րդ տեղում են: 3-րդ տուրում իտալացիները 2,5-1,5 հաշվով պարտության են մատնել չեխերին:

Տղամարդկանց մրցաշարում 18 հավաքականներ վաստակել են 6-ական միավոր: Հայաստանի հավաքականը բոլոր պարտիաներում վաստակած 8,5 միավորով լրացուցիչ գործակիցների հաշվարկով 13-րդ տեղում է: Առաջատարը 11,5 միավոր վաստակած Ֆրանսիայի ընտրանին է: 11 միավոր ունի Իսրայելի հավաքականը, որին հաջորդում են 10,5-ական միավոր վաստակած Հնդկաստանի և Իրանի ընտրանիները:

4-րդ տուրում հայ շախմատիստները կմրցեն 25-րդ վարկանիշն ունեցող Հունաստանի հավաքականի հետ: Հույները 10 միավորով 8-րդ տեղում են: 3-րդ տուրում հույները 2,5-1,5 հաշվով հաղթել են շվեյցարացիներին:

Նախորդ հոդվածը‘Շախմատի 43-րդ օլիմպիադա. Արոնյանն ու Մարտիրոսյանը հաղթանակ պարգևեցին Հայաստանի հավաքականին’
Հաջորդ հոդվածը‘ԵՎՐՈ-2024-ը կընդունի Գերմանիան’