‘«Շախտյորը» հաղթեց «Չելսիին», «Յուվենթուսը» սայթաքեց. ՉԼ հանդիպումները՝ տեսանյութով’

1171

Իրադարձություններով գերհարուստ ստացվեց Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 3-րդ տուրի առաջին խաղային օրը: Դրամատիկ վերջաբաններ, խոշոր անակնկալներ… ամեն ինչ կար այս տուրում:

E խումբ

Տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Դոնեցկում, որտեղ «Շախտյորը» փայլուն ոճով հաղթանակ տարավ Անգլիայի Պրեմիեր-լիգայի առաջատար, Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոն «Չելսիի» նկատմամբ՝ 2:1: Հանդիպման նման ելքը անակնկալ չի կարելի համարել: Ավելին, իրականում հաշիվը չի արտացոլում հանդիպման իրական պատկերը: «Հանքափորները» բոլոր առումներով գերազանցեցին մրցակցին: Դժվար է ասել, «Շախտյորն» էր պատճառը, բայց «Չելսին» դժգույն խաղ ցուցադրեց եւ պետք է շնորհակալություն հայտնի դարպասապահ Պետեր Չեխին, որի գերազանց խաղի շնորհիվ միայն «Շախտյորը» խոշոր հաշվով հաղթանակ չտարավ: Խուան Մատան գոյություն չուներ, Ազարը երկրորդ գոլի մեղավորը դարձավ, Ֆերնանդո Տորեսը, բնականաբար գոլ չխփեց եւ մի դյուժին գրոհներ պարզապես փչացրեց: Բավական անզոր տեսք ունեին Դի Մատեոյի սաները:

Ուկրաինայի չեմպիոնի գրեթե ցանկացած գրոհ կարելի էր գոլային համարել: «Չելսիի» պաշտպանները երբեմն ընդամենը ստատիստի դեր էին խաղում մրցակցի գրոհների ժամանակ: «Շախտյորը» գերազանց կոմբինացիոն, գեղեցիկ, թեթեւ, վստահ ֆուտբոլ էր ցուցադրում եւ արժանի հաղթանակ տարավ: Նման խաղով այս թիմը իսկապես շատ առաջ կարող է գնալ: Միայն ափսոս, որ Հենրիխ Մխիթարյանը այդպես էլ գոլի հեղինակ չդարձավ: Մեղավորը Պետեր Չեխն էր, որը կարողացավ հետ մղել Մխիթարյանի մի քանի վտանգավոր հարվածները:  

Իսկ խմբի մյուս խաղում իսկական անակնկալ կայացավ. Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսը», որը օրեր առաջ Իտալիայի առաջնությունում վստահ հաղթանակ տարավ «Նապոլիի» նկատմամբ, չկարողացավ հաղթել դանիական «Նորշելանդին»: Իտալացիները պարտվում էին խաղի ընթացքում եւ միայն խաղավերջում փոխարինման դուրս եկած Վուչինիչը հավասարեցրեց հաշիվը: Ավելին տուրինցիներին չհաջողվեց, չնայած գոլային բազմաթիվ պահեր ունեին: Այս սայթաքումը կարելի է նվեր համարել «Շախտյորին» եւ «Չելսիին»:

Այս տուրից հետո «Շախտյորը» 7 միավորով դարձավ խմբի միանձնյա առաջատար: «Չելսին» ունի 4 միավոր, «Յուվենտուսը»՝ 3:  

Չեմպիոնների լիգա. խմբային մրցաշար, 3-րդ տուր

«Շախտյոր» — «Չելսի»` 2:1

Տեյշեյրա՝ 3, Ֆերնանդինյո, 52 – Օսկար, 88


«Նորդշելանդ» – «Յուվենտուս» ` 1:1

Բեկման՝ 50 –Վուչինիչ, 81


խումբ

Տուրի ամենահանգիստ խումբը:

«Բավարիան» կանխատեսելի հաղթանակ տարավ «Լիլի» նկատմամբ, իսկ իսպանական «Վալենսիան» վերջակետ դրեց հրաշքին, որին անունն էր ԲԱՏԵ: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Սոլդադոն: Չնայած, դժվար է ասել, թե հաջորդ խաղերում ԲԱՏԵ-ն ինչ կարող է անել:

Այս խմբում եռիշխանություն է. երեք թիմեր. «Վալենսիան», «Բավարիան» եւ ԲԱՏԵ-ն վաստակել են 6-ական միավոր: Ամեն ինչ առջեւում է:

 «Լիլ» — «Բավարիա»` 0:1

Տոմաս Մյուլեր՝ 20 (11մ.)


ԲԱՏԵ — «Վալենսիա»` 0:3

Սոլդադո՝ 45 (11մ.), 55, 69


G խումբ

Այս տարի, ինչպես երեւում է, «Բարսելոնան» որոշել է առավելագույնս մեծ դժվարություններ իր համար ստեղծել, այնուհետեւ մի կերպ դրանք հաղթահարել: «Սպարտակին» պարտվում էին՝ վերջում հաղթեցին: «Սելթիկի» հետ խաղում ավելի ծանր վիճակ էր: Շոտլանդացիները բացեցին հաշիվը, հետո կատալոնացիները գեղեցիկ եւ բազմաքայլ կոմբինացիայից հետո հավասարեցրին հաշիվը: Ավելին չէր ստացվում: «Բարսայի» բոլոր գրոհները հաջողությամբ չեզոքացվում էին: Եվ միայն հանդիպման լրացուցիչ ժամանակի վերջին վայրկյաններին Ալբան խփեց հաղթական գնդակը:

Այս խմբում կատալոնացիները վաստակել են 9 միավոր եւ գործնականում լուծել իրենց խնդիրները: Երկրորդը համառ «Սելթիկն» է՝ 4 միավոր: Երկրորդ ուղեգրի համար այստեղ պայքարը մինչեւ վերջին տուրը կընթանա:

«Բարսելոնա» — «Սելթիկ»` 2:1

Ինյեստա, 45՝ Ալբա՝ 90+3 — Սամարաս, 18


«Սպարտակ» — «Բենֆիկա»` 2:1

Կարիոկա՝ 3, Ժարդել՝ 43 (ինքնագոլ) – Լիմա՝ 33


H խումբ

«Մանչեսթեր Յունայթեդն» էլ, այսպես, վալիդոլային հաղթանակ տարավ: Պորտուգալական «Բրագա» խոշոր անակնկալի լավ հիմքեր դրեց, արդեն 20-րդ րոպեին երկու գնդակ խփելով անգլիացիների դարպասը: Սակայն մանկունյանցիները շատ լավ հիշում էին, թե ինչպես ՉԼ նախորդ խաղարկությունում նման սայթաքումների պատճառով դուրս մնացին հետագա պայքարից եւ սկսեցին խաղալ ֆուտբոլ: Այն ֆուտբոլը, որը սպասվում էր նրանցից: Նրանց հզոր ճնշումն իր արդյունքը տվեց եւ «ՄՅՈւ»-ն կամային հաղթանակ տարավ՝ 3:2:

Խմբի մյուս խաղում թուրքական «Գալաթասարայը» չկարողացավ առաջին հաղթանակը տանել, չնայած ամեն ինչ դրա համար ստեղծված էր: Մրցակիցը՝ ռումինական «Կլուժը» մոտ 60 րոպե 10 հոգով խաղաց, թուրքերը 11 մետրանոց հարված էլ ստացան, որը սակայն չիրացրեցին: 1:1 եւ այդ հաշվի համար «Գալաթասարայը» կարող է միայն իրեն մեղադրել:

«Մանչեսթեր Յունայթեդ» — «Բրագա»` 3:2

Չիչարիտո՝ 25, 75,   Էվանս՝ 62 – Ալան՝ 2, 20


 «Գալաթասարայ» —  ՉՖՌ Կլուժ` 1:1

Բուրուկ Յիլմազ՝ 77 – Նունկեու՝ 19 (ինքնագոլ)


Նախորդ հոդվածը‘Ռետրո մամուլ. Օլեգ Եսայան. Ղարաբաղի թիկունքին այսօրվա Հայաստանն է ‘
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. Մենք «Չելսիից» չէինք վախենում’