‘Շանթի գործ. Իսկ օրենքի պաշտպա՞ն էր ոստիկանությունը’

1505

Այժմ անիմաստ է քննարկել, թե արդյո՞ք Շանթ Հարությունյանը քրեորեն պատժելի արարք է գործել, թե ոչ, քանզի նույնիսկ բռնապետական երկրներում, ձևը պահելու համար, մարդուն մինչև դատարանի վճիռը հանցագործ չեն անվանում, սակայն, մյուս կողմից՝ ամեն կերպ նպաստում են մարդուն հեղինակազրկելուն և հասարակության աչքին հանցագործ ներկայացնելուն:

Այսօրվա ամենակարևոր թեման ոչ թե որևէ մարդու հանցագործություն կատարել կամ չկատարելն է, այլ այն, թե արդյո՞ք ոստիկանը օրենքի պաշտպա՞ն է, թե՞ ոչ:

ՀՀ ոստիկանությունը պաշտոնական տեղեկատվություն է հրապարակել այն մասին, թե Շանթ Հարությունյանը ոստիկանական բաժնում ծեծի չի ենթարկվել, իսկ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էլ այս կապակցությամբ հարցազրույց է տվել և հայտարարել, թե ինքը չի ծեծել Հարությունյանին:

Ենթադրենք՝ ոստիկանապետը ճիշտ է ասում, չնայած Հայաստանում քիչ կլինեն մարդիկ, ովքեր կհավատան նրան, սակայն ենթադրենք՝ դրանցից մեկը ես եմ:

Սկսենք նրանից, թե ինչ գործ ուներ ոստիկանապետը ոստիկանական բաժնում: Ինչո՞ւ էր գնացել այնտեղ և անձամբ «քննում» նոյեմբերի հինգի դեպքերի ժամանակ Մաշտոցի պողոտայից բերման ենթարկվածներին: Միայն ոստիկանապետի այս քայլն ապացուցում է, որ բերման ենթարկվածների նկատմամբ կայացվել է քաղաքական որոշում, քանզի իրավական հարթության մեջ ոստիկանապետը իրավունք չուներ իր ներկայությամբ ճնշում գործադրել նախաքննական մարմնի վրա և նախաքննությունն ուղղորդել ըստ իր հայեցողության:

Թե՞ոստիկանապետը փորձում է կրկնօրինակել իր ռուս գործընկերոջ կատարած արարքը, երբ Բիրյուլյովոյի ադրբեջանցի մարդասպանին ձեռնաշղթաներով քարշ տվեցին Ռուսաստանի Դաշնության ոստիկանության ղեկավարի մոտ, այնուհետև բոլոր հեռուստակայաններով ցուցադրեցին այդ կադրերը: Ի տարբերություն Ռուսաստանի, սակայն, այստեղ ոչ միայն մարդասպանություն տեղի չէր ունեցել, այլև ամեն ինչ կատարվել էր հարյուրավոր ոստիկանների ներկայությամբ, իսկ մինչ դեպքի սկիզբն էլ՝ մի քանի օր անընդմեջ Շանթ Հարությունյանի կողմից հայտարարվել էր սպասվող իրադարձությունների սցենարը՝ բոլոր մանրամասներով: Ուրիշ խնդիր, թե ինչո՞ւ ոստիկանները, այդ ամենը լսելով՝ չէին կանխարգելում դեպքերի նման զարգացումը, և իրականում ո՞ւմ էր պետք, որ այդպիսի դեպքեր տեղի ունենային:

Երկրորդ, ոստիկանապետը, խախտելով անմեղության կանխավարկածը, իր հարցազրույցում հեգնական արտահայտություններ է թույլ տալիս Շանթ Հարությունյանի նկատմամբ՝ դրանով իսկ հասարակության մեջ նրան վարկաբեկելու նպատակով: Էլ չասած՝ ոստիկանական գործողությունների մասին  «բարձրակարգ» գնահատականներ տալուն, այն դեպքում, երբ նախաքննությունը կարող է պարզել, որ ոստիկանների անգործության պատճառով են տեղի ունեցել դեպքերը, կամ՝ որ հենց ոստիկաններն են կազմակերպել դրանք կամ էլ Ազատության հրապարակում դեպքի ժամանակ գտնվող օլիգարխներ Սամվել Ալեքսանյանի ու Ռուբեն Հայրապետյանի կողմից ուղարկված սադրիչները: Վարկածներն այնքան շատ են, որ ակամայից համոզվում ես՝ դրանցից որն էլ քննարկես, միևնույն է՝ ապացուցվելու է, որ Շանթ Հարությունյանը ձերբակալվել է քաղաքական որոշմամբ, ու դրանից էլ բխում է, որ նա ու սույն  գործով մնացած ձերբակալվածները քաղաքական բանտարկյալներ են:

Սանասար Հավասարյան

Նախորդ հոդվածը‘Արմեն Մովսիսյանը Թեհրանում քննարկել է իրանական գազը դեպի Եվրոպա արտահանելու հարցը’
Հաջորդ հոդվածը‘Թեհրանը և ՄԱԳԱՏԷ-ն համաձայնություն են ձեռք բերել ‘