‘Շանթի գործ. Ոստիկանը ընկել էր Շահեն Հարությունյանի հետևից, գցել գետնին եւ ծեծել նրան’

1074

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Նոյեմբերի 5-ի» գործով դատական նիստը: Դատական վիճաբանությունների փուլում Շանթ Հարությանյանի եւ նրա 15-ամյա որդու՝ Շահեն Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը իր պաշտպանական ճառում անդրադարձավ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողություններին՝ դրանք որակելով անօրինական: Նրա խոսքով՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից իրականացվել է միակողմանի քննություն, որը հիմնվել է միայն ոստիկանների ցուցմունքների վրա, ինչի արդյունքում անմեղ անձինք, որոնք իրականացրել են իրենց օրինական իրավունքները, անմիջապես ենթարկվել են բռնությունների եւ այժմ էլ ներկայացվում են որպես խուլիգանություն կատարած անձինք:

«Ցավալի է, որ մեր ժամանակներում շարունակվում են քաղաքացիների նկատմամբ անհիմն եւ անտրամաբանական մեղադրանքներ սարքվել: Ի՞նչ է տեղի ունեցել իրականում. 2013 թվականի հոկտեմբերի վերջին Շանթ Հարությունյանը՝ իր ընկերների հետ միասին, սկսել է արժեքների հեղափոխություն եւ նստացույց է արել Ազատության հրապարակում: Այդ մասին տեղեկացված էր հանրությունը, քանի որ այդ ընթացքում Շանթ Հարությունյանը հարցազրույցներ էր տալիս տարբեր լրատվամիջոցների»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ նոյեմբերի 5-ի միջոցառումը իրենից ներկայացնում էր «Գայ Ֆոքսի (անոնիմուս)»-ի դիմակներով խաղաղ երթի անցկացում: «Միջոցառումը եւ երթը պետք է սկսվեր ժամը 17-ի սահմաններում: Շանթ Հարությունյանը, մինչ երթի սկիզբը, ասուլիս էր տալիս լրագրողներին եւ ասում, թե տեղեկություն ունի, որ տարածքում կան սադրիչներ, որոնք կարող են տապալել իրենց երթը: Տեսագրություններում ակնհայտ երեւում է, որ հենց սկզբից մի սադրիչ սկսում է վիրավորական արտահայտություններ անել Շանթ Հարությունյանի հասցեին, որի ինքնությունը, սակայն, նախաքննական մարմինը չի պարզում: Տարածքում էր գտնվում նաեւ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որը բավականին երկար զրույց է ունեցել Շանթի հետ»,- իր պաշտպանական ճառում նշեց փաստաբան Ինեսա Պետրոսյանը:

Փաստաբանի խոսքով՝ պարզ երեւում է, որ իշխանությունների մոտ տագնապ է սկսվել, քանի որ տեսագրության մեջ երեւում են ոստիկանության բազմաթիվ աշխատակիցներ:«Շանթ Հարությունյանը, Օսիպյանի հետ զրուցելով, գալիս էր դեպի Օպերայի ծառայողական մուտք, իսկ ոստիկանները փակել էին մայթի աջ եւ ձախ կողմերը՝ ճանապարհ բացելով դեպի փողոց, որից հետո էլ նրանք շարժվում են այդ ուղղությամբ: Այդ պահին գործով տուժող ոստիկան Գեղամ Խաչատրյանի կողմից, առանց նախազգուշացման, տեղի է ունենում հարձակում Շանթի վրա, որին արդեն միանում են քաղաքացիական հագուստով սադրիչները եւ սկսում են բռնություններ կիրառել Շանթի եւ մյուսների նկատմամբ: Բնականաբար, տղաները պատասխան են տալիս ոստիկանության աշխատակիցներին՝ պաշտպանելով իրենց եւ ընկերներին: Ոստիկանները մի պահ Շանթին գցում են գետնին եւ սկսում են ծեծել, ինչը տեսնելով՝ նրա անչափահաս որդին՝ Շահեն Հարությունյանը, մոտենում է եւ հորը նրանցից ազատելու համար մեկ անգամ իր ձեռքի բարձրախոսով հարվածում է, որից հետո ոստիկանը ընկնում է նրա հետեւից, գցում գետնին եւ սկսում է ծեծել նրան»,- ասաց Ինեսա Պետրոսյանը:

Անդրադառնալով ոստիկանական բաժանմունքում տեղի ունեցած իրադարձություններին՝ փաստաբանը նշեց, որ բռնությունները շարունկվել են նաեւ այնտեղ: «Դատաքննության ժամանակ Շանթը նշել է, թե ինչպես է բաժանմունք եկել Վլադիմիր Գասպարյանը եւ նսեմացրել իրենց եւ այլ ոստիկանների հետ միասին բռնություններ գործադրել:  Իսկ 15-ամյա Շահեն Հարությունյանին ենթարկել են հոգեբանական խիստ ճնշումների՝ ասելով, որ հայրդ եւ իր ընկերները այլեւս չկան: Նշեմ, որ հասարակության առջեւ Շանթ Հարությունյանին ուզում էին ներկայացնել որպես հոգեկան խնդիրներ ունեցող մի մարդու, սակայն այդ սցենարը չստացվեց, եւ Շանթը ճանաչվեց մեղսունակ: Ընտրվել էին նաեւ հոգեբանական ճնշումների այլ ձեւեր»,- իր ճառում նշեց Շանթ Հարությունյանի ներկայացուցիչը՝ ավելացնելով, որ իր պաշտպանյալը իր բողոքի ձայնը տեղ հասցնելու համար այն ժամանակ ստիպված է եղել հացադուլ հայտարարել:

Հիշեցնենք, որ մեղադրող Գեւորգ Գեւորգյանը Շանթ Հարությունյանի համար պահանջել էր յոթ տարի ազատազրկում: Իսկ նույն գործով մեղադրվող Վահե Մկրտչյանի համար՝ 8 ու կես տարի, Ալբերտ Մարգարյանի համար՝ 8 տարի, Վարդան Վարդանյանի, Ավետիս Ավետիսյանի, Լիպարիտ Պետրոսյանի համար՝ 6 ու կես տարի, Ալեք Պողոսյանի, Հայկ Հարությունյանի համար՝ 6 տարի, Մկրտիչ Հովհաննիսյանի համար՝ 5 ու կես տարի, Տիգրան Պետրոսյանի, Արմեն Հովհաննիսյանի, Սևակ Մնացականյանի համար՝ 4 տարի ազատազրկում: Ամբաստանյալ Միսակ Առաքելյանին առաջարկվել էր պատժել 50 000 դրամ տուգանքով։ Ինչ վերաբերում է Շանթ Հարությունյանի 15-ամյա որդուն՝ Շահեն Հարությունյանին, նրա համար դատախազը պահանջել էր 5 տարվա ազատազրկում:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունը փնտրում է Twitter-ում Բալոտելիին վիրավորած ֆանատներին’
Հաջորդ հոդվածը‘Վթարի ենթարկված զինվորներից 12-ը դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ մյուսների վիճակը բավարար է’