‘Շանթի գործ. Վովա Գասպարյանը բաժնում ծեծել է ազատամարտիկին (News.am)’

1841

2013-ի նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախման ժամանակ բերման ենթարկված ազատամարտիկ Վարդան Վարդանյանին ոստիկանական բաժանմունքում ծեծել է Հայաստանի ոստիկանապետ Վովա Գասպարյանը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ  համայնքների ընդհանուր իրավասության դատարանում Նոյեմբերի 5-ի գործով դատական նիստին իր ցուցմունքում ասաց ամբաստանյալը, փոխանցում է News.am-ը:

«Հինգ հոգով ինձ բռնել են, ու ծեծել են: Վովա Գասպարյանը ծեծել է իր քննիչների եւ բաշիբոզուկների հետ: Դուրսն էի, թող գար, այդ ժամանակ ինձ ծեծեր: Ոչ թե ծեծելուց եմ վիրավորված, այլ որ ֆորմայիս վրայից մեդալս գողացել են: Ես ամեն մի մեդալի համար սահմանին մի լիտր արյուն եմ թողել»,- ասաց ազատամարտիկը:

Նրա խոսքով՝ քննիչներն իրենց ստիպել են նախաքննական ցուցմունքների տակ ստորագրել, մինչդեռ իրենք չեն էլ ցանկացել ցուցմունք տալ. «Ես ճիշտ ա՝ հրաժարվել եմ ցուցմունք տալուց, բայց կանգնել, ասում էին՝ քո տղան զինվորական ա, հեսա թիկունքից կխփենք: Ինչ թուղթ էլ տային, կստորագրեի, բա ի՞նչ պիտի անեի»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ի գործով մեղադրանք է առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում` «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):

 Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

Նախորդ հոդվածը‘Արգելվել է Ա/Ձ «Արմեն Սուքիասյանի» «Լոռի» պանիր, թթվասեր և մածուն արտադրատեսակների արտադրությունը’
Հաջորդ հոդվածը‘Հրդեհի ժամանակ քաղաքացին վայր է ընկել 8-րդ հարկից’