‘Շանթ Հարությունյանը՝ ոստիկանին. «Լավ ենք արել, տփել ենք»’

1070

Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ոստիկանը տեսել է՝ ինչպես է ազատամարտիկ Վարդան Վարդանյանը հարվածում քաղաքացու, որը համազգեստով չի եղել, բայց որպես ոստիկան է  ներկայացել։ News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ  համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով դատական նիստին ասաց վկա, ոստիկան Արտակ Ավետիսյանը։

«Երթն սկսելուց հետո պայթյուններ, գոռգոռոցներ լսեցինք։ Քաղաքացիական հագուստով մեկը բարձր հայտարարեց, որ ինքը ոստիկան է, ու այդ ժամանակ նրան սկսեցին հարվածել, ինքը՝ վայր ընկած, փայտերով ու  ոտքերով որ հարվածում էին, էդ ընթացքում գոռում էր՝ ոստիկան եմ։ Երթի մասնակիցներն էլ ասում էին՝ ոստիկան է, խփեք։ Այդ մարդուն հարվածողների մեջ էր զինվորական համազգեստով մի մարդ, որը հետագայում իմացա՝ Վարդան Վարդանյանն է։ Մոտեցանք էդ մարդուն, հարվածողների հետ բրթեցինք ու հանեցինք, հետո սպիտակ համազգեստով մեկը բռունցքի չափ բան գցեց մեր ոտքերի տակ ու ծուխ, բոց եղավ»,- դեպքի մանրամասները պատմեց ոստիկան Արտակ Ավետիսյանը։

Հարցաքննության ժամանակ վկան ասաց, որ չի հիշում ու չգիտի, թե ով է եղել այն մարդը, որը ներկայացել է որպես ոստիկան։

Վկայի հարցաքննությունը Շանթ Հարությունյանը ընդհատում էր՝ ասելով. «Լավ ենք արել, տփել ենք»։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը նախազգուշական սանկցիա կիրառեց եւ խնդրեց խոսել, երբ կգա իր հարցեր տալու ժամանակը։

Շանթ Հարությունյանը ցանկացավ կանգնած հարցեր տալ, բայց դատավորը նրան թույլ չտվեց, Շանթ Հարությունյանը բորբոքվեց, դահլիճում խառնաշփոթ սկսվեց, դատավորը հայտարարեց կես ժամ ընդմիջում։

Շանթ Հարությունյանը հեռացավ՝ ասելով. «Լսում ես, արա, ինչ եմ ասում, դու մեզ քաշքելուց քեզ լավ տղու տեղ ես դնում, գիտե՞ս՝ սուտ խոսալն ինչ ա»։

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ–ն շփման գծում դիտարկում է անցկացրել’
Հաջորդ հոդվածը‘«Ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի» շտաբը մինչեւ օգոստոսի 13-ը երթ կիրականացնի’