‘Շանթ Հարությունյանի «հեղափոխության» արդյունքները’

2050

Շատերն են հարցնում` ի՞նչ տվեց Շանթի` նոյեմբերի 5-ին կատարած քայլը՝ բացի նրանից, որ ինքն ու իր կողմնակիցները ձերբակալվեցին, և Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրվանից ի վեր՝ Հայաստանն ընդամենը մի քանի օր մնաց առանց քաղբանտարկյալների:

Ըստ իս՝ Շանթի քայլը միանգամից մի քանի հարց լուծեց, և անկախ իր՝ ճիշտ ժամանակին կամ ժամանակավրեպ լինելուց՝ պարզեցրեց Հայաստանի քաղաքական դաշտը: Եկեք հիշենք, թե մինչև Շանթի հայտարարած հեղափոխությունը որոնք էին լրատվամիջոցներում քննարկվող  հիմնական թեմաները և համադրենք դրանք այժմ կատարվող իրադարձությունների հետ:

Մինչև Շանթի ակցիան ամեն օր մեկը վեր էր կենում տեղից և անվճռականության մեջ մեղադրում Հայ ազգային կոնգրեսին, Կոնգրեսից իր հեռանալը բացատրում նրանով, որ ՀԱԿ-ը միայն «անպտուղ» միտինգներ է անում և իր միտինգային շարժման հինգ տարվա ընթացքում որևէ անգամ «փայտեր չվերցրեց ձեռքը և ժողովրդին չտարավ Բաղրամյան 26-ը գրավելու»:

Շանթը, ի տարբերություն մյուս «հեղափոխական» գործիչների, ոչ թե ուրիշից էր պահանջում կատարել հեղափոխություն, այլ սեփական գաղափարներին տեր կանգնելով` ինքը գնաց այդ քայլին: Ո՞ւր կորան Կոնգրեսին մեղադրողները, ինչո՞ւ չկանգնեցին Շանթի կողքին ու նրա հետ միասին, մարգանցովկան ու բրոնզը՝ ձեռքներին, պարսատիկն էլ՝ գրպաններում, չշարժվեցին դեպի Բաղրամյան 26: Պատասխանն ակնհայտ է. այդ «վճռականների» ու «փողոցը գրավողների» հիմնական խնդիրը ոչ թե հեղափոխություն անելն էր, այլ ուրիշներին հեղափոխության դրդելը, «թռնելն» ու կողքից «թամաշա» անելը, թե ինչու չստացվեց հեղափոխությունը: Բացի Շանթից, այդ մարդկանցից ոչ մեկը փորձ անգամ չարեց որևէ հեղափոխական իրավիճակ ստեղծել և իր վրա պատասխանատվություն վերցնել: Այսպիսով՝ Շանթի ակցիայի արդյունքներից մեկն այն էր, որ նա պայթեցրեց բոլոր «հեղափոխական փուչիկները»:

Երկրորդ հիմնական խնդիրը, որը լուծեց Շանթը, իշխանություններին ցույց տալն էր, որ երկրում դեռ կան այնպիսի մարդիկ, ովքեր պատրաստ են անձնազոհության` հանուն իրենց գաղափարի, և նրա այս քայլը իշխանության լկտիությունը որոշակիորեն սահմանափակող դեր  կատարեց:

Մյուս խնդիրը, որը լուծեց Շանթը, բոլորին ցույց տալն էր, որ Հայաստանը չի դադարել բռնատիրական երկիր լինելուց, ու որքան էլ «միշիկական» լրատվամիջոցները փորձեն  «ժողովրդավարական» պատկեր ստեղծել, հերիք է` մի թեթև վտանգ, և ոստիկաններն իրենց պետով հանդերձ` պատրաստ են թևերը քշտել և քաղաքական հակառակորդներին սամասուդ անել:

Եւս մի խնդիր, որը լուծեց Շանթը, ապացուցելն էր հանրահայտ ճշմարտությունը, որ կիսատ հղի լինել չի կարելի. կա՛մ մարդը գնում է միանգամից հեղափոխության ճանապարհով, կա՛մ էլ` Հայ ազգային կոնգրեսի նախանշած ուղով՝  պատրաստ լինելով  երկարաժամկետ պայքարի:

Եվ վերջապես, ամենահիմնական խնդիրը, որը լուծեց Շանթը, այն էր, որ նա ցույց տվեց, որ մարդն իր պայքարը որպես ինչ-որ մեկին արված «լավություն» չպետք է ներկայացնի. իրական պայքարողը պայքարում է երկրի՛ համար և հանուն իր գաղափարների՛, ոչ թե սրան-նրան «լավություն» է անում իր փողոց դուրս գալով:

Միսակ Մարտինյան 

Նախորդ հոդվածը‘Բռնցքամարտի ֆեդերացիայում ԲԱՄՕ-ի տիրոջ տղային կփոխարինի ոստիկանապետի փեսան’
Հաջորդ հոդվածը‘Սեյրան Օհանյանը մեկնում է Հունաստան’