‘Շավարշ Քոչարյան. Ադրբեջանը պետք է հրաժարվի «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքից’

1422

ՀՀ ԱԳ նախարար Շավարշ Քոչարյանը  օգոստոսի 11-ին հարցազրույց է տվել commonspace.eu կայքին, որում անդրադարձել 2008թ. ռուս-վրացական պատերազմի՝ Հայաստանի վրա թողած հետեւանքներին, Հայաստանի եվրաինտեգրացիային եւ Ռուսաստանի հետ հարաբերություններին  ու ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող մի շարք հարցերի: Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ՝ ըստ ԱԳՆ պաշտոնական կայքի:

 

Մենք մոտենում ենք ռուսվրացական պատերազմի հինգերորդ տարելիցին: Այս կոնֆլիկտը ի՞նչ ազդեցություն ունեցավ Հայաստանի վրա:

Պատերազմը լուրջ բացասական ազդեցություն ունեցավ մեր տնտեսության վրա, որովհետև Հայաստանի արտաքին առևտրի մեծ մասը՝ շուրջ 75-80 տոկոսը, տեղի է ունենում Վրաստանի տարածքով, և 20-25 տոկոսը Իրանի տարածքով: Ինչպես գիտեք՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ մեր սահմանները փակված են, ուստի Վրաստանի միջոցով մեր կապը շատ կարևոր է: Դրա միջոցով տեղի է ունենում մեր առևտուրը արտաքին աշխարհի հետ:

Վերջերս քննարկվել է աբխազական երկաթուղու վերաբացման հնարավորությունը, որը ուղղակի կապ կհաստատի Հայաստանի և Ռուսաստանի միջև: Որքանո՞վ է այն կարևոր: Կա՞ն, արդյոք, հեռանկարներ, որ դա տեղի կունենա:

Իհարկե, այն կարևոր է: Երկաթուղու միջոցով առևտուրն ավելի շահավետ է, քան ավտոճանապարհների: Արդյոք երկաթգիծը կշահագործվի, թե ոչ, կախված չէ Հայաստանից, այլ կախված է Վրաստանից, Աբխազիայից և Ռուսաստանից: Եթե այն սկսի կրկին աշխատել, դա շահավետ կլինի բոլոր կողմերի համար: Մենք ցանկանում ենք, որ երկաթուղին վերաբացվի, բայց այն, թե դա տեղի կունենա կամ ոչ, պայմանավորված է Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների զարգացումներով: Բոլոր կողմերը գիտեն, որ Հայաստանը շահագրգռված է հարաբերությունների կարգավորմամբ:

Ինչպիսի՞ն է ՀայաստանԵՄ հարաբերությունների ներկա վիճակը:

Հայաստանը աշխատում է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի կնքման ուղղությամբ: Անցած ամիս մենք գրեթե ավարտեցինք Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները: Դրանք կնախաստորագրվեն Վիլնյուսում այս տարվա վերջին: 

Արդյո՞ք սա նշանակում է, որ Հայաստանը ընտրություն է կատարել հօգուտ ԵՄի հետ սերտ համագործակցության՝ ի հակադրություն Ռուսաստանի: ԵՄն հստակ նշել է, որ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուն անդամակցությունը թույլ չի տալիս միաժամանակ լինել նաև Մաքսային միության անդամ:

Իհարկե, Ռուսաստանը ցանկանում է, որպեսզի Մաքսային միությունը, որքան հնարավոր է՝ ընդլայնվի, և նրա համար կարևոր է, որ Հայաստանը և Ուկրաինան առնվազն հայտարարեն դրան անդամակցելու իրենց ցանկության մասին: Խնդիրն այն է, որ Մաքսային միության անդամակցությունը խոչընդոտ է Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի կնքման համար:

Սա անդամակցությանն ուղղված քայլ չէ: ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարց չկա, և մարդիկ գիտակցում են, որ Ասոցացման համաձայնագրի կամ ԽՀԱԱԳ համաձայնագրի կնքումը անհրաժեշտաբար չի ենթադրում քայլ դեպի անդամակցություն Եվրոպական Միությանը: Այն որևէ կերպ չի կանխորոշում, թե Հայաստանի արտաքին քաղաքականությունը թեքվում է ԵՄ-ի կամ Ռուսաստանի ուղղությամբ: Այն ընդամենը ի ցույց է դնում, որ Հայաստանը տեսնում է մեկից ավելի հնարավորություն իր տնտեսական զարգացման համար:

Ռուսաստանը դեռևս ունի մեծ ռազմական բազա Գյումրիում` Հայաստանի արևմուտքում: Արդյո՞ք խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուն Հայաստանի միանալը դժգոհության առիթ չի հանդիսացել:

Ռուսաստանը մտնում է մեր ռազմական համագործակցության ոլորտի մեջ, մինչդեռ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը՝ տնտեսական: Սա հակասություն չէ: Անվտանգության հարցերում մենք կապված ենք Ռուսաստանի հետ: Մենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ ենք: Սակայն մենք նաև ակտիվորեն համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ: ՀԱՊԿ անդամներից միայն Հայաստանն է, որ խաղաղապահ ուժեր է ուղարկել՝ մասնակցելու աշխարհի տարբեր հատվածներում ՆԱՏՕ-ի խաղաղարար գործողություններին:
Չնայած դրան՝ մենք երբեք չենք հայտարարել, որ ցանկանում ենք լինել ՆԱՏՕ-ի անդամ. մենք ՀԱՊԿ անդամ ենք: Իրավիճակը գրեթե նույնն է նաև տնտեսության ոլորտում: Մենք պատրաստ ենք ԵՄ-ի հետ ներդաշնակեցնել մեր օրենսդրությունը և խորացնել տնտեսական կապերը: Բայց մենք երբեք չենք ասել, որ ցանկանում ենք դառնալ ԵՄ-ի անդամ: Սա է տարբերությունը Հայաստանի և Արևելյան գործընկերության որոշ այլ երկրների միջև:

Ձեր կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը, որը փորձում է նպաստել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին, դեռևս կենսունա՞կ նախագիծ է:

Խնդիրը Մինսկի խումբը չէ, խնդիրը Ադրբեջանի դիրքորոշումն է: Իր գործողություններով նա հակադրվում է Մադրիդյան սկզբունքներին, որը հենց ինքը ընդունել է որպես բանակցությունների հիմք: Մինսկի խմբի համանախագահները երկու կարևոր գործառույթ ունեն` օգնել կողմերին գալու ընդհանուր համաձայնության և նպաստել 1994թ. հրադադարի պահպանմանը: Առաջին մասով մենք որևէ առաջընթաց չունենք Ադրբեջանի մեղքով:

Դա արտահայտվեց 2011թ. Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Կազանում կայացած հանդիպմանը: Այն ժամանակ բոլորն ակնկալում էին, որ կարձանագրվի առաջընթաց՝ հիմնված համաձայնության վրա, որը կայացվել էր մինչ հանդիպումը, սակայն նորից Ադրբեջանը ետ կանգնեց համաձայնությունից: Պարզ է, որ որևէ առաջընթաց անհնար է առանց կողմերի միջև փոխվստահության:

Ինչպե՞ս կարող է ամրապնդվել փոխվստահությունը կողմերի միջև:

Փոխվստահությունը կարող է ամրապնդվել այն դեպքում, եթե ընդունվեն Մինսկի խմբի համանախագահների կողմից արված բոլոր առաջարկությունները: Առաջին՝ հեռացնել դիպուկահարներին հակամարտության շփման գծից: Երկրորդ՝ հասարակություններին պատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի:

Ադրբեջանում ամեն օր հնչում են ռազմատենչ հայտարարություններ, և փորձ է արվում ժողովուրդների միջև պահել թշնամական հարաբերություններ: Ադրբեջանի նախագահն իր հայտարարություններից մեկում ողջ աշխարհի հայերին անվանեց թշնամի: Այնուհետև տեղի ունեցավ Սաֆարովի դեպքը, երբ հայ սպային քնած վիճակում կացնով սպանած ադրբեջանցի մարդասպանը ազատ արձակվեց և ներման արժանացավ Բաքվում: Եղավ նաև գրող Աքրամ Այլիսլիի դեպքը, երբ նա հալածանքների ենթարկվեց` Բաքվում հայերի կոտորածների մասին գրելու համար:

Որքանո՞վ եք դուք հավատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը: 

Երեք համանախագահ երկրները միաժամանակ նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են, ինչն ինձ մեծ հավատ է ներշնչում գործընթացի նկատմամբ. դուք չեք կարող տեսնել նմանատիպ ձևաչափ մեկ այլ հակամարտության կարգավորման հետ կապված:

Ի տարբերություն Ադրբեջանի, հայկական կողմերը կիսում են հիմնախնդրի լուծման վերաբերյալ համանախագահ երկրների առաջարկությունները, սակայն եթե հակառակ կողմը մերժում է որևէ փոխզիջում, մենք ի՞նչ կարող ենք անել: Հայկական տեսակետն այն է, որ Ադրբեջանը պետք է ավելի պատասխանատու դիրքորոշում որդեգրի և հրաժարվի «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքից: 

Ըստ Ձեզ՝ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը դեռ կշարունակի՞ իր գործունեությունը: 

Այո, այն կշարունակի իր գործունեությունը: Բոլոր երեք համանախագահ երկրները, լինելով ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ, պատասխանատվություն են կրում նաև մեր տարածաշրջանի խաղաղության համար: Բոլոր երեք երկրներն էլ մշտապես խոսում են խնդրի խաղաղ կարգավորման մասին: Ադրբեջանը ցանկանում է խուսափել այս ձևաչափից, քանի որ դա նպաստում է խաղաղության կայացմանը: Մյուս տարի կլրանա հրադադարի հաստատման քսանամյակը: Այն պահպանվում է առանց միջազգային խաղաղապահ ուժերի` նաև շնորհիվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի:

Ի՞նչ ուղերձ կհղեիք մարդկանց ԵՄում՝ այս հակամարտության վերաբերյալ:

ԼՂՀ-ն կայացած, ժողովրդավարական պետություն է, և ես կոչ եմ անում բոլորին այցելել Արցախ և տեսնել իրական վիճակը:

Մենք նաև կողմերի միջև հումանիտար շփումների կարիք ունենք, ինչը կօգնի նվազեցնել ատելությունը:

Արդյո՞ք Եվրոպան պետք է անհանգստացած լինի ևս մեկ պատերազմի վերսկսման հեռանկարով:

Իհարկե, նրանք պետք է որոշակիորեն անհանգստացած լինեն, սակայն կան մի շարք գործոններ, օրինակ՝ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը և Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, որոնք ավելի են նվազեցնում պատերազմի հավանականությունը: Այնուամենայնիվ, համանախագահները, ԵՄ և ԵԱՀԿ երկրները պետք է դատապարտեն ռազմատենչ և ռասիստական հայտարարությունները, քանի որ չդատապարտելը նվազեցնում է խաղաղության պահպանման հավանականությունը:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայում ձերբակալվել է 79-ամյա գող «Էտուշ մայրիկը»’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ-ի հետ ԽՀԱԱԳ համաձայնագիրը կխոչընդոտի՞ ԱՊՀ շրջանակներում գործող Ազատ առեւտրի գոտուն ‘