‘Շատ հայեր կախման մեջ են արտասահմանյան փոխանցումներից’

802

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի կրթական ծրագիրը Հայաստանի բանկերին տվեց 10 հազար նոր հաճախորդ և 4 մլն.դոլարի լրացուցիչ ավանդներ: Այս մասին այսօր ՀՀ Կենտրոնական բանկում տեղի ունեցած` ծրագրի արդյունքների ամփոփմանը վերաբերվող սեմինարին լրագրողներին հայտարարել է Developing markets associates (DMA) ղեկավար Լեոն Այզեկը, ում հանձնարարվել էր ծրագրի իրականացումը: Ծրագիրն ուղղված էր դրամական փոխանցումներ ստացող քաղաքացիների կողմից բանկերի նկատմամբ վստահության բարձրացմանը:

Ծրագրի համակարգող Սառա Հյուգոն իր հերթին տեղեկացրել է, որ ծրագրին մասնակցել են 24 հազար հայեր, որոնց տրամադրվել է անվճար ֆինանսական խորհրդատվություն, ինչի շնորհիվ Հայաստանի բանկերն ստացան ֆինանսապես կրթված նոր հաճախորդներ, որոնց մի մասը գերադասեցին իրենց խնայողությունները դնել բանկերում: Նա նաև հաղորդել է, որ ծրագրի մասնակիցների մեծ մասը (74%) ընդունել է, որ արտասահմանից, մասնավորապես Ռուսաստանից, պարբերաբար ստանում է ֆինանսական օգնություն՝ բանկային փոխանցումների տեսքով: Ընդ որում, շատերն ուղղակի կախման մեջ են գտնվում այդ փոխանցումներից:

EBRD երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսը սեմինարի ընթացքում նշել է, որ հայերի մեծամասնությունը դրամական փոխանցումներ է ստանում արտասահմանից, ընդգծելով, որ նրանցից քչերն են, որ բանկերում ունեն ավանդային հաշիվներ, նշելով, որ «այդ քաղաքացիների ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացումից շահում են թե քաղաքացիները, և թե երկրի տնտեսությունը»:

Նշենք, որ նման ծրագրեր EBRD իրականացրել է նաև անցումային տնտեսություն ունեցող երկրներում, այդ թվում` Վրաստանում, Մոլդովայում, Տաջիկստանում, Ղրղզստանում և Ադրբեջանում: Ծրագրի շրջանակներում ընդհանուր հաշվով ֆինանսական խորհրդատվություն է ստացել 145 հազար մարդ, որոնցից 23 հազարը հաշիվներ է բացել բանկերում, իսկ նոր ավանդների ընդհանուր գումարը կազմել է 26 մլն.դոլար:

Նախորդ հոդվածը‘Ակտիվիստները սպառնացել են «ձմռանը գազի փոխարեն ՀԾԿՀ աշխատակիցներին այրել»’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. Ասրյանը քրեորեն պատժելի կոչ է արել ‘