‘«Շարժե՛նք անշարժը»’

1104

Որքան շատ ժամանակ է մարդ անցկացնում նստած վիճակում, այնքան վատ է նրա առողջությունը և կենսավիճակը, հաշվարկել են գիտնականները: Նրանք առաջարկում են կառուցել աշխատանքային սեղաններ, որոնց մոտ կարելի է ոչ միայն նստել, այլև կանգնել:

Մարդկանց մեծ մասն այսօր գրեթե ողջ օրն անցկացնում է նստած՝ գրասենյակում՝ համակարգչի առջև, պարապմունքներին՝ դպրոցում կամ բուհում, ավտոմեքենայում՝ ղեկի մոտ, տանը՝ հեռուստացույցի առաջ կամ էլ սոցիալական կայքերում: Կանզաս նահանգի համալսարանի գիտնականները նստած կենսակերպում են տեսնում առողջության համար գլխավոր վտանգներից մեկը, որը կարող է հանգեցնել ճարպակալման, շաքարախտի, սրտանոթային հիվանդությունների և անժամանակ մահվան: Հետազոտությունների արդյունքներով՝ քիչ նստակյաց կյանք վարողները (օրական 0-4 ժամ) 13%-ով ավելի առողջ են, քան  օրական 8 և ավելի ժամ նստած անցկացնողները: Երկար ժամանակ նստած անցկացնելը հանգեցնում է մկանների ընդարմացման, ինչը մեջքի ցավերի հիմնական պատճառներից է: Միևնույն ժամանակ՝ նստակեցությունը դանդաղեցնում է օրգանիզմում նյութափոխանակությունը:

Գիտնականները շատ պարզ գաղափար են առաջարկում՝ ստեղծել աշխատանքային սեղաններ, որոնց մոտ կարելի ոչ միայն նստել, այլև կանգնած աշխատել: Այդպիսի սեղաններով կարելի է կահավորել գրասենյակները, դասասենյակները և լսարանները: Իսկ տանը նման սեղանների շուրջ դպրոցականները կարող են կատարել տնային առաջադրանքները: Դեռ 2013 թ. հունվարին բրիտանացի մի գիտնական հրապարակել է տվյալներ, որոնց համաձայն՝ գրասենյակային աշխատողները կորցրել են քաշը՝ ընդամենը կանգնած վիճակում աշխատելով: Ըստ նրա՝ հաշվարկների՝ աշխատանքային սեղանի մոտ ընդամենը  երեք ժամ կանգնած անցկացնելը հավասարազոր է տարեկան 8 ֆունտ (3,6 կգ) քաշ չկուտակելու, փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և ԵՎՐՈ-ի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում գտնվող ռուսական ռազմակայանում սկսել են նախապատրաստվել «տանկերի բիատլոնին»’