‘ՇԱՐԺՈՒՄ-88. Համբարձում Գալստյանի «Չուղարկված նամակներ» շարքից ‘

5316

Ստորեւ ներկայացնում ենք «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Համբարձում Գալստյանի՝ 1989թ. մոսկովյան «Բուտիրկա» բանտից նամակի ժանրով գրած փաստաթուղթը համառոտած` քաղելով իրադարձային մասը, որ վերաբերում է 1988-ի երկրաշարժի օրերին Կոմիտեի գործունեությանը, ապա ձերբակալությանն ու բանտարկությանը։

(Բնագիրը՝ «Չուղարկված նամակներ», Երեւան, 2013, կազմող եւ խմբագիր Հարություն Մարության)։

  

… Սկսեմ սկզբից՝ երկրաշարժից:[1]

Գրողների միությունում էինք,[2] երբ այն սկսվեց: Շուրջ 40 վայրկյան շենքը ուժեղ ցնցվում էր, ու քիչ էր մնում մետրանոց ջահը առաստաղին բախվեր ու փշրվեր: Վախեցել էինք, բայց երբ Հոկտեմբերյան զանգեցինք ու իմացանք, որ ատոմակայանը չի վնասվել, միանգամից հանգստացանք:[3] Ավելին իմանալ չհասցրինք, որովհետև տղաներով պայմանավորվել էինք հանդիպել ժամը 12-ին…

Ժամը 12-ին տղաներով հավաքվեցինք Կենտրոնական շուկայի մերձակայքում գտնվող ինչ-որ բնակարանում: Արդեն ավանդույթ էր դարձել, որ քիչ թե շատ կարևոր խոսակցություն ունենալու դեպքում կամ քաղաքից դուրս էինք գնում, կամ այնպիսի մի բնակարանում էինք հավաքվում, ուր նախկինում չէինք եղել: Այս անգամ, եթե չեմ սխալվում, պիտի քննարկեինք ռազմական դրության նկատմամբ մեր վերաբերմունքը վերանայելու և ավելի ակտիվ ու հարձակողական քաղաքականության անցնելու հարցերը:[4]

Ժամը 15-ին մոտ էր, երբ խոսակցությունն ավարտեցինք և դուրս եկանք: Դրսում նկատեցինք, որ հարևան բոլոր շենքերի բակերում մարդիկ են հավաքված: Պարզվեց, որ ռադիոն հայտնել է նոր ցնցումների հնարավորության մասին և այն, որ երկրաշարժի գոտում զոհեր կան: Գրողների տուն հասնելուն պես սկսեցինք արդեն ահավոր լուրեր ստանալ՝ Լենինականը չկա, Սպիտակը չկա, Կիրովականը չկա, Ստեփանավանը չկա[5]… Խուճապ էր: Մի քանի անգամ զանգեցինք հանրապետության ղեկավարությանը, բայց անընդմեջ խորհրդակցություններով զբաղված «ընկերները»[6] չկարողացան որևէ որոշակի պատասխան տալ: Որոշեցինք ինքներս գնալ ու սեփական աչքերով տեսնել կատարվածը: Բաբիկի մեքենայում չորսով էինք՝ ինքը, Վազգենը, Սամսոնն[7] ու ես: Ճանապարհին անընդհատ վառված լույսերով մեքենաներ էին հանդիպում՝ ահավոր արագությամբ ընթացող: Ենթադրեցինք, որ վիրավորներ են տեղափոխում: Չգիտես ինչու, հիմարի նման ասացի, որ երևի զոհերի թիվը շատ չի լինի՝ մոտ 100 մարդ, ինչի վրա Բաբկենը խիստ զայրացավ ու գոռգոռոցը գցեց. ի՞նչ է նշանակում, թե զոհերը շատ չեն, և քանիսը պետք է լինեն, որ ինձ նման ապուշը շատ համարի:

Թե ինչ վիճակում էր Լենինականը, նորից պատմել չեմ ուզում, քեզ մի անգամ արդեն պատմել եմ։ Ուզում էի միայն տեղեկացնել, որ ուշ երեկոյան վերադառնալիս հետներս վերցրինք 5-6 տարեկան մի երեխայի, որի ծնողների հետ չեմ հիշում ինչ էր պատահել (երեխան, կարծեմ, Վազգենի ազգականներից էր): Դժոխային խավար էր: Շատ երկար պիտի քայլեինք և երեխային հերթով ձեռքերի վրա տանում էինք: Բաբիկն առաջ էր ընկել, որպեսզի հանկարծ չսայթաքեմ երեխայի հետ, ու հենց ինքն ինչ-որ փոս ընկավ ու ոտքը ջարդեց: Հետո մեքենան փչացավ, ահագին չարչարվեցինք ու երեխային ինչ-որ մեկի հետ ուղարկեցինք: Վերադառնալուց երեքով էինք՝ ես, Բաբիկն ու Վազգենը: Ոչ մի խոսք ճանապարհին համարյա չփոխանակեցինք: Գալիս էինք ահռելի արագությամբ: Սկզբում Վազգենն էր վարում, ու Բաբիկի նյարդերը չդիմացան՝ խնդրեց, որ ես վարեմ մեքենան: Ես նստեցի ու նորից, իմ կամքից անկախ, սկսեցի վարել նույն արագությամբ: Չգիտեմ ինչից էինք փախչում և ուր: Ծանր վիճակ էր:

Գիշերն արդեն կես էր եղել, երբ Գրողների տուն հասանք: Բոլոր տղաներն այնտեղ էին: Որոշեցինք հաջորդ օրվանից ամեն ինչ թողնել ու զբաղվել բացառապես փրկարարական աշխատանքներով: Սակայն առավոտից հակասություններ ծագեցին ինչպես տեղական, այնպես էլ զինվորական իշխանությունների հետ:                                                                                                                                                           Այդ մասին ես ևս կարծեմ քեզ գրել եմ:[8] Կուզեի միայն ավելացնել, որ մի քանի պաշտոնական հայտարարություններ կատարեցինք, ուր խիստ կտրուկ քննադատում էինք իշխանություններին՝ և՛ տեղական, և՛ զինվորական, և՛ կենտրոնական: Բացի այդ, արտասահմանյան երկրներից ու միջազգային կազմակերպություններից խնդրեցինք, որպեսզի Հայաստան կամ Խորհրդային Միություն որևէ այլ բան չուղարկեն՝ դեղորայքից, շինանյութից, հագուստից և ուտելիքից բացի և մանավանդ ձեռնպահ մնան դրամ ուղարկելուց: Այս խնդրանքը պատճառաբանված էր որպես օգնություն ստացված իրերի եռաստիճան-քառաստիճան գողությամբ և, կարծում եմ, որ լավ չարացրեց իշխանություններին, մանավանդ՝ մոսկովյան: Մեկ այլ հայտարարությամբ խնդրեցինք, որ Ամերիկայում և Եվրոպայում օգնությունը կոորդինացնելու գործում մեր լիազորները լինեն համապատասխանաբար Ջորջ Դոքմեջյանը և Շառլ Ազնավուրը:[9]

Դեկտեմբերի 8-ի երեկոյան մեր տղաներից մեկը Լենինականից տեսաժապավեն էր բերել ու ինձ տվեց: Պիտի ամերիկյան հեռուստաընկերությանը հասցնեինք (Էյ-Բի-Սի), ու որոշեցի նախօրոք նայել: Նյարդերս երևի թե խիստ լարված էին, որովհետև նայելու ժամանակ սիրտս վատացավ: Շտապ օգնության բժիշկները կտրականապես անկողնային ռեժիմ պահանջեցին՝ գոնե մի շաբաթ: Երկու օրից ավել չկարողացա պառկել ու 10-ի երեկոյան վեր կացա: Չգիտես ինչու ծանր նախազգացումներ ունեի: Մետրոյից դուրս գալուն պես հասկացա, որ նախազգացումներս ինձ չեն խաբել. Բարեկամության պողոտան հեղեղված էր տանկերով, զրահամեքենաներով ու մինչև ատամները զինված դեսանտայիններով: Զինվորականներին մի կերպ համոզելով, խաբելով հասա մինչև Գրողների տուն:

Հասա այն պահին, երբ առջևից բեղավոր մի սպա դուրս եկավ, նրա հետևից Լևոնը՝ երկու զինվորի ուղեկցությամբ: Հիշու՞մ ես, չէ, Լևոնի հպարտ քայլվածքը՝ իսպանական գրանդի նման: Կողքից եկող զինվորներից մեկը, չգիտեմ ինչ նպատակով, ավտոմատով հրեց նրան, բայց ուսի վրայից նետված մի հայացքը բավական էր, որպեսզի տափաստանի զավակը[10] սաստվեր և ետ մնար:

Լևոնից հետո, տղաների օգնությամբ, դուրս բերեցին Բաբիկին, որի ոտքը գիպսի մեջ էր: Հետո Վազգենին դուրս բերեցին, էլի զինվորների ուղեկցությամբ: Վրաս ուշադրություն հրավիրելու նպատակով երկու-երեք անգամ ռուսերեն բարձրաձայն բացականչեցի. «Տղաներ, ի՞նչ է պատահել…»: Վազգենը նայեց ու սեղմած շրթունքների արանքից բաց թողեց. «Չքվիր այստեղից»:

Ավելի մատչելի բացատրության կամ համոզելու կարիք չկար, և կամաց-կամաց սկսեցի տեղս զիջել առավել հետաքրքրասեր ականատեսներին….

Արդեն ուշ էր, երբ գտանք դրսում մնացած մյուս տղաներին և պայմանավորվելով հաջորդ օրվա հանդիպման մասին՝ բաժանվեցինք: Բնական է, որ ոչ մեկս տուն չգնաց:

Առավոտյան հանդիպեցինք Արշակենց[11] տանը: Բոլորն էլ եկել էին՝ անգամ Դավիթն[12] էր Շիրակամուտը թողել և եկել: Ականատեսները պատմեցին նախորդ օրվա ձերբակալության մանրամասների մասին: Որ Գորբաչովն էր ձերբակալության հեղինակը՝[13] ոչ ոք չէր կասկածում և ընդհանրապես քննարկման էլ չդրվեց. անմտություն կլիներ մտածելը, թե նրա ներկայությամբ որևէ մեկը կհանդգներ Երևանում նման քայլի դիմել: Ինչ վերաբերում է անմիջապես ձերբակալությանը, ապա այստեղ գլխավոր հերոսը խրոխտ ու խիզախ գեներալ Մակաշովն[14] էր….

Գեներալն իր շքախմբով մտել է Գրողների տուն, տեղյակ պահել ներկաներին, որ ինքն արդեն նշանակվել է հատուկ դրության շրջանի պարետ: Եվ քանի որ շնորհավորանքներ չեն եղել, ապա խրոխտ գեներալը զինվորական կարճ ու հատու նախադասություններով ներկայացրել է իր առաքելության նպատակը: Ըստ գեներալի, ինքն ուղարկված է եղել ոչ թե բանակցություններ վարելու, այլ վերջնագիր ներկայացնելու: Վերջնագրի էությունն էլ ծայրահեղ պարզ է եղել. եթե հինգ րոպեի ընթացքում հավաքվածները չազատեն Գրողների տունը, ապա ինքը ստիպված կլինի ձերբակալել: Լևոնը փորձել է գեներալին բացատրել որոշակի, անգամ գեներալական ուղեղի համար մատչելի ճշմարտություններ երկրաշարժի և փլատակների տակ մնացած մարդկանց ճակատագրի մասին, բայց ուսադիրավոր խոսակիցն անդրդվելի է եղել. չեմ ուզում լսել և վերջ: Եվ դրանից հետո խեղճ Լևոնը ստիպված է եղել Միխայիլ Սերգեևիչի բանագնացին դուրս հրավիրել:

«ԱյսպեսկոչվածՂարաբաղկոմիտեի»[15] անհյուրընկալ վերաբերմունքից խիստ վիրավորված զինվորականը հեռացել է՝ արագ վերադառնալու խոստումով: Եվ իսկապես, մի քանի րոպե անց վերադարձել է արդեն պատկառելի զորաբանակի ուղեկցությամբ, մի քանի բարձրաստիճան սպաների հետ միասին մտել է տղաների մոտ և հրամայել ընկեր սպաներին՝ կատարել իրենց պարտքը: Ու կատարել են:

Դեռ ընդհանուր հայտարարի չէինք եկել անելիքների վերաբերյալ, երբ տեղեկություն բերեցին, որ Թամանյանի արձանի մոտ[16] ընդհարում է սկսվել զինվորների հետ, և բոլորս շտապեցինք այնտեղ: Տեսնելով ստեղծված ծանր ու պայթյունավտանգ իրավիճակը, որոշեցինք բողոքի երթ կազմակերպել. և՛ ժողովրդին վտանգավոր գոտուց դուրս կբերեինք, և՛ մարդիկ կուտակված վիրավորանքն ինչ-որ կերպ արտահայտելով՝ մի փոքր կլիցքաթափվեին: Մանրամասն չեմ ուզում այդ մասին պատմել, որովհետև մի անգամ գրել եմ[17]:

Հավատացնում եմ, որ Միխայիլ Գորբաչովի այս անգամվա ցուցադրական միջոցառումները՝ դեմոկրատիայի ամրապնդման նպատակով, Հայաստանում երկար ժամանակ ոչ ոք չի մոռանա:

Հաջորդ օրերին արդեն լիարժեք ընդհատակ էինք անցել: Երկու-երեք օրը մեկ փոխում էի բնակարանս: Ասենք՝ միշտ չէ, որ բնակարան ասելը ճիշտ կլինի. ավելի հաճախ թաքնվում էի նկարիչների արվեստանոցներում, ձեղնահարկերում: Գեղարվեստաթատերական ինստիտուտի ուսանողները բեղ-մորուք էին բերել, և միշտ, տանից դուրս գալիս, դրանք սոսնձում էի դեմքիս….

Դեկտեմբերի 13-ին թե 14-ին մի շատ հետաքրքիր դեպք պատահեց: Հերթական բնակարաններից մեկում էի, ընդ որում՝ մի այնպիսի բնակարանում, ուր ոչ մեկի մտքով չէր անցնի ինձ փնտրել: Որոշեցի Գալյա Ստարովոյտովային[18] զանգահարել և տեղեկացնել կատարվածի մասին: Հազիվ էի երկու-երեք խոսք փոխանակել տղաների ձերբակալության մասին, երբ կապն ընդհատվեց: Նորից Մոսկվա զանգեցի ու շարունակեցի պատմել: Երբ հայտնեցի իմ կարծիքը ձերբակալության ու մնացած, ոչ պակաս մարդասիրական քայլերի հեղինակի վերաբերյալ, հեռախոսը նորից անջատվեց: Երրորդ անգամ նորից Գալյայի հետ կապվելուց հետո ընդհանուր հայտարարի եկանք, որ ճիշտը անմիջապես հյուրընկալ բնակարանը լքելն է: Ու լքեցի: Ու երբ երեկոյան զանգահարեցի կանխազգացումներս ստուգելու համար, պարզվեց, որ իմաստուն որոշում ենք ընդունել. իմ հեռանալուց մեկ-երկու ժամ անց բնակարան են ներխուժել 7-8 զինվորական ու սկսել են խուզարկել: Ընդ որում, այնքան են համոզված եղել ձեռնարկված ռազմական գործողության հաջողության մեջ, որ ինձ չգտնելով՝ սկսել են մահճակալների տակերն ու պահարանները քրքրել: Խեղճ տանտիրուհին սկզբում անակնկալի գալով՝ չէր հասկացել համազգեստավոր հյուրերի գալստյան նպատակը, բայց գլխի ընկնելուց հետո մի այնպիսի փոթորիկ է բարձրացրել, որ շենքի բոլոր հարևանները հավաքվել են….

 

Տղաների ձերբակալությունից շուրջ 8-10 օր էր անցել, երբ Երևան եկան Սախարովը, Բոնները, Ստարովոյտովան, Բատկինն[19] ու էլի ինչ-որ մարդիկ՝ հիմնականում ակադեմիական շրջանակներից: Եղել էին աղետի գոտում, հանդիպումներ ունեցել Գիտությունների ակադեմիայում ու, եթե չեմ սխալվում, Գրողների տանը: Հետո ամբողջ խմբով գնացել էին Ղարաբաղ, Ստեփանակերտում հանդիպել էին հայերի, իսկ Շուշիում՝ նաև ադրբեջանցիների հետ:[20] Ասացին, որ Շուշիում ինչ-որ շատ ծանր միջադեպ է կատարվել (հիմա արդեն լավ չեմ հիշում): Փոխարենը լավ հիշում եմ տղաների պատմածը Գիտությունների ակադեմիայում տեղի ունեցած հանդիպման մասին, ուր մեր մտավորականության «ծաղիկը» հերթական անգամ փայլուն կերպով ներկայացրել էր իր ամբողջ ողորմելիությունն ու չնչինությունը: Նորից պատմել էին, թե մենք որքան լավն ու խելոքն ենք, թե ինչպես դարեր շարունակ երազել ենք «ռուս մեծ ժողովրդի հետ հավերժ միասին» լինելու մասին, թե ինչպես ազգովին անմնացորդ տրվել ենք վերակառուցմանն ու դեմոկրատացմանը, թե ինչպես միլիոնով կանգնած Թատերական հրապարակում վանկարկում էինք «Ленин, партия, Горбачев»[21] (ի՜նչ ահավոր ամոթ): Ու այսքանից հետո մեզ չեն սիրում. սիրում են վայրենի ու բարբարոս ադրբեջանցիներին (թուրքերին, մահմեդականներին…): Ուզում եք՝ ինձ խաչեք, բայց ես իսկապես չեմ հասկանում, թե դեկտեմբերի 7-ից հետո Հայաստանում է՛լ ինչ պիտի աներ Միխայիլ Սերգեևիչը, որ այս ողորմելի մարդիկ հասկանային, որ «սեր» բառն աշխարհի ոչ մի երկրում հրատարակված քաղաքական տերմինների բառարանում գոյություն չունի: Եվ եթե քաղաքականության մեջ սեր էլ կա, ապա նա երևի միշտ նման է հարեմային սիրուն, երբ շաբաթը կամ ամիսը մեկ անգամ իր կանանց մոտ իջած փադիշահի մտքով էլ չի անցնում, որ իր ժամանակավոր փաղաքշանքները, փսլնքախառն գուրգուրանքներն այնքան էլ հաճելի չեն իր սիրո օբյեկտին: Ստրուկ են ու երազում են, որ տերն իրենց գոնե մի քիչ սիրի (հիշում ես, չէ՞, կարծեմ Սենեկայի խոսքերն են ստրուկի երազանքի մասին, որ իրեն շուկա տանեն ու մի լավ, բարի ու առատաձեռն տեր գնի)….

 

Դեկտեմբերի 29-ին գրեցի «Ամանորյա ուղերձ հայ ժողովրդին», որի տակ վերջին անգամ դրվեց «Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտե» ստորագրությունը: Կարծես թե լավ ստացվեց, չնայած պետք եղածից հուզական էր …. Տվեցի տղաներին բազմացնելու: Ասում են՝ շատ է տարածվել՝ հիմնականում ձեռագիր օրինակներով, քանի որ բոլոր բազմացնող մեքենաները հսկողության տակ են: Մարդիկ շատ լավ են ընդունել. համոզված եմ՝ ոչ այնքան նամակը, որքան նամակի տակ եղած ստորագրությունը: Կոմիտեն կա, Կոմիտեն գործում է….

Հունվարի 7-ին որոշեցինք խմբով հավաքվել ու անելիքներս որոշել՝ եթե երկու օր անց, նախնական կալանքի հայտարարված երեսուն օրը լրանալուց հետո տղաներին բաց չթողնեն:[22] ….

Բավական երկար նստեցինք: Եթե չեմ սխալվում, որոշեցինք հաջորդ օրը ներկայանալ սուտակե աստղերով քաղաքից[23] ժամանած արդարադատության գեներալներին ու գնդապետներին, եթե երաշխավորեն մեր ազատությունը (սուրբ արկադյան միամտություն, իսկ ավելի ճիշտ՝ անուղղելի տխմարություն): Մոտ ժամը 18-ին, չգիտեմ ինչ կերպ, բնակարան ներխուժեցին 6-8 մահակավոր, ոստիկանի համազգեստով զինվորներ և երևի թե նույնքան էլ մարզական համազգեստով հաղթանդամ ռուս երիտասարդներ, որոնք այդ ամբողջ ընթացքում ոչ մի անգամ չմիջամտեցին, բայց և ձեռքները աջ գրպաններից չհանեցին: Ենթադրում եմ, որ հենց սրանք են նշանավոր «Ալֆա» խմբի[24] անդամները: «Հյուրերին» ղեկավարում էին ավագ լեյտենանտի ուսադիրներով մի ռուս սպա և փողկապավոր մի հայ երիտասարդ: Ընդ որում, վերջինիս պահվածքից ու կեցվածքից զգացվում էր, որ նրա չերևացող ուսադիրների աստղերն ավելի մեծ կամ գոնե ավելի շատ էին:

Սկսվեց փաստաթղթերի ստուգումը: Սկզբում ես ներկայացրի անձնագիրս, հետո՝ մեզ ուղեկցող մյուս տղաները: Կոմիտեի մյուս երեք անդամները հայտարարեցին, որ հետները փաստաթուղթ չունեն….

Ինչևիցե, կարճ կապեմ: Բոլորին վերադարձրին փաստաթղթերը՝ ինձանից բացի: Ինձ կարգադրեցին իրենց հետևել: Չորս հոգու ուղեկցությամբ, հարևանների կարեկցող-զարմացած հայացքների ներքո աստիճաններով իջնում էինք, երբ հևիհև մեզ հասավ մեր հայրենակիցը և գազազած դիմեց ավագ լեյտենանտին. «Գժվե՞լ եք, ինչ է, բոլորին էլ տարեք: Սա ամբողջ «Ղարաբաղ» կոմիտեն է»: Ու տարան՝ ոչ միայն Կոմիտեի մյուս անդամներին ևս, այլև ներկա տասը հոգուն էլ: Տարան Թատերական հրապարակ ու… փակեցին օպերայի շենքում[25]…..

 

Բանտ, ներողություն՝ քննչական մեկուսարան[26] տեղափոխելուց առաջ, օպերայի վառ լուսավորված ճեմասրահում առաջին անգամ զգացի խուզարկվելու հաճույքը: Խուզարկողը ոստիկանական համազգեստով մեկ ուրիշ ռուս ավագ լեյտենանտ էր, որն իր աշխատանքը կատարում էր սեփական մասնագիտության նկատմամբ ակնածանք տածող մարդու ջանասիրությամբ….

Կեսգիշերը վաղուց անցել էր, երբ բանտի, ներողություն՝ քննչական մեկուսարանի փակ մեքենայով օպերայից Սովետաշեն[27] տեղափոխեցին….

Հունվարի 9-ի երեկոյան կարգադրեցին իրերով դուրս գալ: Այդ օրը լրանում էր դեկտեմբերի 10-ին բարձրագույն հրամանով կալանված, թե ձերբակալված մեր տղաների 30-րդ օրը (հետաքրքիր է, չէ՞, դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է, որն այդքան հաջող կերպով համընկավ բարձրաստիճան հյուրի այցելության հետ): Տարան կիսախավար մի սենյակ, ուր մի քանի զինվորականներ ու քաղաքացիական զգեստներով երկու-երեք անձինք կային: Զինվորականներից մեկը՝ մի մայոր, ձայնին որոշակի հանդիսավորություն տալով՝ սկսեց մի թուղթ կարդալ, որի բովանդակությունը հիմնականում հանգում էր նրան, որ հատուկ գոտու պարետ գեներալը ինձ ժամկետից շուտ ազատ է արձակում: Վերջացնելուց հետո ժպտադեմ մայորը կարգադրեց, որ ներքնակս հանձնեմ, որից հետո ազատ եմ: Այս կտրուկ ու չնախատեսված փոփոխությունից տարակուսած ու շվարած՝ կանգնել էի, երբ մոտեցավ քաղաքացիական հագուստով անձանցից մեկը և ներկայանալով որպես ԽՍՀՄ դատախազության քննչական խմբի[28] անդամ, ավետեց, որ գործող օրենսդրության այսինչ-այսինչ հոդվածների համաձայն, իմ նկատմամբ քրեական գործ է հարուցված, ու ցույց տվեց շրջանի դատախազի թույլտվությունը՝ ինձ նախնական կալանքի վերցնելու մասին: Որքան հասցրի նկատել, որպես նախնական կալանքի վայր նշված էր ամենազոր կոմիտեի բանտը, ներողություն, քննչական մեկուսարանը: Ընդհանրապես, ներկայացվող փաստաթղթերի բովանդակությունը մեծ դժվարությամբ էի յուրացնում. ոչ մի կերպ չէի կարողանում հայացքս թեքել ինձ ազատություն շնորհող զինվորականի՝ անկեղծ հրճվանք արտահայտող դեմքից….

 

Երևի թե երեկոյան 10-ն անց էր, երբ խցի երկաթե դռները իրենց յուրահատուկ ճռնչոցով բացվեցին, և ներս մտան երկու ավտոմատավոր զինվորներ: Բանտախցում կարևորագույն ստրատեգիական դիրքերն զբաղեցնելուց հետո ներս մտան երկու թե երեք բարձրաստիճան զինվորականներ և կաշվե քաղաքացիական վերարկուով[29] մի անձնավորություն: Երևի թե ավելորդ է նշել, որ հյուրերի մեջ ոչ մի հայ չկար: Ազգանունս կարդացին և պահանջեցին իրերով դուրս գալ: Անհամազգեստ անձնավորությունը պահանջեց ձեռքերս միացնել և առաջ բերել, որից հետո սովոր ու վարժ շարժումներով ձեռնաշղթա հագցրեց: Կարեկցող հայացքով վրաս նայող խցակիցներս հասցրին միայն մի տուփ ծխախոտ խցկել գրպանս, չնայած գիտեին, որ չեմ ծխում:

Աջ կամ ձախ չնախատեսված որևէ քայլ գցելու լուրջ հետևանքների մասին ներքին ծառայության զորքերի գնդապետի կողմից սպառիչ տեղեկություններ ստանալուց հետո, ավտոմատավոր զինվորների պարտավորեցնող հարևանությամբ ճանապարհ ընկանք: Շքախումբն իր ճանապարհն ընդհատեց առաջին հարկում, որի խցերից մեկում անհամազգեստավորն սկսեց առանց շտապելու խուզարկել…. Շենքի ներքին բակում անցկացրին կենդանի շղթայի միջով, որից հետո բարձրացրին զինվորական մի բեռնատար մեքենայի թափք: Մեքենայի մեջ, երեք շարք նստարանների վրա նստած էին մահակավոր ու ավտոմատավոր շուրջ 20-25 զինվորներ: Խիստ հուզիչ էր ինձ նստեցնելու արարողությունը: Միջին նստարանի վրա միայն մի զինվոր թողեցին, որը մեջքով դեպի վարորդն էր նստած: Ինձ տեղավորեցին անմիջապես նրա դիմաց՝ դեմ առ դեմ: Զինվորը ոտքերս սեղմեց նստարանին, որից հետո ոտքերով ու ձեռքերով ծնկներս գրկեց: Մի ուրիշ զինվոր էլ հետևից ուսերս էր բռնել կամ, ավելի ճիշտ, պառկել էր վրաս: Հասցրեցի նկատել, որ բեռնատարի առջևից ու հետևից զրահամեքենաներ էին գալիս: Փորձեցի ուղեկիցներիցս իմանալ, թե ուր են տանում, բայց երբ դիմացս նստած, եսենինյան[30] լուրթ աչքերով զինվորը մի քանի խիստ «ինտիմ ցանկություններ» հայտնելուց հետո խոստացավ հաջորդ խոսելու դեպքում գանգս փշրել, հետաքրքրասիրությունս զգալիորեն նվազեց: Հիմա երևի կծիծաղես, բայց սկսեցի մտքումս ամենայն լրջությամբ քննարկել վատագույն ժամանակների լավագույն ավանդույթներով, հակավերակառուցողական կամ հակաչգիտեմինչական գործունեության համար Սովետաշենի աղբանոցում շանսատակ արվելու հեռանկարը:

Մեքենայի մեջ մոտ մեկ ժամ ցնցվելուց հետո դժվարությամբ հրաժեշտ տվեցի Սովետաշենի աղբանոցում հուշարձան ունենալու հրապուրիչ հեռանկարին (պատկերացնում ես, չէ՞, ինչ հուշարձանախումբ կլիներ. 1905 թ. Կարմիր Պրեսնյայում զոհված բոլշևիկների հուշարձանի[31] նման և մեր հայրենակցուհիների գեղեցիկ աչքերից հեղեղի նման արցունք բերող մակագրությամբ, և այս բոլորը՝ այրվող աղբի ծխի ֆոնի վրա): Դեռ չէի հասցրել մտքումս քննարկել հնարավոր մյուս տարբերակների բոլոր թեր և դեմ հանգամանքները, երբ հզոր շարժիչների ձայնից հասկացա, որ օդակայան են բերել: Մեքենայից իջնելուց և ծանոթ շան գոլ շնչառությունը մեջքիցս ներքև ընկած զգայուն հատվածում անընդհատ զգալով՝ նորից կենդանի շղթայի միջով անցա, որից հետո ինքնաթիռ բարձրացրին: Մերոնք արդեն ինքնաթիռում էին՝ Վանոն, Դավիթը, Սամսոնը և Ռաֆայել Ղազարյանը: Արդեն հասցրել էի բոլորին կարոտել, և մտքովս անցավ, որ եթե բոլորիս մի խցում տեղավորեն, ապա հենց այնպես կարելի է մի քանի տարի դիմանալ: Անուղղելի ապուշ…..

 

Ինքնաթիռը կանգ էր առել օդակայանի հեռավոր անկյուններից մեկում, ուր, արդեն հավուր պատշաճի, բանտի երկու մեքենաներ էին սպասում: Ինձ ու Վանոյին միասին նստեցրին: Պահակախմբի զինվորներին ծխախոտով հյուրասիրելուց հետո թույլ տվեցին մի փոքր զրուցել: Վանոյի հետ մեկ-երկու խոսք փոխանակելուց հետո սկսեցինք զինվորներին հարց ու փորձ անել, թե ուր են մեզ տանում: Ինչպես պարզվեց, ռազմական այդ գաղտնիքը զինվորները գնահատել էին մեկ տուփ ծխախոտ, որն ստանալուց հետո, առանց երկար դիմադրելու հայտնեցին, որ մեզ տանում են Մատրոսսկայա տիշինա[32] քնարական անունով բանտը, ներողություն, քննչական մեկուսարանը: Ճանապարհը բավական երկար էր, և նրանք սկսեցին տեղեկություններ տալ մոսկովյան նմանատիպ հիմնարկությունների մասին: Փոքր, բայց և այնպես մխիթարություն էր այն հանգամանքը, որ մեզ ամենամռայլ հեղինակություն ունեցող մեկուսարան՝ Բուտիրկա չեն տանում:

Շուրջ երկու ժամից տեղ հասանք: Տարբեր կարանտինային խցերում մեկ-երկու ժամ մնալուց և երկու անգամ մասնագիտական ամենաբարձր մակարդակով խուզարկվելուց հետո մի խուց բերեցին ու փակեցին: Միայն ես էի չորս տեղանոց մաքուր, պայծառ լուսավորված խցում, և անկողին ու սպիտակեղեն ստանալուց հետո անմիջապես քնեցի, ընդ որում վերջին մտքերս այնքան էլ տհաճ չէին. հանգիստ կարելի է ապրել:

Մեկ-երկու ժամ հետո արթնացա ռադիոյի հարայ-հրոցից, որը հայտնում էր, որ Մոսկվայի ժամանակով ժամը վեցն է: Ինչ խոսք, տվյալ պահին միանգամայն կարելի էր յոլա գնալ առանց այդ կարևոր տեղեկության, մանավանդ, որ քունս շատ էր տանում, բայց ռադիոն պատի միջից էր աղմկում, ու սաստելու ոչ մի հնար չկար: Համենայնդեպս, տրամադրությունս բավական բարձր էր, ինչը, թերևս, պայմանավորված էր Սովետաշենի հիմնարկության և ներկայիս կացարանի պայմանների միջև եղած խիստ էական տարբերություններով: Վերջին օրերի համար չտեսնված ախորժակով կերա մատուցված ձկնապուրը և արդեն ամբողջությամբ կապիտուլացվել էի կուշտ մարդուն պաշարող նիրհի առջև, երբ խցի դռները նորից ճռնչացին, և հերթական անգամ պահանջեցին իրերով դուրս գալ: Գիտե՞ս, չեմ կարող ասել, թե դռան ճռինչը տհաճ է. որքան էլ որ կարդացել ես, որքան էլ որ քեզ ուզում ես ներշնչել, միևնույն է՝ առաջին օրերին դեռ հույս ունես, թե ինչ-որ բան պատահելու է ու ինչ-որ մեկը կանխելու է քո նկատմամբ թույլ տրվելիք անարդարությունը, դուռը ճռնչալով բացվելու է, ու քեզ ազատելու են: Մի ծիծաղիր, այստեղ սթափ մտածելով դժվար է ապրել:

Խցից դուրս բերելուց հետո արդեն ավանդական դարձած խուզարկությունը, ձեռնաշղթաները և վերջապես վանդակաճաղերով ու համեստ երանգներով ներկված մեքենան: Ճանապարհորդելու եմ:

Ցավոք, ճանապարհորդությունս շատ չտևեց՝ մոտ մեկ ժամ: Ժամանման վայրը սպիտակավուն ինչ-որ շինություն էր, որի ճարտարապետական բարեմասնություններով հիանալ չհասցրեցի: Ներս տարան ու փակեցին մի փոքրիկ խցում, որի մակերեսը հազիվ էր հերիքում մի հոգու նստելու համար (հետո իմացա, որ տվյալ բնույթի բնակտարածությունն այստեղ բոքս է կոչվում): Մտցրեցին ու կարծես թե մոռացան. մեկ ժամ, երկու ժամ՝ ոչ ոք չի մոտենում: Որոշեցի հիշեցնել իմ ներկայության մասին, բայց երբ որոշումս իրականացրի, պարզվեց, որ նրանք գիտեն ոչ միայն իմ, այլև մորս մասին էլ: Բոքսի պատերից տեղական բանահյուսության մասին որոշակի ինֆորմացիա ստանալուց հետո որոշեցի պարզել, թե հերոս քաղաքի որ մասում են որոշել ինձ տեղավորել, և հարևան խցի բնակիչը անմիջապես բավարարեց հետաքրքրասիրությունս. հյուրընկալող հիմնարկությունը կոչվում է… Բուտիրկա:

 

Մոսկվա, Բուտիրկա

31. 01. 89 թ.

 

Ծանոթագրություններ

 

Ծանոթագրությունները կազմել է հեղինակը 1992 թ. կեսերին, երբ «Չուղարկված նամակներ» գրքույկն ամբողջությամբ թարգմանվում էր անգլերեն։ Մենք հարմար չգտանք միջամտել հեղինակի կազմած ծանոթագրություններում առկա տեղեկատվությանը, այլ ընդամենը ավելացրինք մի քանի, մեր կարծիքով՝ ոչ ավելորդ ծանոթագրություններ, որոնք առանձնանում են «Ծ.Կ.» մակագրությամբ։

  


[1] Խոսքը վերաբերում է 1988 թ. դեկտեմբերի 7-ի նշանավոր երկրաշարժին՝ Սպիտակ էպիկենտրոնով, որի ժամանակ զոհվեց շուրջ 25 հազար մարդ, լրիվ ավերվեց կամ մասնակիորեն վնասվեց հանրապետության բնակավայրերի շուրջ 40 տոկոսը:

[2] Հանրապետության գրողներին միավորող հասարակական կազմակերպության՝ Գրողների միության՝ քաղաքի կենտրոնական պողոտաներից մեկում գտնվող վարչական շենքի մի մասն այդ օրերին տրամադրված էր «Ղարաբաղ» կոմիտեին, որտեղից և փաստորեն ղեկավարվում էր ազգային-ժողովրդավարական շարժումը երկրաշարժին նախորդող ու հաջորդող օրերին:

[3] Երևանից 27 կմ հեռավորության վրա է գտնվում Հայկական ատոմային էլեկտրակայանը, որի անհուսալի անվտանգության համակարգն ու աշխարհագրական խիստ աննպաստ տեղադրությունը (սեյսմիկ գոտի ու գերխիտ բնակեցվածություն) տարերային աղետների ու, մասնավորապես, երկրաշարժի դեպքերում կարող էին վտանգի տակ դնել ընդհանրապես հայ ազգի գոյությունը: Այդ իսկ պատճառով ատոմակայանի փակումը դարձել էր Հայաստանում սկսված ժողովրդավարական պայքարի առաջնահերթ խնդիրներից մեկը, և իշխանությունները ստիպված էին 1989 թ. մարտի 18-ին կանգնեցնել նրա գործունեությունը:

[4] Ամբողջ 1988 թ. ընթացքում Հայաստանի ժողովրդավարական շարժման ներկայացուցիչները որդեգրել էին սահմանադրական պայքարի ուղին: Զինվորական իշխանությունների վայրագությունները Երևանում և հանրապետության մյուս բնակավայրերում շարժման ղեկավարներին արդեն ընդհուպ մոտեցրել էին օկուպանտներին կազմակերպված պայքար ցույց տալու մտքին:

[5] Թվարկվում են հյուսիսային Հայաստանում գտնվող և երկրաշարժից առավել տուժած քաղաքները:

[6] Խորհրդային կուսակցական մարմիններում միմյանց դիմելու ձև:

[7] «Ղարաբաղ» կոմիտեի անդամներն են. Բաբկեն Արարքցյան (ներկայումս Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ), Վազգեն Մանուկյան (հետագայում Հայաստանի Հանրապետության վարչապետ, ներկայումս հանրապետության պաշտպանության նախարար) և Սամսոն Ղազարյան (ներկայումս հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր):

[8] Տես «Բաց նամակ «Սովետսկայա կուլտուրա» թերթի թղթակից Ան. Մակարովին»:

[9] Ջորջ Դոքմեջյանը ամերիկյան հայազգի քաղաքական գործիչ է, որը վերոհիշյալ դեպքերի ժամանակ զբաղեցնում էր Կալիֆորնիայի նահանգապետի պաշտոնը: Ֆրանսիական նշանավոր երգիչ ու երգահան Շառլ Ազնավուրը ևս ազգությամբ հայ է և մեծ հեղինակություն ու հարգանք է վայելում Հայաստանում:

[10] Թերևս օրինաչափություն կարելի է համարել այն հանգամանքը, որ 1988-1989 թթ. Երևան ու Հայաստան օկուպացիոն զորք մտցնելիս նախընտրությունը տրվում էր այն զորամասերին, ուր միջինասիական հանրապետություններից զորակոչվածները կազմում էին բացարձակ մեծամասնություն: Սրանով խորհրդային ղեկավարությունը հավատարիմ էր մնում դարասկզբին կայսրության ազգային շրջաններում եղած շարժումները ճնշելիս ցարիզմի քաղաքականությանը՝ պատժիչ զորամասերն ընտրվում էին այն ազգերի ներկայացուցիչներից, որոնք ազգային կամ կրոնական հակասություններ էին ունենում պատժվող ժողովրդի նկատմամբ:

[11] Արշակ Սադոյանը շարժման ակտիվիստներից էր, ներկայումս ՀՀ Գերագույն խորհրդի տեղական ինքնակառավարման հանձնաժողովի նախագահն է:

[12] «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Դավիթ Վարդանյանն է, ներկայումս ՀՀ Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն է:

[13] Երկրաշարժի ժամանակ Միխայիլ Գորբաչովը պաշտոնական այցով գտնվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Դեկտեմբերի 10-ի առավոտյան նա ժամանեց աղետի գոտի, երեկոյան հասավ Երևան, ու երկու ժամ դրանից հետո ձերբակալվեցին «Ղարաբաղ» կոմիտեի առաջին հինգ անդամները: Տե՛ս «Երկրաշարժն ու Ղարաբաղյան շարժումը»:

[14] Ռուսական գեներալիտետի առավել ռեակցիոն թևի ներկայացուցիչն ու ղեկավարներից մեկը: Ավելի ուշ դարձավ Ուրալյան զինվորական օկրուգի հրամանատարը: Ռուսաստանի առաջին նախագահական ընտրությունների ժամանակ Բորիս Ելցինի հակառակորդն էր: 1991 թ. օգոստոսյան խռովությունից անմիջապես հետո պաշտոնաթող արվեց և ներկայումս ամբողջությամբ տրվել է քաղաքականությանը: Հակաելցինյան ու հակաժողովրդավարական ընդդիմության առավել հետադիմական ուղղություններից մեկի ղեկավարն է:

[15] Ավելի քան մեկևկես տարի շարունակ խորհրդային մամուլը Հայաստանում գործող ամենահզոր քաղաքական կազմակերպությանը անվանում էր ոչ այլ կերպ, քան «այսպես կոչված Ղարաբաղ կոմիտե»:

[16] Քաղաքի կենտրոնում, Գրողների տանից 400-500 մետր հեռավորության վրա:

[17] Տե՛ս «Երկրաշարժն ու Ղարաբաղյան շարժումը»:

[18] Գալինա Ստարովոյտովան Խորհրդային Միության ու Ռուսաստանի ժողովրդավարական շարժման առավել վառ ներկայացուցիչներից մեկն է, ազգագրագետ, Խորհրդային Միության ազգային հարցերի առավել գիտակ ու սկզբունքային մասնագետներից մեկը, որը միշտ այդ հարցերի արդար ու ժողովրդավարական լուծման կողմնակից է եղել: Ղարաբաղյան շարժման հենց սկզբից իր ձայնն է բարձրացրել հարցի արդար լուծման օգտին: 1989 թ. սկզբին Հայաստանից ընտրվել է Խորհրդային Միության ժողովրդական պատգամավոր, ավելի ուշ, ԽՍՀՄ փլուզումից հետո ընտրվեց Ռուսաստանի պետդումայի պատգամավոր: Ներկայումս նախագահ Ելցինի խորհրդականն է ազգային հարցերի գծով: Հեղինակի հետ բարեկամական հարաբերություններ ունեն ավելի քան տասը տարի:

[19] Ռուսական դեմոկրատական շարժման ճանաչված ներկայացուցիչներ: Ակադեմիկոս Անդրեյ Սախարովը աշխարհահռչակ ֆիզիկոս էր, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, ԽՍՀՄ-ում մարդու իրավունքների պաշտպանության համար մղվող պայքարի ամենահեղինակավոր դեմքերից: Ե. Բոնները Ա. Սախարովի կինն էր և մերձավոր զինակիցը, Լ. Բատկինը՝ եվրոպական միջնադարյան մշակույթի ճանաչված մասնագետ է և, ինչպես և վերոհիշյալ անձինք, «Մոսկովյան տրիբունա» հասարակական կազմակերպության առաջին դեմքերից էր (Ծ.Կ.):

[20] Ստեփանակերտը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մայրաքաղաքն է և բնակեցված է հայերով: Շուշին մարզի երկրորդ մեծ քաղաքն է և բնակեցված է գերազանցապես ադրբեջանցիներով:

[21] Լենին-կուսակցություն-Գորբաչով: [Այս կարգախոսը ծագել և ավելի հաճախ օգտագործվում էր Ստեփանակերտում անցկացվող հանրահավաքների ժամանակ — Ծ.Կ.]

[22] Ըստ գործող խորհրդային օրենքների, «Հատուկ դրության» պայմաններում պարետն առանց դատախազի սանկցիայի կարող է կալանքի վերցնել ցանկացած անձի, բայց դրա տևողությունը կարող է լինել ոչ ավելի, քան երեսուն օր:

[23] Խոսքը Մոսկվայի մասին է, ուր Կրեմլի աշտարակների աստղերը սուտակից են (ռուբին):

[24] ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի՝ տեռորիզմի դեմ պայքարող մասագիտացված հատուկ ստորաբաժանումը:

[25] Թատերական հրապարակը Երևանի կենտրոնում գտնվող այն հրապարակն է, ուր տեղի էին ունենում Ղարաբաղյան շարժման բազմահազարանոց միտինգները: Այստեղ է գտնվում Երևանի լավագույն ճարտարապետական կոթողներից մեկը՝ Օպերայի և Բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքը (ճարտարապետ՝ Ալեքսանդր Թամանյան):

[26] Ըստ պետական գաղափարախոսության, կոմունիզմ կառուցող երկրում բանտ լինել չի կարող, այդ իսկ պատճառով 60-ական թվականներից սկսած իրավաբանական փաստաթղթերում գործածությունից դուրս եկավ բանտ բառը: Նմանատիպ հիմնարկները Խորհրդային Միությունում ամոթխածորեն կոչվում էին քննչական մեկուսարաններ:

[27] Երևանի ծայրամասային թաղամասերից մեկը, ուր գտնվում է բանտը: Ճակատագրի քմահաճույքով թաղամասը, ուր գտնվում է բանտը, կոչվում է Սովետաշեն (Սովետաշեն՝ սովետների ձեռքով կառուցված):

[28] 1988 թ. սեպտեմբերից ի վեր Հայաստանում և Ադրբեջանում աշխատում էին ԽՍՀՄ դատախազության քննչական խմբերը: Հայաստանում աշխատող խմբի մեջ ընդգրկված էին ավելի քան հիսուն քննիչներ Խորհրդային Միության համարյա բոլոր հանրապետություններից: Խմբի հիմնական նպատակներից մեկն էլ «Ղարաբաղ» կոմիտեի դեմ հանցանշաններ հավաքելն էր, մասնավորապես՝ նրան զանգվածային անկարգությունների կազմակերպման ու ազգային հողի վրա թշնամանք հրահրելու մեջ մեղադրելն ու դրա վերաբերյալ ապացույցներ հավաքելը:

[29] Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո, Լենինը ստեղծեց ՉեԿա-ն (Արտակարգ հանձնաժողով) Ֆելիքս Ձերժիսկու գլխավորությամբ, որը համայնավար կուսակցությանն առավել նվիրված պատժիչ օրգանն էր (Պետական անվտանգության կոմիտեի նախորդը): Այն ժամանակ նրանք հագնում էին կաշվե համազգեստներ:

[30] Սերգեյ Եսենինը դարասկզբի նշանավոր ռուս բանաստեղծներից է:

[31] «Կարմիր Պրեսնյան» Մոսկվայի կենտրոնական թաղամասերից մեկն է: Այստեղ տեղի ունեցան 1905 թ. բանվորական ապստամբության վերջին մարտերը և, ի պատիվ այդ իրադրաձության, ներկայումս այնտեղ մեծ արձանախումբ է կանգնեցված:

[32] Բառացիորեն նշանակում է «նավաստիական լռություն»։

Նախորդ հոդվածը‘Պլատինին հրաժարվել է վերադարձնել $25 հազարանոց ժամացույցը ‘
Հաջորդ հոդվածը‘Փարիզում պաշտպանում են կամրջի բազրիքը «սիրո կողպեքներից»’