‘Շարմազանովը խճճվեց քվեարկության արդյունքների մեջ’

1143

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության հինգ պատգամավորների ներկայացրած «Արտոնագրային վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը ԱԺ նստաշրջանում ընդգրկելու մասին հարցի քվեարկության ժամանակ նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը մի քանի անգամ փոխեց որոշումը՝ քվեարկության արդյունքների հետ կապված:

Օրինագծով նախատեսվում է նվազեցնել թեթեւ մարդատար ավտոմեքենայով ուղեւորափոխադրումների արտոնագրային վճարները:

Առաջին քվեարկությունից հետո, երբ լուսատախտակը ցույց տվեց «49 կողմ», «42 դեմ», «3 ձեռնպահ» արդյունքը, Շարմազանովը հայտարարեց, որ հարցը դրվում է վերաքվեարկության, քանի որ, նրա խոսքով՝ «մեր գործընկերների մի մասը սխալվել է»: Ըստ նրա՝ ՀՀԿ-ից «սխալ է քվեարկել» 6 հոգի, իսկ ԲՀԿ խմբակցությունից՝ 2-ը:

Նշենք, որ որոշումն անցնելու համար անհրաժեշտ էր 47 «կողմ»:

Ընդդիմադիր պատգամավորների առարկություններից հետո Շարմազանովը փոխեց որոշումը՝ «վերաքվեարկության խնդիր չկա, որոշումը չի անցել»: Այնուհանդերձ, երբ պատգամավորները պնդեցին, որ որոշումը անցել է, Գալուստ Սահակյանը կողքից հուշեց՝ «դիր քվեարկության»:

Կրկնակի քվեարկությունից հետո գրանցվեց «ճիշտ» արդյունք՝ 39 կողմ, 62 դեմ եւ 3 ձեռնպահ:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարց ուղղեց նախագահությանը՝ արդյոք խոսքը տեխնիկակա՞ն, թե՞ քաղաքական սխալի մասին էր: «Հազիվ մի անգամ ճիշտ բան էիք արել, անմիջապես հրաժարվեցիք», — ասաց նա:  

Նախորդ հոդվածը‘Սիսիանի քաղաքապետ. Եթե ժողովուրդը հանրահավաքի է դուրս եկել, ես նրա շարքերում եմ (տեսանյութ) ‘
Հաջորդ հոդվածը‘Առևտրականների բողոքի ակցիան ԱԺ-ի մոտ (ֆոտոշարք)’