‘Շարմազանով. Խաղաղ երթ էր՝ թող գային Երևանում անեին’

1774

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին չի հետաքրքրում, թե ինչ իրավական հիմքով են ֆիզիկական բռնության ենթարկել Հայաստանի քաղաքացիներին: Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հունվարի 31-ին Սյունիքի և Արցախի սահմանին տեղի ունեցած միջադեպին, Շարմազանովն այդպես էլ չմեկնաբանեց «Հիմնադիր խորհրդարան» կազմակերպության ներկայացուցիչներին ծեծի ենթարկելու փաստը:

ՀՀԿ խոսնակն ընդամենը կրկնում էր, որ «ճիշտ չի, բարոյական չի հայաստանյան ներքին քաղաքական խնդիրները տեղափոխել Արցախ»:

iLur.am-ի դիտարկմանը, որ ԼՂՀ ոստիկանները ծեծել են խաղաղ երթի մասնակիցներին, Շարմազանովը պատասխանեց. «Խաղաղ երթ էր՝ թող գային Երևանում անեին: Իրենց ներքաղաքական խարդավանքների համար Արցախի սուրբ հողը  թող չօգտագործեն»:

Արարատյան դաշտի հողը սուրբ չէ՞, պարոն Շարմազանով:

Ասածս նա է, որ Հայաստանի Հանրապետությունն ունի բազմաթիվ խնդիրներ, և ՀՀ որևէ պատգամավոր, երբեք, ես բազմաթիվ ընդդիմադիր պատգամավորների հետ պատիվ եմ ունեցել լինել Արցախում, և մենք երբեք Արցախում ներքաղաքական հարցեր չենք քննարկել, մենք երբեք մեր ներքաղաքական տարաձայնություններն Արցախ չենք տարել: Արցախը անկախ, ժողովրդավարական հանրապետություն է` դե ֆակտո, և կարիք չկա Հայաստանի ներքաղաքական խնդիրներին մասնակից դարձնել Արցախի հանրությանը:

Խոսքը Հայաստանի քաղաքացիներին ֆիզիկական բռնության ենթարկելու, գույքը վնասելու մասին է: Դուք դրան ինչպե՞ս եք վերաբերվում:

Ես իրավաբան չեմ, ես հիմնվում եմ ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի և ԼՂՀ ոստիկանության հայտարարությունների վրա, որոնց ես չհավատալու հիմքեր չունեմ: Ես գիտեմ, որ հեսա ինձ էլի կսկսեն քննադատել, բայց ջհանդամին քննադատեն, ես ունեմ իմ կարծիքը` անթույլատրելի եմ համարում, ով ուզում ա լինի, իշխանություն, թե ընդդիմություն, որ մեր գաղափարները, մեր պայքարը տանենք Արցախ:

Մերն ու իրենցը տարբե՞ր են:

Այո, տարբեր ա: Արցախը անկախ պետություն ա, մենք ամբողջ աշխարհին ասում ենք՝ Արցախի միջազգային ճանաչում: Այսինքն, ըստ ձեզ, էդ նախագահական ընտրությունները, պառլամենտական ընտրությունները, որ էնտեղ լինում են, էդ ամեն ինչը շինծու ա՞: Գնա Ղարաբաղ ու տես` Ղարաբաղն ունի  ընտրված իշխանություն, ունի, ի գիտություն ձեզ, Սահմանադրություն, որով էլ առաջնորդվում է: 

Նախորդ հոդվածը‘Զուրաբյանի հարցը նոր ձեւավորվող Բյուջետային գրասենյակի վերաբերյալ (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ինչպես է Բերձորի դեպքերը ներկայացրել Արցախի հանրային հեռուստաընկերությունը (տեսանյութ)’