‘Շարքայինի մահվան կապակցությամբ մեղադրանք է առաջադրվել 3 զինծառայողի’

952

Ինչպես տեղեկացրել էինք, Սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը ժամը 03.10-ի սահմաններում ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում էր ստացել 1994թ. ծնված Խաչատուր Կորյունի Խաչատրյանը:

Խաչատուր Խաչատրյանի մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 3 զինծառայողի: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրել է ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:

Մասնավորապես, մեղադրանք է առաջադրվել ժամկետային զինծառայող Տիգրան Մելիքի Հակոբյանի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` «մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ»: Տիգրան Հակոբյանի կալանավորված է:

Բացի այդ, մեղադրանք է առաջադրվել նաև դիրքի ավագ, ավագ սերժանտ Արթուր Զոհրաբյանի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 375-ի 1-ին մասի հատկանիշներով` «հրամանատարի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը»:

Այս գործի շրջանակներում երրորդ մեղադրյալը դիրքի ավագի օգնական սերժանտ Արթուր Մարտիրոսյանն է, որի նկատմամբ առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` «մարտական հերթապահության կանոնները խախտելը մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով և առաջացրել է էական վնաս»: Վերջին երկու զինծառայողների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է զորամասի հսկողությանը հանձնելը:

Նախորդ հոդվածը‘Նայրոբիում ահաբեկիչների զավթած առևտրի կենտրոնում փոխհրաձգություն է սկսվել’
Հաջորդ հոդվածը‘ՀԱՊԿ ղեկավարներն այսօր կհանդիպեն Սոչիում ‘