‘Շոտլանդիայի անկախացման դեմ ակցիային Լոնդոնում մասնակցել է գրեթե 5 հազար մարդ’

864

Բրիտանիայի մայրաքաղաքի կենտրոնական Թրաֆալգարյան հրապարակում հավաքվել է մոտավորապես 5 հազար մարդ՝ ընդդեմ Շոտլանդիայի բաժանման: Այդ մասին հաղորդել են ակցիայի կազմակերպիչները՝ «Միասին լինենք» (Let’s stay together) կազմակերպությունից:

Միջոցառումը նպատակ ուներ ձայն տալ նրանց, ովքեր չեն համակերպվում Շոտլանդիայի հնարավոր բաժանման մտքին և չեն կարող մասնակցել հինգշաբթի կայանալիք քվեարկությանը:

Ակցիային մասնակցել են հանրահայտ աստղեր՝ հեռուստահաղորդավարներ, երգիծաբաններ, երգիչներ, դերասաններ: Ավելի քան 200 ստորագրություն է եղել անվանի մարդկանց ցուցակում, ովքեր հանդես են գալիս ի պաշտպանություն թագավորության միասնականության: Նրանց թվում են «Օսկարի» և «Գրեմիի» դափնեկիրներ, օլիմպիական չեմպիոններ, գիտնականներ:

Ստորագրահավաքին վերջին պահին միացել է նաև Անգլիայի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմը, որը շոտլանդացիներին կոչ է արել չքանդել այն կապը, որն «ամբողջ աշխարհի նախանձի առարկան էր»: «Մեզ միավորողը շատ ավելին է, քան մեզ բաժանողը: Միասին լինենք»,- կոչ է արել անվանի ֆուտբոլիստը: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Եվրամիությունը մտադիր է Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներ կիրառել’
Հաջորդ հոդվածը‘Օբաման 3 000 զինվորական կուղարկի Աֆրիկա՝ պայքարելու Էբոլա վիրուսի դեմ’