‘Շուն կա՝ հաչոցով գայլ է փախցնում, շուն կա՝ գայլ է բերում հոտի վրա’

4489

Արցախյան պատերազմի հայտնի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանից եմ լսել այս ասացվածքը, ու այն այսօր Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների լույսի ներքո ստիպել է երկար մտածել:  Հովիվները չէին էլ կարող կասկածել, որ իրենց այս ասացվածքը կիրառելի կլինի նաև քաղաքականության մեջ. երբ հոտի պահապան համարվող շներ կան, որոնց հաչոցից ոչ թե գայլը վախից փախչում է, այլ ձայնի մեջ եղած երանգներից քաջալերվում ու հարձակվում է հոտի վրա: Գայլերը տարածության մեջ ամենալավն են զգում,  թե իրականում ինչպիսի շուն է այդ հոտում գտնվում, էլ չասած՝ այն հովվի մասին, ով պարտավոր է ապահովել իրեն վստահված հոտի անվտանգությունը:

Վերջին օրերին ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչներն ու այլ տիպի քաղաքական գործիչներ մեկնում են հայ-ադրբեջանական սահման՝ իբր քաջալերելու համար մեր մարտիկներին, սակայն (առանց անձնական վիրավորանքների ու վիրավորական որևէ երանգ փնտրելու), դուք պատկերացրեք՝ ի՞նչ ռեակցիա կտան ադրբեջանցիները, երբ իմանան, որ հայկական կողմից սահմանի վրա կանգնած են ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը, Էդուարդ Շարմազանովը կամ Խաչիկ Ասրյանը: Այս ցուցակը շատ երկար կարող է ստացվել, այդ պատճառով էլ չեմ ցանկանում բոլորին թվարկել, բայց եւ դժվար չէ պատկերացնել ադրբեջանցիների գործողությունները՝ նշված տեղեկատվությունը ստանալուց հետո:

Ինձ մի հարց էլ է հետաքրքրում. եթե մարդիկ, օրենքը շրջանցելով կամ էլ հիվանդության պատճառով բանակից ազատված լինելով՝ խուսափել են զինվորական ծառայությունից, հենց այդ նույն մարդիկ ինչպե՞ս կարող են կամավոր մեկնել սահմանը պաշտպանելու, եթե նրանց ֆիզիկական պատրաստվածությունը կամ զինվորական գիտելիքները թույլ չեն տալիս մնալ խրամատում կամ կատարել զինվորական հանձնարարություններ:  Չէ՞ որ սահմանը պաշտպանելու համար էլ է անհրաժեշտ որոշակի հոգեբանական և ֆիզիկական պատրաստվածություն:

Թե՞ կարծում են, թե մեր սահմանը դարձել է տուրիստական գոտի, ուր կամուֆլյաժ հագած քաղաքական գործիչները կարող են մեկնել՝ երբ ուզեն, «սելֆի» անել ու այդ սելֆիները տեղադրել իրենց ֆեյսբուքյան էջերում:

Տիկնայք և պարոնայք քաղաքական գործիչներ, բացի այն, որ զինվորական հագուստը նախատեսված է հենց զինվորականների համար, և այն հագնելով՝ Հրանուշ Հակոբյանն ու Հասմիկ Պողոսյանը զինվորական չեն դառնա,  կա նաև զինվորական գաղտնիք հասկացություն, այն է՝ բացի տվյալ տարածքում հերթապահող զինվորականներից, քաղաքացիական անձինք իրավունք չունեն մուտք գործել սահմանամերձ տարածքներ, ոչ միայն այն պատճառով, որ հնարավոր է՝ դիտավորյալ արտահոսք լինի այդ տարածքի դիրքերի տեղակայման մասին, այլ նաև մեր «սիրելի» քաղաքական գործիչներն ու լրագրողները պատահականորեն կարող են իրենց չվերաբերող գաղտնի ինֆորմացիան կիսել հասարակության հետ, որը կարող է խուճապ առաջացնել նույն հասարակության մեջ:

Մեր հասարակության մի որոշ հատվածի դեռ հնարավոր է այսպիսի գործողություններով՝ ականջներին «լապշա» կախելով՝ իբր ոգևորելու «հայրենասեր» ու հայրենիքի համար զոհվելու պատրաստ մարդու տպավորություն թողնել, սակայն «գայլերին» ինչ էլ անես՝ չես խաբի, ու շատ անգամ նրանք հենց այսպիսի ձայների էլ սպասում են, որպեսզի հարձակում գործեն, ու է՛լ նրանց հարկավոր էլ չէ  հետախուզական տեղեկատվություն հավաքել հակառակորդ կողմի պաշտպանվածության մասին. Եթե այսպիսիներն են գտնվում սահմանում, նշանակում է՝ կարելի է նաև փորձել ոտնձգություն իրականացնել «հոտի» նկատմամբ:

Իհարկե, ես հույս ունեմ, որ մեր բանակն այսպիսի` թշնամի կանչող «ձայներն»  օգտագործում է ռազմավարական խորամանկ նպատակներով. որպեսզի թշնամուն ծուղակը գցի ու նրանց գայթակղելով՝ ավելի մեծ կորուսներ «պարգևի», սակայն եթե պարզվի, որ այս ամենը ծրագրավորված չէր, և վերոնշյալ գործիչներն են մեր բանակի «հույսը», ապա իրապես մեր վիճակը նախանձելի չէ:

 

ԱռաքելՍեմիրջյան

 

Նախորդ հոդվածը‘Կրոսը փորձում է հունից հանել Ռոնալդուին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Անչելոտի. «Սևիլիան լավ խաղաշրջան անցկացրեց»’