‘Շուշի ՔԿՀ-ում մահացած Հայկ Մովսիսյանի մայրը պահանջում է իրեն տուժողի իրավահաջորդ ճանաչել’

912

2013 թ. հունիսի 27-ին՝ ժամը 9:30-ին, ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է ԼՂՀ Շուշի ՔԿՀ-ում մահացած Հայկ Մովսիսյանի մոր՝ Հեղինե Պետրոսյանի դիմումի քննությունը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշումը վերացնելու և տուժող Հայկ Մովսիսյանի իրավահաջորդ ճանաչելու պահանջով: 2011 թ. օգոստոսի 3-ին ՀՀ ՊՆ 3-րդ կայազորային քննչական բաժնի կողմից Հայկ Մովսիսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել՝ զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու) հիմքով, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն:

2012 թ. նոյեմբերի 20-ին  Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Հայկ Մովսիսյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է ազատազրկման 3 տարի ժամկետով: 2012թ. նոյեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Հայկ Մովսիսյանին գտել են մահացած՝ ԼՂՀ քննչական մեկուսարանի խցում:

2013 թ. ապրիլի 13-ին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությամբ վերաքննիչ դատարանը հետմահու անմեղ է ճանաչել Հայկ Մովսիսյանին: Դեպքից անցել է շուրջ 7 ամիս, և չնայած տուժողի մայրը՝ Հեղինե Պետրոսյանը, ներկայացրել է բազմաթիվ դիմում բողոքներ, մինչ օրս տուժողի իրավահաջորդ չի ճանաչվել:  Ծնողները զրկված են եղել իրենց որդու իրավունքների պաշտպանության հնարավորությունից և գործի քնությունը հասանելի չէր զոհի ընտանիքի անդամներին:

Մինչ օրս հայտնի չէ, թե Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև ինչ պարտավորություններ են առկա ՀՀ քաղաքացիներին ՀՀ դատարանների կողմից դատապարտված ԼՂՀ ՔԿՀ-ներում պահելու վերաբերյալ, սակայն կարող ենք արձանագրել այն հանգամանքը, որ եթե առողջ անձը ՀՀ ոստիկանության կողմից արգելանքի է վերցվել և հետագայում մահացել, ապա պետությունը (Հայաստանի Հանրապետությունը) պարտավոր է ներկայացնել անձի մահվան հանգեցրած իրադարձությունների համոզիչ բացատրություն, և այն չներկայացնելու դեպքում պետությունը խախտած կլինի Կոնվենցիայի 2-րդ հոդվածը՝ կյանքի իրավունքը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը գտնում է, որ պետության կողմից այդ պարտավորությունները չկատարելը հիմք է տալիս ենթադրելու, որ Հայկ Մովսիսյանին սպանել են Շուշիի ՔԿՀ-ում, իսկ իրավահաջորդ չճանաչելը համարում է հանցագործության կոծկման շարունակություն: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ստանձնել է Հայկ Մովսիյանի կյանքի իրավունքի պաշտպանությունը:

 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ն «չգրված օրենքներով» է փորձում հասնել Սնոուդենի արտահանձնմանը’
Հաջորդ հոդվածը‘ԵԽԽՎ-ն՝ Համակարգային կոռուպցիայի մասին. Ադրբեջան, ՌԴ, Հայաստան, Ուկրաինա եւ Ալբանիա ‘