‘Շուրջ 20 գրոսմայստերներ հորդորում են չկալանավորել ակտիվիստ Դմիտրի Հարությունյանին’

2761

Այսօր Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը որոշում կկայացնի քաղաքացիական ակտիվիստ, «Նախախորհրդարանի» անդամ Դմիտրի Հարությունյանի խափանման միջոցն ընտրելու վերաբերյալ: Նախաքննական մարմինը միջնորդել է կալանավորել Հարությունյանին:

Դատարանում գտնվող iLur.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ դատարանի դիմաց, ի պաշտպանություն Դմիտրի Հարությունյանի, մի քանի տասնյակ մարդ է հավաքվել: Նրանց թվում են նաեւ անվանի շախմատային գրոսմայստերներ: «Շուրջ երկու տասնյակ գրոսմայստերների անունից խնդրագիր է ուղղվել դատարանին՝ միջնորդելով Հարությունյանի նկատմամբ կալանք չկիրառել: Շախմատիստները ակնկալում են, որ հայ գրոսմայստերների հաջողություններով հպարտացող իշխանությունները կընդառաջեն իրենց խնդրանքին»,- փոխանցեց մեր թղթակիցը:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը, առանց բերման ենթարկելու որոշման, օգոստոսի լույս 31-ի գիշերը Գեղարքունիքի Արտանիշ ավանից բերման է ենթարկել քաղաքացիական ակտիվիստ Դմիտրի Հարությունյանին՝ ահաբեկելով նրա ընտանիքի անդամներին: Հարությունյանը վերջին շրջանում աչքի էր ընկել Կոմիտասի 5 հասցեում ընթացող շինարարության դեմ պայքարի ժամանակ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր. 316 հոդվածով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոտնձգություն):

Քաղաքացիական ակտիվիստի նկատմամբ ոստիկանության գործողությունների դեմ իրենց դիրքորոշումն են հայտնել մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ այլք: 

Նախորդ հոդվածը‘Եվրամիության ընդլայնման շրջանակներում ՄԻՊ-ը մեկնում է Կիև’
Հաջորդ հոդվածը‘Դմիտրի Հարությունյանի փաստաբան. Տուժող ոստիկանի դեմքին անգամ որևէ բիծ, կապտուկ կամ այտուցում չկա’