‘Շտեֆան Ֆյուլե. Հայաստանը չի նախաստորագրի Ասոցացման համաձայնագիրը’

1242

Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այսօր Երևանում ասել է, որ նոյեմբերին կայանալիք վիլնյուսյան գագաթաժողովում Հայաստանը չի նախաստորագրի Ասոցացման համաձայնագիրը Եվրամիության հետ :

«Մեդիամաքսի» փոխանցմամբ՝ այդ մասին նա ասել է Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման ավարտին Երևանում:

Ֆյուլեն նշել է, որ Եվրամիությունը մտադիր է ստորագրել Ասոցացման պայմանագիրը Ուկրաինայի հետ և նախաստորագրել այն Վրաստանի ու Մոլդովայի հետ:

«Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Մաքսային միությանը միանալու հայտարարությունից հետո Հայաստանն այլևս ի վիճակի չի լինի նախաստորագրել համաձայնագիրը, որի շուրջ մենք բանակցել ենք երեքուկես տարի», — հայտարարել է Շտեֆան Ֆյուլեն: 

Նա կրկին շեշտել է, որ Ասոցացման համաձայնագիրը երկու մասից բաղկացած միասնական փաստաթուղթ է, որը բանակցվել է հայ գործընկերների հետ ամբողջության մեջ, և հնարավոր չէ մի մասը տարանջատել մյուսից:

«Ես Հայաստան եմ եկել շատ պարզ մտքերով, որպեսզի լսեմ և հասկանամ մեր հայ գործընկերների մտադրությունները, ցանկությունները և նախընտրությունները: Եթե իրենք ցանկանան ձևավորել մի իրավական շրջանակ, որը մեզ ավելի առաջ կտանի, քան ներկայումս գործող Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը, մենք շատ ուրախ կլինենք աշխատել այդ գործընթացի շրջանակներում», -Ֆյուլեի խոսքերն է մեջբերում «Մեդիամաքսը»:

Նախորդ հոդվածը‘Դիտարկում ԼՂՀ-ում’
Հաջորդ հոդվածը‘Բելառուսի նախագահն արժանացել է Շնոբելյան մրցանակի’