‘Շրջադարձ, կամ՝ ինչի՞ համար է ներվելու Սերժը’

2397

Հետաքրքիր բաներ են տեղի ունենում հայոց աշխարհում: Նախկին ռուսոֆիլները, տեսեք-տեսեք, մի գիշերում վերածվել են թունդ արեւմտամետների, ու թեպետ ճկռում են միանգամից 180 աստիճանով շուռ գալու պատվերի բեռան տակ, փորձում են չերերալ:

Ավելին` մանրամասն դիտարկելով ուկրաինա-ռուսական հարաբերությունները՝ հանրությանը փորձում են համոզել, թե ռուսական արջն այնքան էլ վտանգավոր չէ, որքան թվում է: Կամ` ինչպես հենց իրե՛նք էին նախկինում ներկայացնում:

Ինչպե՞ս կարող ենք հակազդել ռուսական ճնշմանը, եթե հանկարծ այստեղ որոշեն մեզ «թույլ տալ անցնել ողջ եվրոպական ճանապարհը»` ինչպես օրերս նկատել էր ոչ անհայտ Մոդեստ Կոլերովը:

Ահա մի հարց, որ այս օրերին զբաղեցնում է իշխանական քարոզչամեքենայի ու սրա սպասյակների միտքը: Եւ պատերացրեք` գտե՜լ են, գտել են լուծման բանալին. կազգայնացնենք ռուսական ընկերությունները:

Չէ՛, գրազ կգամ, որ ամենամեծ ցանկության դեպքում անգամ Սերժ Սարգսյանը չի՛ համարձակվի տրորել այն ոտքը, որի հատուկ ծառայությունների պատվավոր շքանշանն է կրում իր բազմաչարչար կրծքին:

Բայց ինչո՞ւ են, ուրեմն, այսչափ սրում իրավիճակը: Որ ի՞նչ լինի: Կամ, ինչպես իրենք են ասում` որ ի՞նչ անեն: Իրենց իսկ ձեռքով քառսուն գազ խոր փոսում թաղած հայկական սուվերենությունն ու արժանապատվությո՞ւնն են կամենում ետ բերել: Բայց ինչո՞ւ այսքան ուշ եւ հատկապես հիմա: Իրավունք ունե՞նք հարցնել, թե ինչու այդ մասին այն ժամանակ չմտածեցին, երբ պատվավոր գործընկերոջից վերածվեցին պարզունակ վասալի, երբ մի քանի անգամ փոքրացրած խողովակներում ընդմիշտ թաղեցին իրանական գազի այլընտրանքային հույսը, երբ երկրի ողջ հեռահաղորդակցությունն ու երկաթուղին նվիրեցին ռուսներին, երբ արտադրական հիմնական հզորությունները, դրանց թվում` էներգետիկ, մատաղ արին ռուսական արջի թաթի տակ: Եւ վերջապես` երբ ծուռվիզ գյուղացու նման համաձայնեցին քյոխվի` «գույք՝ պարտքի դիմաց» արգահատելի ծրագրին՝ այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածում Կրեմլը չգիտես էլ աֆրիկյան ո՛ր երկրին մի քանի տասնյակ անգամ ավելի պարտքը «գրեց սառույցին»:

Չէ, իսկապե՛ս. սրանք հարցեր են, որոնց անհրաժեշտ է բաց տեքստով պատասխանել: Թե չէ՝ չի՛ լինում այդպես, որ էսօր սպիտակ մաշկ ունենաս, վաղը` դեղին կամ սեւ:

Հակառակ պարագայում, քանի դեռ մտքի մենաշնորհն էլ իրենց չեն «վերցրել», մտածող մարդիկ կարող են հանկարծ հանգել այն եզրակացութան, որ, ինչպես միշտ` սեղանին կրկին արյան գնով գորշ կարդինալից արքայի վերածվածի կենսունակությունն ու լիարժեքությունն է «ապացուցվում»՝ այդու նաեւ հետագա պլանների իրականացման հարցում Կրեմլի օժանդակութունը ակնկալելով:

Շատ լավ: Բայց այդ դեպքում հանրային փոփոխված կարծի՞քը որ գզրոցում են կողպելու: Կամ` ենթադրենք՝ փոփոխված, որովհետեւ, ինչպես երեւում է, անգամ ՀԿ-ի շարքերում չեն կարողանում առայժմ գոնե նոր բառապաշար ընտրել՝ «փչացած եւ նույնասեռական Եվրոպայի» հետ կապված…

Ճիշտն ասած՝ ես ուղղակի համոզված եմ, որ ժամանակին նույն Ռուսաստանն ու Արեւմուտքը Տեր-Պետրոսյանին չներեցին հենց սրանց` արցախյան ծագմամբ «դաշտային հրամանատարների» նայիվ-մանկական ռազմատենչությունն ու վազգենսարգսյանական «մոլորյալ հայրենասիրությունը» հաղթական դիվանագիտության փոխելու կեցվածքի համար: Նույնկերպ համոզված եմ, որ մարտի մեկին էլ չներեցին նրան ու բոլորիս՝ այդ պատճառով, որովհետեւ ստացվեց, որ բոլոր կողմերին էլ ձեռնտու էր ունենալ թույլ Հայաստան` վերահսկելի դրանիկներով ու «քաշքշվող թուշիկներով»:

Բայց ի՞նչ պատահեց հետո: Հիմա՞ ինչ չեն պատրաստվում ներել Հայաստանին, եւ ինչ են Սերժի՛ն ներում: Կամ որ ավելի ճիշտ է՝ ինչի՞ դիմաց:

Ահա մի հարց, որ իրականում պիտի զբաղեցնի մեր ուշադրությունը: Թե չէ մեր բոլորի անպատասխանատու չիմացությունը դեռ չի նշանակում, թե չենք կարող զոհ գնալ Սերժ Սարգսյանի հերթական «համաներման օպերացիային»: Վախենամ` այս անգամ երկիրը չդիմանա դրան…

 

Գոհար Սիմոնյան

 

 

Նախորդ հոդվածը‘Սիրիահայ հայրենադարձ. Աղքատ ըլլամ, հարուստ ըլլամ՝ հայրենիքս է’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքապետարանն ու գծատերերը կրկին ուղեվարձի թանկացում են նախապատրաստում’