‘Ո՞վ է լինելու հաջորդ մորթվողը. Մամուլ’

2195

Ջուրն անգամ ափին մի քանի անգամ գլուխը խփելուց ուշքի է գալիս ու պատռում ափը: Քանի՜ անգամ մեր գլուխը քարին տանք, քանի անգամ կուլ տանք կոկորդ հասնող դառնության մաղձը, որ հասկանանք՝ ձեռքից գնում ենք:

Դանակն արդեն շատ մոտ է մեր կոկորդին, ու յուրաքանչյուրը պետք է մտածի, որ հաջորդն ինքն է: Հաջորդ մորթվողն ինքն է, հաջորդ պատի տակ սպանվողն ինքն է, հաջորդ ինքնասպանվողն ինքն է, հաջորդ բռնության ենթարկվողն ինքն է… Յուրաքանչյուրը պետք է մտածի, որ ինքն ապրում է անապատում, որտեղ միայն ավազի ու քամու օրենքն է, և ոչ մեկը օգնության չի հասնելու: Ինքը ինչ-որ խմբով հայտնվել է մի անմարդաբնակ վայրում, որտեղ բորենիները օրական մեկին կամ մի քանիսին հոշոտում են: Ի՞նչ է մնում նման պարագայում անել: Համախմբվել ու գնալ բորենիների դեմ՝ աչքի առաջ ունենալով հոշոտման բոլոր վտանգները: Մահը մահ է, բայց պատվով մեռնելն արդեն անմահներին է վերաբերում: Եվ սարսափելին այն է, երբ ողջ համակարգը լծվում է հոշոտողին արդարացնելու համար, երբ հոշոտվողն է իրեն հոշոտելու համար մեղավոր ճանաչվում: Կանգ առեք:

Հնարավոր չէ շարունակել բորենիների օրենքով գործելը: Հասարակությունը ոչխարի ու գայլի օրենքով չի կարող երկար գոյատևել, մի պետություն, որի զավակները հավասար չեն օրենքի և մահվան առջև, դատապարտված է կործանման: Մի պետություն,  որը հանցագործին արդարացնելու համար պատճառներ է որոնում, բոլոր հանցագործություններն իր վրա է վերցնում: Ես սա ասում եմ բոլոր սպանությունների համար: Ո՞վ է լինելու հաջորդ մորթվողը:

Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ»

Նախորդ հոդվածը‘Իսրայելի բանակի կանայք պատժվել են մերկանալու համար (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Այնպիսի մարդիկ են գյուղից մեկնել ՌԴ, որ այդ երկրի տեղը չգիտեին. Մամուլ’