‘Ո՞վ կդառնա խաղաղության Նոբելյան մրցանակակիր’

1210

Բուքմեքերները և փորձագետները նշում են խաղաղության Նոբելյան մրցանակի հավանական թեկնածուներին, սակայն սխալվելու հավանականությունն այս անգամ ավելի քան մեծ է: Նոբելյան կոմիտեի կանոնների համաձայն՝ թեկնածուների ցուցակը գաղտնի է պահվում, սակայն հայտնի է, որ այս անգամ հայտերի թիվը ռեկորդային ՝ 259: Բուքմեքերների մեծ մասի կարծիքով՝ հիմնական ֆավորիտը Մալալա Յուսուֆզայն է՝ 16-ամյա պակիստանցի իրավապաշտպանը, որը կարող է դառնալ Նոբելյան մրցանակաբաշխության ողջ պատմության ընթացքում ամենաերիտասարդ դափնեկիրը: Բայց հնարավոր է նաև, որ նրա հանրահայտ լինելը ծառայի նրա դեմ, և Նոբելյան կոմիտեն գերադասի ավելի քիչ հայտնի թեկնածուի:

Բուքմեքերների մյուս ֆավորիտը Բրեդլի Մենինգն է՝ Wikileaks կայքի իրազեկիչը և ամերիկյան բանակի նախկին վերլուծաբանը: Օգոստոսին Մենինգը ԱՄՆ-ում դատապարտվեց 35 տարվա ազատազրկման: Մենինգի կողմնակիցները պնդում են, որ նրա գործողություններն արագացրել են Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման վերաբերյալ որոշման ընդունումը:

Ավելի քիչ հայտնի, բայց ոչ պակաս հերոսական թեկնածու է գինեկոլոգ Դենիս Մուկվեգեն, որի նկատմամբ մահափորձ էր կատարվել այն բանի համար, որ նա Կոնգոյի Դեմոկրատական Հանարապետությունում օգնություն էր ցույց տվել բռնաբարության ենթարկված կանանց:

Թեկանծուների թվում են նաև ռուսաստանցի իրավապաշտպաններ Լյուդմիլա Ալեքսեևան, Սվետլանա Գաննուշկինան և Լիլյա Շաբալովան, ինչպես նաև՝ նախագահ Վլադիմիր Պուտինը, որը ցուցակում է հայտնվել սիրիական ճգնաժամում խաղաղարար դերակատարման համար:

Խաղաղության Նոբելյան մրցանակակրի անունը հայտնի կդառնա առաջիկա ուրբաթ: Իսկ մինչ այդ բուքմեքերական գրասենյակները խաղադրույքներ են ընդունում, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Ով ծառայի՝ ով կամուֆլյաժ հագնի. Կառավարության չծառայած պաշտոնյաների ցանկ ‘
Հաջորդ հոդվածը‘Մարգար Օհանյանն ազատ արձակվեց (լրացված)’