‘Ո՞վ կճանաչի ժողովրդի հաղթանակը’

1222

Փետրվարի 18–ին տեղի ունեցած քվեարկության ժամանակ ժողովուրդը հաղթել է։ Այդ հաղթանակը կոնկրետ անուն ունի՝ Րաֆֆի Հովհաննիսյան։ Պարտությունն էլ կոնկրետ անուն ունի՝ Սերժ Սարգսյան։

Դպրոցահասակ երեխաների համար էլ պարզ է, որ ընտակեղծիքների գերագույն գլխավոր հրամանատարը Սերժ Սարգսյանն է, սակայն Րաֆֆիի հետընտրական հռետորաբանության համաձայն՝ «պետական հետագծի տեր» Սերժը պարտվել է, բայց ինքնահռչակվել նախագահ՝ չար մարզպետների ու համայնքապետների դավադիր միջամտության հետևանքով։ Կեղծիքների համար, ըստ իշխանամետ լրատվամիջոցների ու Րաֆֆի Հովհաննիսյանի, Սերժ Սարգսյանից բացի մեղավոր են բոլոր տեղական ու մարզային ղեկավարները։ Այսինքն՝ ստացվում է, որ Րաֆֆիի կռիվը գյուղապետների կամ մարզպետների դեմ է, այլ ոչ թե Սերժի, ում ուղղված գովեստի խոսքերը «Ժառանգության» ղեկավարի մոտ «աբիզատելնի պռոգռամայի» մեջ են մտնում։

Եթե հիշում եք, միայն ընտրության հաջորդ օրը Րաֆֆին խրոխտ ձայնով խոսեց 80/20 տոկոսային հարաբերակցությամբ հաղթելու մասին, բայց Սերժին հանդիպելուց հետո «Ժառանգությունում» այդ մասին այլևս «մոռացել» են և դաժան պայքար են մղում «Սերժի՛կ, հեռացի՛ր» գոռացողների դեմ։ Րաֆֆիի հույսը Սերժի ինքաբացարկն է, իսկ պայքարի թիրախը՝ Լիսկան։

Դատելով ամենից՝ Րաֆֆին գիտի, որ հաղթել է, բայց ռիսկ չի անում ուղիղ տեքստով  պահանջել Սերժի հրաժարականը, այլ նախընտրում է «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի միջոցով գնալ «բազառի» (արտահերթ խորհրդարանական ընտրություններ և այլն)։

Եվ ուրեմն, պետք է նախ Րաֆֆիի՛ն ստիպել ճանաչել սեփական հաղթանակը, ապա նոր միայն անցնել իշխանությանը ստիպելու գործին։

Ինչ վերաբերում է մյուսների վարքագծին, ապա քաղաքական դաշտի ազդեցիկ սուբյեկտներից միայն Լևոն Տեր–Պետրոսյանն է  առանց խուճուճ ձևակերպումների ճանաչել Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը։ Ո՛չ Րաֆֆի Հովհաննիսյանը (նա սիրում է օգտագործել «Սա Րաֆֆիի կամ Սերժի հաղթանակը կամ պարտությունը չէ, սա ժողովրդի հաղթանակն է» անորոշ և անշառ ձևակերպումը, իսկ Սերժին հանդիպելիս շտապում է իր «80» տոկոսանոց դիրքերից փոխզիջման առաջարկներ ներկայացնել «20» տոկոսանոցին), ո՛չ Րաֆֆիի հարթակային գործընկերոջ դերում հայտնված ՀՅԴ ներկայացուցիչները (նրանք հիմա լուծում են շատ մասնավոր խնդիր, որը ոչ մի կապ չունի «ժողովրդի հաղթանակի» հետ), ո՛չ մյուսները միանշանակորեն չեն հայտարարել, թե ճանաչում են Րաֆֆու հաղթանակն ու ոչ լեգիտիմ համարում Սերժ Սարգսյանին։ 

Զարմանալին ու տարօրինակն այս պատմության  մեջ այն է, որ Րաֆֆիի հիմնական պայքարը հիմա ոչ թե «ազատամարտի ռահվիրա» Սերժ Սարգսյանի, այլ իր հաղթանակը ճանաչած Լևոն Տեր–Պետրոսյանի դեմ է։  

Ի դեպ, Րաֆֆին ու Սերժը ՀԱԿ–ի դեմ պայքարի հարցում լիակատար փոխըմբռնման են հասել։ Իշխանական քարոզչամեքենան գովում է Րաֆֆու բարի պայքարն ու հակադրում այն 2008–ի ագրեսիվ պայքարին։ Րաֆֆին էլ իր հերթին հարգում է Սերժի պետական հետագիծը, և դա այն դեպքում, երբ այդ հետագծի մեջ մի մեծ սև հետք կա՝ մարտի 1: Ինչևէ։

Փաստորեն, այս պահի դրությամբ միայն Տեր–Պետրոսյանն է աներկիմաստ և առանց ռահվիրա–մահվիրաների ընդունել ժողովրդի տված քվեի իրական արդյունքները։ Րաֆֆին չի շտապում և սպասում է Սերժի առաջարկին, իսկ մյուսներն սկսել են առևտուր անել և սեփական նպատակներին ծառայեցնել իրավատիրոջը։ Վերջինս առանձնապես չի դիմադրում։

Կորյուն Մանուկյան, 7or.am

 

Նախորդ հոդվածը‘ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակ. Արոնյանը գրեթե հավասարվեց Կրամնիկին’
Հաջորդ հոդվածը‘Վիկ Դարչինյան. Խիստ հիասթափվել եմ մեր ղեկավարությունից’