‘Ո՞վ և ինչպիսի մասնագետ է պետք Բարսային’

2272

Տիտո Վիլանովան հեռանում է Բարսայից, որպեսզի կենտրոնանա իր «Կյանքի ամենակարևոր խաղում» հաղթելու վրա: Երեկ կեսօրին հերթական բժշկական թեստերից հետո պարզ դարձավ, որ Տիտոյի մոտ կրկնվում է ուռուցքի ախտադարձություն և, ինչպես երեկոյան մամլո ասուլիսում հայտարարեց Սանդրո Ռոսելը, «այն չի կարող համատեղելի լինել մարզչական աշխատանքի հետ» և Բարսան ստիպված է նոր մասնագետ փնտրել գլխավոր մարզչի պաշտոնի համար:

Նրանց համար, ովքեր դեմ են Բարսայի նախագահ Սանդրո Ռոսելի ղեկավարությանը՝ մեղադրելով նրանց ակումբի ենթակառուցվացքը քայքայելու, սխալ սելեկցիոն և տրանսֆերային քաղաքականության մեջ, կարող են թիմի նման՝ գրեթե քաոսային իրավիճակում հայտնվելու համար, առանց վարանելու մեղադրել հենց Ռոսելին: Հենց Ռոսելը անցյալ ամռանը սպորտային տնօրեն Անդոնի Սուբիսարետայի հետ որոշեցին, որ Գվարդիոլային փոխարինելու է առողջական լուրջ խնդիրներ ունեցող Տիտո Վիլանովան: Ի դեպ, այդ որոշումը կայացրին ընդամենը ժամերի ընթացքում, մինչ կմեկնարկեր Գվարդիոլայի մամլո ասուլիսը:

Մեկ տարի հետո կարելի է նման ընտրության գլխավոր պատճառը համարել Ռոսելի և Սուբիսարետայի վախը: Վախը նրա հանդեպ, որ թիմը նոր, որևէ այլ մասնագետի հետ կարող է փոխել իր խաղային մտածողությունը: Դրանից խուսափելու լավագույն միջոցը թիմի ներսից մարդ գտնելն էր, ով ամենից լավ է ճանաչում թիմին և ունակ է շարունակել Պեպի սկսած ուղին: Այսպիսով, նրանց, ովքեր վերջին երկու տարիներին ՉԼ-ն չհաղթելու համար առաջնահերթ մեղադրում են Ռոսելին, պետք է առաջարկել նորից մտածել այդ մասին և հասկանալ՝ արդյո՞ք Ռոսելը փչացնում է թիմը, թե պարզապես ցանկանում է հնարավորինս պահպանել ստեղծածը: Ռոսելը, պարզապես լինելով շատ հաշվենկատ և զգուշավոր անձնավորություն, սխալվեց միայն այն հարցում, որ ընտրեց հենց Տիտոյին, ով առողջական պնդիրներ ուներ: Կարելի էր փորձել, օրինակ, Լուիս Էնրիկեի կամ Օսկար Գարսիայի տարբերակները, որոնք այսօր էլ, չնայած որ ղեկավարում են «Սելտան» և «Բրայտոնը», համարվում են Տիտոյին փոխարինելու գլխավոր հավակնորդներից: Նրանք ներկայիս մասնագետներից ամենից լավ են համապատասխանում ցնցումներից խուսափելու՝ Ռոսելի ցանկությունից: Կա, իհարկե, այս պահին մի փոքր ֆանտաստիկ թվացող մեկ այլ տարբերակ՝ Չավի Էրնանդեսը: Բարսայի ուղեղը և վերջին մրցաշրջանների՝ Պույոլի անդադար վնասվածքների պայմաններում ավագի թևկապը կրողը, ամբողջոպես հասկանում է թիմի փիլիսոփայությունը, մեծ հեղինակություն է համարվում հանդերձարանում և ի վերջո համարվում է «տիկի-տակայի» էացումը խաղադաշտում: Խնդիրը միայն այն է՝ արդյոք Չավին կհամաձայնի իր ակտիվ կարիերայի մայրամուտին նման պատասխանատվություն վերձնել իր վրա, թե ոչ:

Այլ նշվող թեկնածուներից՝ Վիլաշ Բոաշը զբաղված է «Տոտենհեմում» բացի դա, դեռևս չի աճել Բարսայում աշխատելու համար և այլ ֆուտբոլ է դավանում: Հետաքրքիր է թվում նաև Մարսելո Բյելսայի թեկնածությունը, բայց «Լոկոն»` (Խենթը) սիրում է ազատություն և նախընտրում է ամեն ինչ միայնակ կարգավորել, որը ներկայիս խառնաշփոթ իրավիճակում բարդ իրականանալի է թվում: Խոսվում է նաև Ֆրանկ Ռայկարդի և Ֆրանկ դե Բուրի տարբերակների մասին:

 Հ.Գ. Առավոտյան արգենտինական «Օլե» օրաթերթը լույս տեսավ Պարագվայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ՝ Լեո Մեսսիի համաքաղաքացի Խերարդո «Տատա» Մարտինոյի լուսանկարով: Ասվում է,  որ հենց նա է Վիլանովային փոխարինողի գլխավոր հավակնորդը: Իսպանական մայրաքաղաքային «ԱՍ»-ը միանգամից արձագանքեց՝ համարելով, որ դա ևս մեկ անգամ կհաստատի Լեո Մեսսիի բռնապետությունը: Իսկ կատալոնական «Սպորտը» պնդում է որ Ռոսելը սպասում էր իրադարձությունների նման ընթացքին և պայմանավորվածություն ունի Լուիս Էնրիկեի հետ, մնում է միայն «Սելտային» վճարել նրա պայմանագրի հրաժարագինը:

Նախորդ հոդվածը‘Անհայտ քաղաքացին ոստիկանության օգնությամբ խոչընդոտում է բողոքի ակցիան (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունը եւս երկու ակտիվիստի է բերման ենթարկել’