‘Ո՞ր երկրի ԿԲ նախագահն է Արթուր Ջավադյանը’

1925

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը քիչ առաջ ավարտել է իր մամուլի ասուլիսը: Կարելի է արձանագրել, որ այն, ինչ ասել է ԿԲ նախագահը, առնվազն տարակուսանք է առաջացնում: Թվում է, թե Ջավադյանը ինչ-որ այլ երկրի մասին է խոսել, և նա, ասենք, Նորվեգիայի ԿԲ նախագահն է, ոչ թե Հայաստանի: Օրինակ, նա հայտարարել է, թե հանդիպել է բոլոր բանկերի ղեկավարների հետ և զգուշացրել, որ« կպատժվեն այն աշխատակիցները, ովքեր փորձել են խուսափել արտարժույթի փոխարկում կատարելուց» (մեջբերումները՝ ըստ «Արմենպրեսի»): Այսինքն՝ պարզվում է,  որ եթե բանկերը հրաժարվում են դոլար վաճառել, մեղավոր են աշխատակիցները, որոնք, բանկի և ԿԲ ղեկավարության կամքից անկախ՝ հրաժարվում են դոլար վաճառել: Եվս մեկ մեջբերում. «Կենտրոնական բանկը վստահ է, որ տիրապետում է գնաճի զսպման մեխանիզմներին, և մեր գերնպատակը մնում է գների կայունությունը»: Այս հայտարարության իսկությունը պարզելու համար բավական է մտնել ցանկացած խանութ, եթե այն իհարկե դեռ բաց է: Վստահ ենք, որ եթե ցանկացած խանութի ուզածդ հաճախորդին ասես, որ «ԿԲ-ն տիրապետում է գնաճի զսպման մեխանիզմներին», ապա արձագանքը կլինի առնվազն հայհոյանքը:

Մեջբերենք Ջավադյանի ասուլիսից ևս մի քանի հատված՝ այս անգամ մեկնաբանությունները թողնելով տնտեսագետներին:

Ջավադյանը հայտարարել է նաև, որ «Բանկային համակարգում արտարժույթի խնդիր չկա: Անհրաժեշտության դեպքում ԿԲ-ն ունի հնարավորություն` տրամադրելու անհրաժեշտ ծավալի իրացվելիություն: Նման խուճապային փոխարկումները պարզապես անիմաստ են: Բանկային համակարգը կայուն է, նրանք վճարունակ են և կարող են սպասարկել քաղաքացիների ավանդներն ու հաշիվները»:

«Հայաստանում դրամի իրական գինը հայտնի կլինի ազգային արժույթի գերարժեզրկման պատճառների վերացումից հետո: Ներկայումս ՀՀ դրամը գերարժեզրկված է, և սպեկուլյացիոն ու անհարկի իրավիճակի վերացումից հետո ՀՀ դրամը զգալիորեն կարժևորվի»,-հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահը:

ԿԲ նախագահը վստահեցրել է, որ Կենտրոնական բանկի գերնպատակը լինելու է գների կայունությունը և գնաճի զսպումը: «Կենտրոնական բանկը վստահ է, որ տիրապետում է գնաճի զսպման մեխանիզմներին, և մեր գերնպատակը մնում է գների կայունությունը: Գների կարճաժամկետ կայունացման և դոլարիզացիայի մակարդակի կարգավորման համար ԿԲ-ն արդեն իսկ երկու շաբաթ առաջ բարձրացրեց լոմբարդային տոկոսադրույքը մինչև 21 տոկոս: Սա կարճաժամկետ բարձրացում է, և տոկոսադրույքները հնարավոր է նաև արագ նվազեցնել: Բոլոր հանգամանքերը հաշվի առնելուց հետո ԿԲ-ն որոշում կկայացնի տոկոսադրույքի և գնաճի հավասարակշռման մասին»,- ասել է Արթուր Ջավադյանը: Նա նշել է, որ իրավիճակից օգտվելով՝ գուցե որոշ տնտեսավարողներ փորձեն արհեստականորեն բարձրացնել գները կամ փորձեն արտարժույթով գնանշումներ անել, որը օրենսդրական լուրջ խախտում է և պատժվելու է:

Կենտրոնական բանկի նախագահը հերթական անգամ հորդորել է մարդկանց զերծ մնալ անհարկի փոխարկումներից: «Պղտոր ջրում ձուկ որսալ փորձողները պատժվելու են»,- վստահեցրել է Ջավադյանը:

Նշենք, որ այս պահին ֆինանսական շուկայում իրավիճակը քննարկելու համար ԱԺ-ում ընթանում է ընդդիմադիր խմբակցությունների կողմից նախաձեռնած արտահերթ նիստ:

Նախորդ հոդվածը‘Կկայանա միջոցառում՝ նվիրված «Ղարաբաղ» Կոմիտեի անդամ Համբարձում Գալստյանի հիշատակին’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ-ն փակ արտահերթ նիստում քննարկում է ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակը’