Ո՞ր պահից աշխարհը սկսեց «հայերին չսիրել»․ ՉԻ

3987

Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակներում գերիշխող «աշխարհաքաղաքական վերլուծություններն» ի վերջո հանգում են մի բավականին պարզունակ հարցադրման՝ Ռուսաստանը մեզ չօգնեց, տեսնես գոնե Ֆրանսիան կամ ԱՄՆ-ը կօգնե՞ն, թե՞ ամբողջ աշխարհն է մեր դեմ։ Ընդ որում՝ սա քննարկում են նաև մարդիկ, որոնք քարտեզի վրա Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի տեղն էլ գիտեն, համաշխարհային պատմությանն էլ են ծանոթ, ՄԱԿ-ի կանոնադրությունն էլ գիտեն, «Եվրոպական կոնցերտի» մասին էլ են լսել, մի խոսքով՝ գրագետ, կարդացած մարդիկ են։ Բայց այդ նույն մարդկանց մեծամասնությունը համառորեն չի ուզում վերլուծել ու հասկանալ, թե ինչու աշխարհը մեզ չի օգնում, և հատկապես ո՛ր պահից սկսեց չօգնել՝ այնպես, ինչպես մենք էինք պատկերացնում այդ օգնությունը։

Պատկերացրեք՝ մեկը, ճյուղին նստած, ինքնամոռաց սղոցում է այդ նույն ճյուղը և միաժամանակ անիծում «հայի բախտն» ու ամբողջ աշխարհից օգնություն խնդրում։ Ի՞նչ օգնություն է ակնկալում այդ մարդը, որ իրեն ավելի սուր սղո՞ց տան, թե՞ բարձրանան ծառն ու մի քիչ էլ իրենք սղոցեն։ Իսկ ներքևում կանգնածները, որպես օգնություն, անընդհատ խորհուրդ են տալիս չսղոցել ճյուղը, մանրամասն բացատրում են հետևանքները, և այլն։ Հիմա, երբ հասարակական-քաղաքական շրջանակներն «իմաստուն վերլուծություններով» արձանագրում են, որ աշխարհում որևէ մեկը չի ուզում օգնել մեզ, գոնե հասկանո՞ւմ են, որ այդ նույն «մեր չուզողները» 25 տարի շարունակ փորձել են օգնել մեզ՝ բացատրելով, որ Ղարաբաղի հարցում ստատուս-քվոյի պահպանումն անընդունելի է և բացառված, որ Արցախի կարգավիճակը քննարկել կարելի է, բայց ազատագրված տարածքները վերադարձնելն անխուսափելի է, և եթե համառենք՝ վաղ թե ուշ հայտնվելու ենք այն վիճակում, որում հայտնվել ենք։ Բայց մենք 25 տարի շարունակ այդ օգնությունն ընկալել ենք որպես թշնամանքի ու «հայերին չսիրելու» անհերքելի ապացույց։ Արդյունքում «ճյուղը մինչև վերջ սղոցել ենք», բնականաբար՝ թրմփացել ենք գետնին, ներքևում կանգնածներին, հասկանալի է, հայհոյում ենք ամենավերջին խոսքերով ու միաժամանակ օգնություն ենք ակնկալում։ Բայց՝ ոչ բուժօգնություն։ Պահանջում ենք, որ մեզ օգնեն բարձրանալ հաջորդ ճյուղին ու մի լավ սուր սղոց տան։ Ընդ որում՝ մեզ հիմա էլ են բացատրում, որ դա սխալ է, որ մեզ այդ օգնությունը չեն տալու, որ դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, որ արդյունքը լինելու է նույնը, և դա՝ ոչ թե այն պատճառով, որ «հայերին չեն սիրում», այլ որովհետև մենք համառորեն դեմ ենք գնում աշխարհում ընդունված նորմերին։ Բայց՝ չէ․ մենք մեր վարքագիծը չենք փոխում, և վերջ։

Իսկ այն ժամանակ, երբ մենք շարժվում էինք աշխարհում ընդունված նորմերով, աշխարհը լավ էլ օգնում էր մեզ։ Աշխարհը մեզ օգնում էր, երբ Ղարաբաղն ինքնորոշման հարց բարձրացրեց, աշխարհը մեզ հասկանում էր, որովհետև Ղարաբաղն ինքնապաշտպանվում էր, դրա համար էլ այդ ինքնորոշման իրավունքը զենքի ուժով ոչնչացնել փորձող Ադրբեջանն ագրեսոր էր համարվում, և այլն։ Աշխարհը մեզ սկսեց չհասկանալ այն պահից, երբ մեր պաշտոնական քաղաքականության հիմքում դրվեց այն պնդումը, թե միայն Արցախի ինքնորոշումը մեզ քիչ է, պիտի «անվտանգության գոտին» էլ հետը ինքնորոշվի, իսկ հակամարտության կողմերը Հայաստանն ու Ադրբեջանն են։ Չգիտես ինչու՝ այդ պահից սկսած «հայերին չեն սիրում»։ 

Այսօրվա իշխանություններին էլ, քանի որ, մեղմ ասած, ինտելեկտով չեն փայլում, թվացել է, թե այն ժամանակ աշխարհը մեզ հասկանում էր ոչ թե այն պատճառով, որ մեր առջև հասկանալի խնդիրներ էինք դրել, այլ որովհետև «ժողովրդավարության կղզյակ» էինք, հետևաբար՝ «թավշյա հեղափոխությունը» բավական է, որ աշխարհը նորից մեր կողքին լինի։ Ու հիմա երևի շատ են զարմանում, որ Հայաստանին օգնության ձեռք մեկնող չկա։ Առանց հասկանալու, որ եթե ինքդ քո անելիքը չես ձևակերպում՝ օգնության ակնկալիք ունենալն առնվազն տխմարություն է։

Մարկ Նշանյան

Չորրորդ Իշխանություն

Նախորդ հոդվածըԼիզա Ճաղարյան. ԱԺ–ն սկսեց «էթալ–գալ»
Հաջորդ հոդվածըԿորոնավիրուսը Չինաստանում․ «Դելտա» շտամմը ներմուծվել է Ռուսաստանից և տարածվում է սարսափելի արագությամբ