‘Ո՞ւմ պատժել աբորտի արգելքը խախտելու համար’

1642

Ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփն ստիպված է եղել մի քիչ մեղմացնել իր հռետորաբանությունը:

Նրա արտահայտությունները աբորտի վերաբերյալ քննադատության փոթորիկ են առաջացրել. ԱՄՆ նախագահի պաշտոնի հավակնորդը նախօրեին հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ում աբորտներն արգելվեն, ապա արգելքը խախտողների նկատմամբ պետք է պատիժ սահմանվի:

Թրամփի վրա հարձակում են գործել ոչ միայն նրա հակառակորդները, այլև կողմնակիցները: Պահը ձեռքից բաց չեն թողել նաև նախընտրական մրցապայքարի մասնակիցները, ընդ որում՝ երկու կուսակցություններից էլ: Սոցցանցերում Թրամփի ասածներին արձագանքել են Հիլարի Քլինթոնը և Բեռնի Սանդերսը, վերջինս միլիարդատիրոջ հայտարարությունն անվանել է «խայտառակություն»: Հանրապետական Թեդ Քրուզը ենթադրություն է արել, որ Թրամփը դա արել է չմտածված, պարզապես ուշադրություն գրավելու համար: Նույնիսկ աբորտի հակառակորդները՝ «Երթ հանուն կյանքի» կազմակերպությունը, հայտարարություն է հրապարակել, որում Թրամփին համարել է «իրականությունից կտրված»:

Այնպես որ՝ ընդամենը մի քանի ժամ անց Թրամփն ստիպված է եղել խմբագրել իր խոսքերը. նա նշել է, որ պատժել հարկավոր է արգելքը խախտած բժշկին, այլ ոչ թե կնոջը, որն, ամեն դեպքում, զոհ է: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Փարիզյան ահաբեկչի զինանոցը’
Հաջորդ հոդվածը‘Օրվա բոցը. Ս. Սարգսյանը դասախոսություն է կարդացել Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցում’