‘Ո՞ւմ «վառեցին» ԵԽԽՎ-ում Փոստանջյանի հանած «տաք շագանակները»’

1632

Հոկտեմբերի 2-ին ԵԽԽՎ նստաշրջանում ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի` Սերժ Սարգսյանին ուղղած հարցի շուրջ ավելի քան մեկ շաբաթ տեւած քննարկումները կարելի կլիներ սպառված համարել «Հայոց արծիվների» առաջնորդ, փոխնախարար Խաչիկ Ասրյանի վերջին՝ Փոստանջյանին վառելու մասին հայտարարությունից հետո:  Եթե, իհարկե, նոր մանրամասներ ի հայտ չգային այս պատմության մեջ:

Վերջին օրերին մի շարք վարկածներ առաջ քաշվեցին հարցի շուրջ` արդյո՞ք Փոստանջյանի տված հարցն ինքնաբուխ էր, թե՞ թելադրված կամ առնվազն համաձայնեցված, եւ ինչպե՞ս եղավ, որ իշխող ՀՀԿ-ը հարց տալու հնարավորությունը զիջեց ընդդիմադիր խմբակցության ներկայացուցչին: Առավելեւս, որ ՀՀԿ-ական պատգամավորներին` պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ, խիստ հրահանգ էր տրվել` ապահովել, որպեսզի Սերժ Սարգսյանի ելույթն անցնի հարթ ու «հաղթական»:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն այսօր ասուլիսի ընթացքում արդեն հաստատել է, որ Զարուհի Փոստանջյանը Սերժ Սարգսյանին հարց ուղղելու հնարավորություն է ստացել հենց իր` Հարությունյանի համաձայնությամբ:

Դավիթ Հարությունյանը սակայն, հասկանալի պատճառներով չի մանրամասնել, որ Փոստանջյանին հարցի իրավունք տալը հստակ ծրագրված օպերացիայի մի մասն է եղել, որի նպատակն էր կանխել Սերժ Սարգսյանի համար իրապես անցանկալի քաղաքական հարցը ԵԽԽՎ դահլիճում:

Իսկ նման հարց կարող էր տալ ՀԱԿ խմբակցության ղեկավար, հայաստանյան պատվիրակության անդամ Լեւոն Զուրաբյանը: Ըստ պատվիրակությանը մոտ կանգնած մեր հավաստի աղբյուրի՝ պատվիրակության ՀՀԿ-ական անդամները դեռեւս սեպտեմբերի 4-ից` հարցեր տալու համար հերթագրվելու մեկնարկից առաջ տեղյակ են եղել, որ Զուրաբյանը պատրաստվում է հարց ուղղել  Սերժ Սարգսյանին: 

Այդ հեռանկարից ազատվելու համար ՀՀԿ-ական պատվիրակները որոշել են օգտագործել ֆորմալ ընդդիմության ներկայացուցչին, քանի որ, ինչպես նույն ասուլիսում ասել է Դավիթ Հովհաննիսյանը`արհեստական կլիներ, եթե Սերժ Սարգսանին Վեհաժողովում հարց ուղղեր իր ղեկավարած կուսակցության անդամը (ասենք` Արփինե Հովհաննիսյանը):

Ինչպես արդեն ավելի վաղ ներկայացրել ենք, ԵԽԽՎ-ում հարց տալու առաջնահերթությունը տրվում է՝ հաշվի առնելով այն խմբի մեծությունը, որը ներկայացնում է տվյալ պատվիրակը: ՀՀԿ-ն եւ «Ժառանգությունն» ընդգրկված են ամենամեծ` ԵԺԿ խմբում: Այսինքն՝ հայաստանյան պատվիրակության ցանկացած անդամ, որը չի ներկայացնում ԵԺԿ-ն, հարց հնչեցնելու ավելի քիչ հնարավորություն կունենար, քան ԵԺԿ անդամ պատվիրակները, անկախ այն բանից, թե երբ է հերթագրվել:

Ի դեպ, խոսակցությունները, թե իբր եթե ՀՀԿ-ն հարց տալու իրավունքը չզիջեր Փոստանջյանին, վերջինս կարող էր հարց տալ ԵԺԿ խմբի անունից, ոչ մի քննության չեն դիմանում: Նախ, խումբը չէր կարող Սերժ Սարգսյանին ուղղվելիք հարցի իրավունքը վերապահել հայաստանցի պատգամավորին, բացի դրանից, եթե անգամ այդպես լիներ, խմբի անունից տրվող հարցերը քննարկվում եւ համաձայնեցվում են: Դժվար է պատկերացնել, որ ԵԺԿ-ում թույլ տային, որ Զարուհի Փոստանջյանը խաղամոլության մասին հարց ուղղեր ԵԺԿ անդամ հանդիսացող ՀՀԿ-ի առաջնորդ Սերժ Սարգսյանին:

Եւ այսպես, մնում էր միայն այնպես անել, որ ԵԺԿ անունից առաջինը հերթագրվի  հայաստանյան պատվիրակության անդամը: Ըստ մեր աղբյուրի՝ Զարուհի Փոստանջյանը հարց տալու համար գրանցվել է սեպտեմբերի 4-ին, Ստրասբուրգի ժամանակով ժամը 9-ից քիչ անց, այսինքն՝ հարցերի համար հերթագրվելու «պատուհանը» բացվելուն պես: Այսպիսով, Փոստանջյանի հերթագրվելով՝ հայաստանցի որեւէ այլ պատվիրակի կողմից հարց հնչեցնելու հավանականությունը գրեթե զրոյի էր հավասարվում:

Կարելի կլիներ ասել, որ հանրապետականների օպերացիան փայլուն կերպով իրականացվեց, եթե չլիներ մի «եթե». Փոստանջյանի հնչեցրած հարցը ոչ մի կերպ Սերժ Սարգսյանի ինքնասիրությունը շոյող չես անվանի:

Ըստ մեր աղբյուրի՝ ՀՀԿ-ականները «դեմ չէին լինի», եթե իրենց շնորհիվ հարցի իրավունք ստացած Զարուհի Փոստանջյանի հարցը Մաքսային միությանն անդամակցելու կամ, ծայրահեղ դեպքում, դրանից մի քանի օր առաջ Սյունիքում տեղի ունեցած «սահմանային միջադեպի» մասին լիներ: Սակայն, ըստ երեւույթին, ԵԽԽՎ-ի շենքի դիմաց Սերժ Սարգսյանի դեմ ցույց անող քաղաքացիների ներկայությունից ոգեւորված Փոստանջյանը «կուրաժ է բռնել» եւ որոշել է «ավելի սուր» հարց տալ: 

Շրջանառվող վարկածներից մեկի համաձայն էլ Փոստանջյանի հետ համաձայնեցված է եղել հարցի բովանդակությունը եւս: Ըստ այս վարկածի՝ ԵԽԽՎ ամբիոնից մի քանի րոպե առաջ Հայաստանում «խոսքի ազատության ու ժողովրդավարության» մասին խոսող Սերժ Սարգսյանը եվրոպական լսարանին ավելի լավ չէր կարող ապացուցել իր խոսքերի իսկությունը, քան ժպիտով պատասխանելով ընդդիմադիր պատգամավորի` լուրջ մեղադրանքներ ու անձնական վիրավորանք պարունակող հարցին:

Այս վարկածը ուշագրավ է Դավիթ Հարությունյանի այսօրվա ասուլիսն արված մեկ այլ հայտարարության ֆոնին: Համաձայն դրա՝ Փոստանջյանի հարցը բացասական ստվեր չգցեց Սերժ Սարգսյանի վրա: «Բոլորն ասացին, որ (Սարգսյանը) հմուտ գործիչ է և այդ իրավիճակում վարվեց այնպես, ինչպես կվարվեր ցանկացած եվրոպական հմուտ գործիչ», — նշել է Հովհաննիսյանը: 

Ամփոփելով՝ կարելի է ասել, որ կազմակերպված սցենարով քաղաքական մեծամասնությունը փորձեց ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի ձեռքերով տաք շագանակներ հանել Սերժ Սարգսյանի համար: Թե ու՞մ ձեռքերն արդյունքում այրվեցին`  Փոստանջյանի, Սարգսյանի, թե օպերացիայի անմիջական կազմակերպիչների՝ դժվար է ասել:

 

Նախորդ հոդվածը‘ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներից ազատ է արձակվել 462 դատապարտյալ’
Հաջորդ հոդվածը‘Պարսից ծոցի երկրները կարող են «գեյ-թեստ» մտցնել’