Ո՞ւր է քո եղբայր Աբելը

1258

Նկատե՞լ եք, որ հայաստանա-արցախյան քաղաքական դաշտում ոչ միայն ազնիվ եւ ռացիոնալ քաղաքական գործիչներն են պնդում, որ այսօրվա դրությամբ մեզ ավելի ձեռնտու է Արցախի կարգավիճակի հարցը ապագային թողնելու ռուսական առաջարկը, այլեւ նրանք, ովքեր տարիներ շարունակ` ընդհուպ մինչեւ 44-օրյա պատերազմը, նույնիսկ պատերազմի օրերին դեմ էին նման լուծմանը կամ որ նույնն է՝ ռուսական առաջարկներին։

Բայց այստեղ հայի հետին խելքի կամ հանկարծահաս իրատեսական դառնալու հարցը չէ․ այստեղ գործ ունենք մեկ այլ՝ անհասկանալի երեւույթի հետ։ Քանի որ` եթե հայի հետին խելքի հետ գործ ունենայինք, նման բան պնդողները, տրամաբանորեն, իրենց խոսքը պետք է սկսեին զղջումով, ասել է թե՝ հետահայաց ընդունեին, որ մինչեւ 44-օրյա պատերազմն իրենց գործողությունների եւ հայտարարությունների հարցում սխալվել են, և ճիշտն այն է, որ Փաշինյանը պետք է պատերազմը կանխելու համար՝ մինչեւ պատերազմն ընդուներ այդ առաջարկները եւ ստորագրեր։

Բայց այդ մարդիկ լիովին այլ բան են պնդում, նրանք սխալի մասին չեն էլ խոսում, ավելին, նրանց մեծամասնությունը դեռ ուղղակի կամ անուղղակի հայտարարում է, որ կամ պետք էր պահել ստատուս քվոն (տարիների ձգելու քաղաքականությունը), ու դա հնարավոր էր, իբր, առանց ստորագրելու, կամ այնպիսի ճիշտ քաղաքականություն վարվեր, որ պատերազմի դեպքում Ռուսաստանը մեզ օգներ հաղթել։ Եւ որ ամենատարօրինակն է, այդ պնդողների մեծամասնությունը ներկայանում է որպես ռուսամետ, մյուս փոքր մասն էլ՝ հայաստանամետ, որ հանուն մեր պետականության ընտրել է ռուսամետությունը։ Այստեղից էլ ահա հարց է ծագում. այդ դեպքում ինչո՞ւ եւ ինչպե՞ս է, որ այդ մարդիկ տարիներ շարունակ զբաղված են եղել կարգավորման չգնալու քարոզով, եւ մերժելով բանակցային սեղանին դրված փաստաթուղթը՝ հերքել են, որ դա կարգավորման ռուսական մոտեցում է։

Իսկ այն, որ ռուսական առաջարկներ եղել են, վերջերս արդեն բացահայտ փաստել է ոչ միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, այլեւ օրերս նաեւ` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Ընդ որում` որոշակի նոր մանրամասներ ներկայացնելով։

Մամուլի ասուլիսի ընթացքում Սերգեյ Լավրովն ասել է․

«Իրապես ռուսական առաջարկները․․․ սկսենք նրանից, որ մենք դեռ 2012-ին ունեինք առաջարկներ, որոնց ընդունման դեպքում, կարող էին փակել այս խնդիրը մեկընդմիշտ։ Համենայնդեպս, այդ ժամանակաշրջանում ի հայտ եկավ Ղարաբաղի կարգավիճակի հարցը «ապագային» թողնելու կոնցեպտը։ Պարզ բան էր․ հայերը դուրս են գալիս Ղարաբաղի շուրջ հինգ ադրբեջանական շրջաններից՝ պահելով Հայաստանը Ղարաբաղին կապող երկու շրջանները։ Դրանց (այդ երկու շրջանների — հեղ․) ճակատագիրը (որեւէ մեկը չի վիճարկում, որ դրանք ադրբեջանական են) կորոշակիացվեր Ղարաբաղի կարգավիճակի որոշակիացման ժամանակահատվածի հետ փոխկապակցված։ Այդ ժամանակ ի հայտ եկավ կարգավիճակի հարցը ապագային՝ հաջորդ սերունդներին թողնելու կոնցեպտը»։ 

Հատկանշական է, որ հաջորդելով ՌԴ նախագահին՝ Լավրովը հրապարակավ հաստատում է, որ ռուսական առաջարկներ իսկապես եղել են․ եթե հիշում ենք, նախկինում թե՛ ինքը՝ Լավրովը, թե՛ ՌԴ ԱԳՆ-ն հերքում էին դրանց գոյությունը` պնդելով, որ սեղանին ոչ թե ռուսական տարբերակ է, այլ՝ ՄԽ համանախագահների առաջարկը։

ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդն այդ կապակցությամբ մի անգամ գրել էր․ «Այն ժամանակահատվածում, երբ ես ԱՄՆ համանախագահն էի, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բացահայտեց հակամարտության կարգավորման իր պլանը, որը շատ նման էր առկա Մադրիդյան սկզբունքներին եւ ոչ պաշտոնապես հայտնի դարձավ որպես «Լավրովի պլան»: Սակայն մեզ նախազգուշացրել էին, որ դա անվանենք «բանակցային սեղանին դրված պլան»»։

Այստեղ, իհարկե, որոշակի քաղաքական եւ դիվանագիտական նրբություններ կան․  մասնավորապես, որ կարեւոր էր այդ առաջարկների պարագայում ստանալ ՄԽ համանախագահ երկրների գոնե առերեւույթ համաձայնությունը, քանի որ դա մի կողմից նշանակում էր քաղաքական կոնսենսուս աշխարհաքաղաքական կենտրոնների միջեւ, մյուս կողմից՝ ավելի մեծ լեգիտիմություն։ Այլ հարց է, որ այնտեղ կարող էին լինել կետեր, որոնք համանախագահող մյուս երկրները գոնե ներքին կարգով ընդունելի չէին համարի։

Բայց մեր նյութի համատեքստում առաջարկների իրական հեղինակի ընդգծումն այլ դիտանկյունից է կարեւոր․ անկախ այն հանգամանքից՝  դրանք ստացե՞լ էին մյուս համանախագահողների համաձայնությունը, թե՝ ոչ։ Եթե ռուսական կողմն արդեն հրապարակավ հայտարարում է, որ դրանք իրենց առաջարկներն էին, նշանակում է` ներկայացնելով այդ առաջարկները, ինքն այդ պահից արդեն մատնանշել եւ սահմանել է Արցախյան հարցում իր քաղաքականությունը, մոտեցումները եւ պատկերացումները։ Ասել է թե՝ անկախ այն բանից, որ անգամ եթե երեք համանախագահներն էին հանդես գալիս այդ առաջարկով, պետք էր հասկանալ եւ տարանջատել առաջարկների հեղինակին եւ նրա դիրքորոշումը՝ հաշվի առնելով, որ հասկանալիորեն (ուզենք, թե չուզենք, դա դուր գա մեզ, թե՝ ոչ) հենց Ռուսաստանի դիրքորոշումից էին կախված մի շարք զարգացումներ։

Լավրովն իր ասուլիսում բացահայտեց նաեւ այդ առաջարկների ներկայացման տարեթիվը, ինչն ուղղակիորեն նշանակում է, որ ռուսական այս մոտեցումները ի հայտ էին եկել ոչ թե ապրիլյան պատերազմի շեմին, այլ դրանից շատ առաջ։ Ի դեպ, փորձագիտական շրջանակներում վաղուց տեղեկություններ էին շրջում, որ ռուսական կողմը Կազանից անմիջապես հետո է սկսել իր առաջարկների լոբբինգը, սակայն այդ տեղեկությունների հրապարակային ապացույցներ մինչ այժմ գոյություն չունեն։

ՌԴ ԱԳ նախարարի հայտարարության մեջ որոշակի նորություն էր այն, որ ռուսական առաջարկները ենթադրել են կարգավիճակի հարցը շատ հեռու ապագային թողնելը։ Այնինչ, հայկական քաղաքական վերնախավը երկար տարիներ տիրաժավորում էր այն միտքը, որ հնարավոր կարգավորման դեպքում կարգավիճակին անդրադարձը շատ ավելի մոտ՝ տեսանելի ապագայում եւ հստակեցված ժամանակում պետք է տեղի ունենա։

Լավրովը չի անդրադարձել այն հարցին, թե ինչ եղանակով պետք է որոշակիացվեր Արցախի կարգավիճակը։ Կարելի է ենթադրել, որ խոսքը ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի 44-օրյա պատերազմից հետո արված հայտարարության մեջ նշված տարբերակի մասին է։

Հիշեցնենք, որ Պոպովը գրել էր․ «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի խնդրի լուծմանը, ապա վերջին տարիներին բանակցային սեղանին դրված առաջարկները նախատեսել են որպես վերջնական նպատակ, մեջբերում եմ․ «Կողմերի միջեւ համաձայնեցված ժամկետներում Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ճշգրտում՝ ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամահարտահայտությունը ներկայացնող իրավական պարտադիր ուժ ունեցող միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին համապատասխան համաժողովրդական քվեարկության միջոցով։ Ընդ որում, քվեարկության դրվելիք հարցի կամ հարցերի ձեւակերպումը չի սահմանափակվելու, իսկ կողմերը հարգելու են քվեարկության ցանկացած արդյունք»։  

Մեկ ուշագրավ հանգամանք․ 44-օրյա պատերազմից հետո Սերժ Սարգսյանը պնդում էր, որ ինքը պատրաստվում էր մնալ իշխանության եւ Ադրբեջանի հետ ստորագրել մի փաստաթուղթ, որտեղից հանված էր «հարցերը ոչնչով չէին սահմանափակվելու» ձեւակերպումը։

Սերժ Սարգսյանն ասում էր․ «Քանի որ Ադրբեջանը, պարզ է, շատ դժկամությամբ էր շարունակում բանակցություններն այդպիսի պայմանների շուրջ, մենք մտածեցինք տարբերակ՝ ունենալ երեք փաստաթուղթ․ մեկ փաստաթուղթ ստորագրել Ադրբեջանի հետ, որ ամբողջովին չէր բավարարում մեր նվազագույն ցանկությունները․ խոսքը հետևյալի մասին է՝ առաջին կետը, երբ խոսում էր ԼՂ բնակչության ազատ կամարտահայտության մասին, ձևակերպված էր, ինչպես ասացի, հետևյալ կերպ, որ ԼՂ վերջնական կարգավիճակը որոշվում է ԼՂ բնակիչների ազատ կամարտահայտությամբ, որն ունի պարտադիր իրավական ուժ, և որի օրակարգը ոչնչով չէր սահմանափակվում։ Այս վերջին պարբերությունը, վերջին բառակապակցությունը կտրականապես Ադրբեջանին չէր բավարարում, ինչո՞ւ, որովհետև առաջին երկու ձևակերպումները տեղավորվում էին իր Սահմանադրության շրջանակներում, բացի դրանից՝ վերջում Ադրբեջանը շատ հանգիստ կարող էր ասել՝ այո, ազատ կամարտահայտությամբ, որն ունի պարտադիր իրավական ուժ, բայց, հաշվի առնելով Ադրբեջանի Սահմանադրությունը, չի կարող լինել հանրաքվե՝ Ադրբեջանի տարածքային ամբողջությանը վերաբերող։ Դրա համար մտածվել էր հետևյալ գաղափարը, որ Ադրբեջանի հետ ստորագրվի փաստաթուղթ՝ առանց այս վերջին իմ ասած մտքի՝ «օրակարգը ոչնչով չի սահմանափակվում», դրան անմիջապես զուգահեռ ունենալ համանախագահ երկրների հայտարարությունը՝ այս պարբերությամբ հանդերձ, և ողջամիտ ժամկետներում ունենալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը՝ համանախագահների հայտարարության հիման վրա»։ Ըստ Սարգսյանի, այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2016-ի աշնանը։  

Նույն Սարգսյանը մեկ այլ հարցազրույցում արդեն նշում էր, որ իր իշխանավարության ժամանակ՝ 2018-ի հունվարին Կրակովում կողմերին նոր առաջարկ է ներկայացվել։ Այդ առաջարկի առաջին պարբերությունը (ըստ մամուլ արտահոսած տեքստի) սահմանում էր, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման վերջնական նպատակներն են` այնպես, ինչպես նրանք կապված են միմյանց հետ»։

Ապա նշվում էր, որ նախատեսվում էր «7 շրջանների՝ Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի, Ղուբաթլիի, Քելբաջարի և Լաչինի վերադարձը Ադրբեջանին, պայմանով, որ պահպանվում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքը»։ Ապա նշվում էր, որ «վերաբնակները միջազգային հանրության օժանդակությամբ լքելու են 1-ին պարբերությունում նշված հինգ շրջանների տարածքները։ Ադրբեջանի քաղաքացիական իշխանությունները մտնելու են նշված տարածքներ այն բանից հետո, երբ կտեղակայվեն խաղաղապահ միջազգային ուժերը և դուրս կհանվեն այդ շրջաններում ներկայումս գտնվող զինված ուժերը։  Խաղաղապահ միջազգային ուժերը կտեղակայվեն նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի (НКАО) վարչական սահմանների երկայնքով՝ բացառությամբ Քելբաջարի և Լաչինի շրջանների մաս կազմող հատվածների։ Քելբաջարի շրջանը կմնա ԵԱՀԿ անցումային մշտադիտարկման տակ»։

Կարգավիճակի մասին նշվում է․ «Կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը հանդիսացող համընդհանուր քվեարկության անցկացման միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, որը կլինի իրավական առումով պարտադիր և կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին՝ նկատի ունենալով, որ քվեարկությանը դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեն և կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները»։

Եթե համադրում ենք Սերժ Սարգսյանի խոսքերը, ապա ստացվում է, որ Սարգսյանի նշած երկու առաջարկները որոշակի տարբերություններ ունեն, մասնավորապես` քվեարկության դրվելիք հարցերի առումով, նաեւ տարածքների վերադարձի սխեմայի առումով։ Մասնավորապես, հրապարակված տեքստից մի կողմից տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը, ի տարբերություն փուլային առաջարկի, միանգամից վերադարձնում է ոչ թե 5, այլ 7 շրջանները՝ պահպանելով միայն միջանցքը, մյուս կողմից՝ առաջին նախադասությունը հեռակա հույս է տալիս, որ գուցե տարածքների վերադարձը նախատեսվում էր իրականացնել փուլային եղանակով։ Դրանից բացի, խաղաղապահների տեղակայման աշխարհագրության մասին հիշատակումն ու Քելբաջարի շրջանի ԵԱՀԿ անցումային մշտադիտարկման տակ մնալու տողը հարցեր է առաջացնում. ի՞նչ էր լինելու Քելբաջարի եւ Լաչինի շրջանների հետ, արդյո՞ք տարածքները պիտի վերադարձվեին որոշակի ժամանակագրությամբ եւ կարգավիճակի հետ փոխկապակցվածությամբ, եթե` այո, ապա ինչո՞ւ միայն Քելբաջարի շրջանը պիտի մշտադիտարկվեր, արդյո՞ք Լաչինի եւ Քելբաջարի շրջանների ճակատագիրը տարբեր կարգավորումներով էր լուծվելու։ Եթե երկու շրջանների վերադարձն առկախվում էր՝ մինչեւ կարգավիճակի հարցի լուծումը, նշանակում էր` ըստ էության, գործ ունենք Պուտինի, Լավրովի եւ Պոպովի նշած տարբերակների հետ, եթե` ոչ, ապա՝ ավելի վատ տարբերակի հետ։

Այս նրբությունը կարեւոր է մի պատճառով․ Պոպովը ասում էր, որ իրենց՝ տարածքներ-կարգավիճակ «փոխկապակցված» տարբերակը վերջին անգամ ներկայացվել է 2019-ին՝ Փաշինյանի օրոք։

Սա ուղղակիորեն նշանակում է, որ կամ Փաշինյանին ներկայացվել է առնվազն այն նույն տարբերակը, որը քննարկել է Սարգսյանի իշխանությունը, կամ՝ շատ ավելի նպաստավոր տարբերակ, բայց հաստատ` ոչ ավելի վատը։ Այսինքն, ո՛չ Փաշինյանը, ո՛չ քաղաքական դաշտի զգալի հատվածը 2019-ի տարբերակը մերժելու որեւէ պատճառ չեն ունեցել։   

Լավրովը նաեւ չի անդրադարձել այն հարցին, թե այդ շրջաններից հայկական զորքերի դուրսբերումից հետո խաղաղապահ ի՞նչ ուժեր պետք է տեղակայվեին եւ ինչպիսի՞ աշխարհագրական տեղաբաշխմամբ, այսինքն` ո՞ր երկրի խաղաղապահների ներկայությունն էր ցանկանում ռուսական կողմը եւ ինչպիսի տեղակայման ձեւով եւ վայրով։ Սրանք եւս կարեւոր նյուանսներ են, հուսանք, մի օր այս հարցերը եւս կմանրամասնվեն եւ կհրապարակայնացվեն։

Լավրովի հայտարարության մեջ էական է նաեւ հասցեագրումը․ սա, ինչպեսեւ` մինչ այդ ՌԴ նախագահի հայտարարությունը, ուղղված էր հայկական կողմին։ Այսինքն, ինչպես Պուտինը, այնպես էլ՝ Լավրովը, մինչեւ 44-օրյա պատերազմը հնարավոր կարգավորման հասցեատեր են նշում Հայաստանը, ըստ էության ակնարկելով, որ 2012-2020 թվականներին Հայաստանն է մերժել կարգավորման փուլային՝ հետաձգված տարբերակը։

Այսպիսով, եթե ընդհանրացնենք եւ ի մի բերենք ՌԴ նախագահի եւ ԱԳ նախարարի հայտարարությունները, ապա ստացվում է, որ ռուսական կողմն այսօր արդեն բացահայտ եւ հրապարակավ ասում է, որ 8 տարի շարունակ ինքը Հայաստանյան իշխանություններին մի քանի անգամ ներկայացնելով կարգավորման իր պատկերացումները՝ մատնանշել է իր հետեւյալ դիրքորոշումները․

-իր մոտեցումը ենթադրում է փուլային լուծում՝ շատ հեռու ապագային թողնելով ամբողջական եւ վերջնական կարգավորումը, ասել է թե՝ իրեն այլեւս ձեռնտու չէ ստատուս քվոն պահելը, ստատուս քվոն պետք է փոխվի, բայց` ոչ հիմա եւ արագ հարցի վերջնական ու ամբողջական կարգավորմամբ,

-իրեն տարածաշրջանում ավելի մեծ ներկայություն է պետք

-իր առաջարկի մերժման հետեւանքով ի հայտ եկած որեւէ հետեւանքի, զարգացման, կամ ելքի պարագայում չպետք է հույս դնել իր վրա։

Ուղիղ խոսքը, գիտենք՝ ում են ասում, եւ ռուսական կողմի այս առաջարկները բավարար էին հասկանալու համար ռուսական կողմի այս նոր քաղաքականությունը, հետեւություններ անելու, համադրելու այդ մոտեցումները Հայաստանի եւ Արցախի շահերի հետ եւ ըստ այդմ` որոշումներ կայացնելու։

Հիմա հետ գանք մեր քաղաքական դաշտին։

Հետեւեք բոլոր նրանց (թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում), ովքեր այսօր պնդում են, որ կարգավիճակի հետաձգված տարբերակը լավ առաջարկ է, թե դա նշանակում է, որ ինչպես նախկինում, այսօր էլ միայն ռուսական կողմն է պրոհայկական լուծում առաջարկում։ Ապա որոնեք (գուգլը ձեզ օգնական) համացանցում այդ նույն մարդկանց հայտարարությունները 2012-2020 թվականներին եւ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Գրեթե բոլորի պարագայում չեք գտնի մի հայտարարություն, որտեղ նրանք կողմ լինեին փուլային տարբերակով կարգավորմանը, մի մասի դեպքում էլ՝ ընդհանրապես ստատուս քվոյի փոփոխությանը։ Ընդ որում, խոսքը շարքային ամենինչագետ փորձագետների մասին չէ, խոսքը դերակատարություն ունեցող քաղաքական ուժերի ղեկավարների, լուրջ պաշտոններ զբաղեցրած անձանց մասին է։

Բա եթե այդ մարդիկ պնդում են, որ ռուսական քաղաքականությունն ավելի հայամետ էր եւ է, եւ եթե իրենք էլ ներկայանում են որպես «ռուսամետներ», ապա ինչպե՞ս է ստացվել, որ տարիներով տորպեդահարել են ռուսական առաջարկների ոչ միայն իրականացումը, այլեւ՝ դրանց շուրջ անգամ որեւէ քննարկման ծավալումը։

Ավելին, այսօր էլ այդ մարդիկ չեն խոսում ո՛չ ՌԴ նախագահի, ո՛չ էլ ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունների մասին, այն է` կար տեղի ունեցածը թույլ չտալու մեկ ելք, եւ դա փուլային լուծմանը համաձայնելն էր։ Որ հենց դա էր ռուսական մոտեցումը եւ դիրքորոշումը։ Ինչո՞ւ այդ մարդիկ չեն բացատրում, չեն հիմնավորում իրենց՝ տարիների հակառակ դիրքորոշումը, ինչո՞ւ են այսօր ձեւացնում, թե չեն լսել ՌԴ ղեկավարության հայտարարությունները, ինչո՞ւ չեն խոսում այն մասին, թե ինչպես էին իշխանություն եղած ժամանակ այդ առաջարկների դեմ բողոքի ալիքներ գեներացնում, իսկ ընդդիմություն դառնալուց հետո բողոքի ցույցեր կազմակերպում  այդ առաջարկների դեմ։

Իհարկե, անկախ այս անձանց դրսեւորած վարքից, ցանկացած ելքի մեղավորն ու պատասխանատուն օրվա իշխանությունն է, որը ներքին կարգով տիրապետելով ամբողջ տեղեկատվությանը՝ պետք է ոչ թե նման աղմկարարների սրտով կամ պատվերով (ո՞վ իմանա) քայլեր անի, այլ՝ պետության շահերից բխող ծանր որոշումներ կայացնի։

Բայց ամբողջ հարցն այն է, որ այս մարդիկ՝ գրեթե ողջ ընդդիմադիր քաղաքական դաշտը չտեսնելու տալով ՌԴ նախագահի եւ ԱԳ նախարարի հայտարարությունները, փոխելով եւ խեղաթյուրելով թեման եւ շարունակելով պաթոսային, ճղճղան, լաչառ, ոչինչ չասող ելույթները, իրական քաղաքական մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն՝ շարունակելով հեքիաթասացությունն ու ձեւացնելով, թե, իբր, այդպիսի անհաշտ ու իրական պայքար են մղում Հայաստանի եւ Արցախի փրկության համար, իրականում հենց այդպիսի քայլերով ամրացրել եւ շարունակում են ամրացնել Փաշինյանի իշխանությունը։

Որովհետեւ ավելի քան ակնհայտ է, որ եթե իրենք իրական մեղադրանքներ հնչեցնեն, իրենց պաթոսային «ասելիքը» կդառնա ոչինչ, ասելիք պարզապես էլ չեն ունենա, ստիպված պիտի լինեն հանրությանը խոստովանել, որ ստել են, պատասխան տան, թե ինչու են ստել, ստիպված կլինեն լքել քաղաքական դաշտը, եւ այդ դեպքում մարդկանց վերջապես լսելի կդառնա իրական քաղաքական խոսքը, մարդիկ կհասկանան, թե իրականում ինչ պետք է աներ Փաշինյանը, որ չի արել, եւ կսթափվեն, կտեսնեն քաղաքական այլընտրանք։

Այդ պատճառով էլ ահա այդ ընդդիմադիր քաղաքական ուժերը նախընտրում են լալահառաչ, դատարկ պաթոսային մեղադրանքներով անդադար աղմուկի մեջ պահել դաշտը՝ գիտակցաբար երկարաձգելով Փաշինյանի իշխանությունը, որպեսզի իրենք մնան քաղաքականության մեջ, որ հենց իրենք հիմնական դերակատար մնան դաշտում` մինչեւ կգա ավերակների վրա իշխանության գալու պահը։  

Բոլոր նրանց, ովքեր անտեսում են Պուտինի եւ Լավրովի հայտարարությունները, ովքեր այդ հայտարարությունների վերաբերյալ դիրքորոշում չեն հայտնում կամ առավելեւս` ովքեր խեղաթյուրում են դրանք եւ փոխարենը պաթոսախեղդ իշխանափոխության, իբր, կոչեր են հնչեցնում, սրանց բոլորին ահա ձեռնտու է Փաշինյանի իշխանության գոյությունը․  նրա գործունեության ֆոնին կարելի է հայրենասիրական պաթոսի ձայնասկավառակը պտտել այնքան` մինչեւ հնարավոր բոլոր ծանր զիջումները արվեն, եւ երբ արդեն զիջելու բան չլինի, ահա այդ ժամանակ կսկսեն իրական իշխանության հասնելու պայքարը՝ իրենց հայտնի, փորձված ձեւերով։ Այդ ընթացքի պաթոսն ու աղմուկն էլ «կվաճառեն» ժողովրդին, որպես հիմնավորում այն բանի, թե ահա իրենք եւ հենց իրենք են, որ հայրենասիրական մղումներով պայքարել են Փաշինյանի դեմ, Հայաստանն ու Արցախը, մեր հայրենի եզերքը, մեր պապերի հողը, մեր օրրանը, մեր հողն ու ջուրը, մեր ջինջ օդն ու կուռ քարը, մեր կարկաչահոս առուներն ու կչկչան գետերը եւ վերջապես` լուրթ երկինքը փրկելու համար։ Չհավատացողների համար էլ ԺԷԿ-ից կնքած թուղթ կբերեն եւ կապացուցեն, որ թղթով հենց իրենք են հայրենասերը։

Իսկ եթե չստացվի, հերթական հայապահպան եւ հայահավաք հավաքը կանեն Փարիզի, Լոս Անջելեսի կամ Մոսկվայի արվարձաններում, նորահայտ հայրենակցական միությունների բարձր հովանու ներքո կերգեն «Ա՜խ Շուշի, չքնաղ Շուշի»-ն («Կարս, Կարս»-ը հին է արդեն, մարսել ենք), խրոխտ ելույթներ կունենան կամ գեղեցիկ հուշեր կգրեն, ծաղիկներ կդնեն զոհված հերոսների հիշատակին կառուցած խաչքարերի մոտ, բանաստեղծություններ կկարդան զոհված հերոսների մասին, բայց նրանցից ոչ մեկը մյուսին չի հարցնի. «Ո՞ւր է քո եղբայր Աբելը», «Ո՞ւր է քո պետությունը»։

Քրիստինե Խանումյան

Նախորդ հոդվածըԵթե այսօր դեռ դիվանագիտական ռեսուրս ունենք, դարձյալ պարտական ենք Լեւոն Տեր-Պետրոսյանին
Հաջորդ հոդվածըԱԱ-2022․ Օրվա հանդիպումները