‘Ոչ թե ցավակցեք, այլ ընդամենը մի «սպանեք» մեր զինվորներին ‘

1600

Սերժ Սարգսյանը նախագահական ընտրություններից առաջ հիշեց Տիգրան Սարգսյանի ասած՝ «տարբեր ոլոլորտներում» առկա խնդիների (մեղմ ասած) մասին եւ սկսեց հերթով այցելել պետական կառույցներ: Բանակը չմոռացավ: Գնաց, հավաքեց ղեկավարությանն ու հրապարակավ հոխորտաց: Սեյրան Օհանյանն այնպիսի դեմք ընդունեց հեռուստախցիկների առջեւ, որ քիչ էր մնում հավատայինք, թե ինքն սկսել է հավատալ ու փոխվում է: Սերժ  Սարգսյանն էլ նույն բանն էր ցանկանում ապացուցել՝ թե իբր «այնքան ասացի, որ ինքս էլ հավատացի ու ուզում եմ փոխվել»: Ուրեմն, նախընտրական ծիրին մեջ այնքան էր ինքն իրեն հավատացել, որ մատ էր թափ տալիս, հոխորտում էր: Ու քիչ չանցած՝ սկսվեց փոփոխությունը, տեսանք: Բայց այն փոփոխությունը, որը ոչ թե մենք` քաղաքացիներս էինք պատկերացնում, այլ իրենք: Ոչ թե բովանդակությունը, այլ ձեւը փոխվեց: Ընդամենը:

Սարգսյանի այցից հետո նորից երկու հայ զինվորի մահվան մասին իմացանք: Նորից՝ կասկածելի մահեր: Նորից` ոչ մարտական պայմաններում: Մեզանից երկուսը մահացան: Էլի: Եւ երկու հաղորդագրություն տարածվեց: Մեկը` ԼՂՀ ՊԲ-ից: Մյուսը` ՀՀ ՊՆ-ից: «Խորը ցավով տեղեկացնում ենք…» եւ «կիսում ենք ծանր կորստյան վիշտը ու զորակցություն հայտնում մահացածի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»:

Իսկ մինչ այդ ընդամենը ասում էին` «այսինչ օրը, այսինչ ժամին, այսինչ զորամասում…..կատարվում է քննություն»: Փաստորեն, փոփոխություն ասելով՝ սա էին հասկանում. մինչ այդ չորով էին տեղեկացնում մեզ կատարվածի մասին, հիմա` խորը ցավով….: Չհասկացան այդպես էլ, որ փոփոխությունը հաղորդագրության մեջ չպիտի լիներ: Փոփոխությունը պիտի լիներ իրականում` տեսանելի: Պիտի լուր ստանայինք, որ բանակում տիրող քրեական-բանտային բարքերն այլեւս վերացել են, կասկածելի հանգամանքերում հայ զինվորներ չեն մահանում հայոց բանակում, որ թալանով զբաղվող գեներալները ձերբակալվում են` հերթով, բոլորն անխտիր: Իսկ թալանվածն առգրավվել եւ փոխանցվել է բանակի բյուջեին: Թե չէ այսպե՞ս` ծաղրելով ժողովրդի՞ն: Ծաղրելով մեր ցա՞վը: Մեզ պետք չեն հաղորդագրություններ, որոնք մեզ խորը ցավով մեր զինվորների մահն են գուժում` խաղաղ, ոչ մարտական, կասկածելի պայմաններում: Մեզ մեր զինվորներն են պետք: Ողջ-առողջ: Մենք նրանց բանակ ենք ուղարկում` մեր երկրի սահմանները պահելու համար: Հաղորդագրությունների տեքստերը փոփոխելու փոխարեն՝ մեր զինվորների կյանքը պահպանեք: Պահպանեք, սեփական զավակների նման պահպանեք նրանց կյանքերը, ովքեր պահպանում են մեր երկիրը, մեզ եւ նաեւ ձեզ` թշնամու հարձակումներից: Մեզ «խորը ցավով…» բառակապակցությամբ սկսվող հաղորդագրություններ մի ուղարկեք: Մեզ պետք չէ զինվորի մահվանից հետո ձեր արտահայտած «խորը ցավը…». բանակի հրամկազմը նրա համար չէ, որ զինվորների մահվանից հետո իր ցավակցությունը հայտնի, հրամկազմը նաեւ այն բանի համար է, որ բանակում այնպիսի բարքեր հաստատի, որ զինվորները կասկածելի հանգամանքներում չմահանան, ու հետո այդ կապակցությամբ արտահայտված ցավակցության կարիքը չլինի: Ընդամենը մի «սպանեք» մեր զինվորներին:

 

Պարգեւ Ապրեսյան

Նախորդ հոդվածը‘Ցուկերբերգի հանդիպումը ուսանողների հետ (ուղիղ եթեր)’
Հաջորդ հոդվածը‘Ռոբերտ Քոչարյանը կանդրադառնա Վարդան Օսկանյանի գործին ‘