‘«ՈՉ»-ի շտաբի կոչը’

2754

«ՈՉ»-ի շտաբի կոչը.

Սիրելի հայաստանցիներ,

Սահմանադրության փոփոխությանն և Սերժ Սարգսյանի ռեժիմի երկարաձգմանը ՈՉ ասող շարժումը այսօր արդեն հասել է մեծագույն հաջողության: Ժողովրդի բացարձակ մեծամասնությունը գիտակցում է, որ սահմանադրության փոփոխությունը կատարվում է միայն Սերժ Սարգսյանի իշխանության պահպանման նպատակով, և պատրաստ է ակտիվորեն մասնակցել դեկտեմբերի 6-ի հանրաքվեին ՈՉ քվեարկելու նպատակով:

Իշխանությունների իսկ տվյալներով, նրանք տանուլ են տվել քարոզարշավը, իսկ ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործման բոլոր ջանքերը, այդ թվում պետական հիմնարկների ղեկավարների կողմից ԱՅՈ քվեարկողների ցուցակների կազմումը և ընտրողների վրա ճնշումների կազմակերպումը որևէ արդյունք չի տալիս: Ժողովրդի համբերության բաժակը լցվել է, սոցիալական դժգոհությունը և անարդարության զգացումը վերածվում են համընդհանուր ընդվզման իշխանությունների և նրանց առաջարկած սահմանդրության փոփոխության դեմ:

Դեկտեմբերի 6-ի հանրաքվեին ատիվորեն մասնակցելու և զանգվածաբար ՈՉ քվեարկելու ժողովրդի աճող տրամադրությունների պայմաններում իշխանությունները եզրակացրել են, որ ոչ ընտրակաշառքի բաժանումը, և ոչ էլ բազմակի քվեարկությունը չեն կարող ապահովել անհրաժեշտ արդյունքը: Փրկության միակ ձևը մնացել է տեղամասերում ԱՅՈ-ի օգտին լցոնումն և արձանագրությունների կեղծումը:

Հանրաքվեի կեղծման վերջին հնարավորությունը փակելու համար անհրաժեշտ է, որ ամեն տեղամասում լինեն սկզբունքային և համարձակ մարդիկ, ովքեր պատրաստ են պաշտպանել ժողովրդի ձայնը, թույլ չտալ ոչ լցոնում, ոչ քվեաթերթիկների հաշվարկի կեղծում: Նրանց առաքելությունը կլինի ընդամենը դիմակայել կեղծարարների «գայթակղիչ» առաջարկներին և չհամաձայնել արձանագրությունների կեղծմանը: Ամեն տեղամասում երկու վստահված անձ ունենալու նպատակով ՈՉ-ի շարժումը կոչ է անում Հայաստանի քաղաքացիներին ներգրավվել ժողովրդի ձայնի պաշտպանության գործի մեջ: Հաղթանակը ռեալ է և այն կախված է ձեր մասնակցությունից:

Բոլոր նրանք, ովքեր պատրաստ են օգնել ժողովրդի հաղթանակին, կարող են դիմել Սարյանի 38, Հայ Ազգային Կոնգրեսի գրասենյակ, կամ զանգահարել 535034 հեռախոսահամարով:

 

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի ցավակցականը` Վարդուհի Վարդերեսյանի մահվան կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘ՀՖՖ նախագահ. Հայաստան — Ալբանիա խաղում «տեղի է ունեցել դավաճանություն»’