‘Ոչ ոք իրավունք չունի սուտ «հայրենասիրությամբ» դատապարտել մեր էրեխեքին ատելության’

7810

ՀՀ քաղաքացի Կարինե Յարալյանը ֆեյսբուքում գրում է.

«Կարդացի «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարության» նախագիծը: Փաստորեն, 21-րդ դարում օտար մշակութային արժեքներին հաղորդակից լինելու տենդենցը դիտարկվում է որպես ներքին մարտահրավեր: Մարդիկ այս տենդենցի դեմ պայքարը համարում եմ ազգանպաստ գործ՝ չհասկանալով, որ սեփական մշակույթի գոյության առաջին պայմանը բաց, այլ մշակույթներին հաղորդակից լինելն է, վերարտադրվելու համար «վերցնել»-«տալ»-ու կարողությունը պահպանելն է: Չեն հասկանում, որ իրական հայրենասիրությունն այն է, երբ դու (որպես ժողովուրդ, ազգ) գնում ես հոգևոր հարստացման ճանապարհով՝ հարստացնելով նաև մյուսներին (ազգեր): Եթե մինչ այսօր ես ուղղակի զարմանքով էի կարդում այս «հայրենասիրական» տեքստերը, հիմա արդեն հասկանում եմ, որ մեր երեխաները պաշտպանության, եթե ոչ փրկության կարիք ունեն, որովհետև ոչ ոք իրավունք չունի կեղծ, սուտ «հայրենասիրությամբ» դատապարտել իմ/մեր էրեխեքին ատելության, ոչ ոք իրավունք չունի մեր էրեխեքի համար «թշնամու» այդ մղձավանջային կերպարը դարձնել ճակատագիր ու բարդույթավորել սերունդներ:

Ես հիմա «հաղորդակից» կլինեմ այլ մշակույթին ու կկրկնեմ Դ.Լիխաչովի խոսքերն այն մասին, որ սերը պետք է հաշվետու և խելացի լինի, այսինքն՝ այն պետք է կարողանա նկատել թերությունները, պետք է լինի իմաստուն և դատարկն ու կեղծը տարբերի անհրաժեշտից: Այլ պարագայում լինում է նացիզմ, լինում է ֆաշիզմ: Մեր ու մեր հարևանների դիվանագիտական ու քաղաքական անկարողությունը հիմք չէ, որ թշնամու կերպարը մեզ համար դառնա դոմինանտ, աշխարհայացքի առանցք:
ՀԳ. Որպես «անհույս իդեալիստ»՝ ավելացնեմ, որ ես ու իմ երեխաները երբեք չենք երազել զինվորական մասնագիտության մասին, բայց միշտ հարգել ենք նույնքան, որքան բժիշկներին, ուսուցիչներին, ճարտարապետներին, բանվորներին, արվեստագետներին: Երբեք պատերազմը լուծում չենք համարել, բայց Հայրենիքի պաշտպանությունը գիտակցել ու գիտակցում ենք որպես Սրբազան Պարտք: Միշտ կպաշտպանենք մեր երկիրը թշնամուց, բայց պատերազմող ժողովրդին թշնամի չենք համարի ու չենք ատի: Տարբեր լեզուներով կարդում ու խոսում ենք, այդ լեզուների շնորհիվ հաղորդակից ենք տարբեր մշակույթների, բայց դա մեզ չդարձրեց ռուս կամ ամերիկացի…»:

 

Նախորդ հոդվածը‘ՀՀ կգա Ֆրանսիայի արտգործնախարարության պետքարտուղարը’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի են ԼՂՀ-ում ականի պայթյունից զոհված անձանց անունները ‘