‘«Ոչ ռոումինգին՝ ՀՀ և Արցախի միջև» նախաձեռնությունը մեծ թափ է ստանում’

1264

Դեկտեմբերի 1-ին բոլորս անջատում ենք մեր բջջային հեռախոսները, ի նշան բողոքի ՀՀ և Արցախի միջև առկա ռոումինգային համակարգի և բարձր սակագների: Նոր նախաձեռնությունը շարժվում է մեկ գաղափարով՝ Արցախը Հայաստան է, հետևաբար, ամեն տեղ պետք է լինի նույն սակագինը, և առաջարկում է միանալ այդ բոյկոտին՝ նպաստելով ՄԻԱՑՄԱՆ գաղափարի վերջնական կայացմանը: «Կոչ ենք անում բջջային օպերատորներին վերացնել ռոումինգ ծառայությունը Հայաստանի և Արցախի միջև, չստեղծել արհեստական սահմաններ»,- «Հրապարակին» ասել է նախաձեռնության կազմակերպիչ Արշակ Զաքարյանը: «Այսօր արդեն խոսում են այն մասին, որ ԵՏՄ-ին անդամակցելով՝ հնարավոր է Հայաստանի և Արցախի միջև մաքսակետ դրվի, բայց այս ռոումինգն ամենախայտառակ մաքսակետն է: Այսօր էլ մեր պայմանագրային զինվորները, սպաները ծառայում են սարերում, քարերի, ձյան մեջ և այնտեղից իրենց ընտանիքներին զանգահարում են ռոումինգով: Սա շատ մեծ ամոթ է: Այս ամոթը պետք է վերացվի»:

Իսկ թե ինչու են ընտրել հենց դեկտեմբերի 1-ը, Զաքարյանը պարզաբանեց, որ այն նշանակալից օր է. 1989 թվականի այդ օրը ՀԽՍՀ ԳԽ-ն և ԼՂԻՄ-ի Ազգային խորհուրդը համատեղ որոշմամբ հռչակել են Խորհրդային Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը, որը պաշտպանելու համար 15 հազար հայ տղա զոհվեց: Նախաձեռնողները վճռական են տրամադրված՝ եթե դրանից հետո բջջային օպերատորները շարունակեն նույնկերպ, ուրեմն թող Հայաստանում այլևս գործունեություն չծավալեն: «Նրանց փոխարեն թող գան այնպիսիք, որոնք կընդունեն Հայաստան-Արցախ վերամիավորումը»:

Նախորդ հոդվածը‘Բաքվեցիները՝ խոցված ուղղաթիռի մասին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Պետրոսյանի գործով երկու ընթերակաների առեղծվածը ‘