«Ոսկե գլոբուս»-2023․ Սթիվեն Սփիլբերգի, Քեյթ Բլանշեթի և Օսթին Բաթլերի հաղթանակը

51953

Լոս Անջելեսում կայացել է «Ոսկե գլոբուսի»  80-րդ մրցանակաբաշխության արարողությունը։

Արարողության գլխավոր հաղթողներ են դարձել ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը, դերասանուհի Քեյթ Բլանշեթը և դերասան Օսթին Բաթլերը։

Սփիլբերգը մրցանակ է ստացել «Ֆաբելմանները» (The Fabelmans) ֆիլմի համար՝ ժապավենը հասակ առնելու մասին է, որում հոլիվուդյան նշանավոր ռեժիսորը մասամբ սեփական պատանեկությունն ու երիտասարդությունն է նկարագրել։ Ֆիլմը հաղթել է նաև Լավագույն կինոնկար անվանակարգում։

Քեյթ Բլանշեթը «Ոսկե գլոբուսի» է արժանացել «Թար» (Tar) ֆիլմում Բեռլինի ֆիլհարմոնիայի դիրիժորի դերակատարման համար։

Օսթին Բաթլերը մրցանակ է ստացել ռեժիսոր Բազ Լուրմանի «Էլվիս» ֆիլմում դերակատարման համար։

Արարողության ընթացքում հնչել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու տեսաուղերձը, որը ներկայացրել է դերասան Շոն Փենը։ Վերջինս լայնամասշտաբ պատերազմն սկսվելուց հետո  բազմիցս եղել է Ուկրաինայում և նույնիսկ Զելենսկու համար Կիև է բերել իր «Օսկարը»։

Տեսաուղերձում Զելենսկին հիշեցրել է, որ «Ոսկե գլոբուսները» սկսել են շնորհել 1943 թ․ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Նա հայտարարել է, որ Ուկրաինայի կռիվն ընդդեմ ռուսաստանյան ներխուժման խորհրդանշում է «նոր սերնդի պայքարը՝ հանուն պատերազմի մասին միայն ֆիլմերից իմանալու իրավունքի»։ «Առաջին աշխարհամարտում զոհվել են միլիոնավոր մարդիկ։ Երկրորդ համաշխարհայինում՝ տասնյակ միլիոններ։ Երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի։ Դա եռագրություն չէ»,- ասել է Զելենսկին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԿոլումբիայի նախագահ․ Անհրաժեշտ է անհապաղ միջամտել Պերուում տիրող իրավիճակին
Հաջորդ հոդվածըԶախարովա․ «Ռուսաստանին ջախջախելու» վերաբերյալ Լատվիայի ԱԳՆ զեկույցը ապուշություն է