‘«Ոսկե գնդակ 2013». Ամեն ինչ՝ Բլատերի ծաղրանքը մոռացության մատնելու համար’

1393

«…Եւ հինգերորդ օրը Մեսսին հանգստացավ». սա արգենտինական Clarin-ի վերնագիրն է՝ «Ոսկե գնդակի» հաղթողի անունը ի հայտ գալուց հետո: Մեսսին ոչ միայն հանգստացավ, այլև շնորհավորեց Կրիշտիանոյին՝ նշելով որ նա արժանի հաղթող է:

Իսկ ահա Կրիշտիանոն արտասվեց այնպես, կարծես երեկ նրա հաղթելու համար ընդունվող գործակիցները չէին հասել 1.01-ի, իսկ նրա մրցակիցներինը՝ Մեսսիինը՝ 95-ի, Ռիբերիինը՝ 75-ի: Եվ կարծես «Ռեալ Մադրիդի» պաշտոնական ալիքը առաջին անգամ չէր, որ որոշել էր արարողությունը հեռարձակել ուղիղ եթերով:

LLORO (բառախաղ է, բառացի նշանակում է՝լացկան, սակայն պարունակում է իսպաներեն ոսկի բառը՝ oro, որը, իր հերթին, Կրիշտիանո Ռոնալդուի անվան վերջնատառի և ազգանվան առաջին երկու տառերի միացությունն է)՝ այսպիսի վերտառմամբ է լույս տեսել իսպանական մայրաքաղաքային MARCA-ն: Հաշվի առնելով MARCA-ի մադրիդամետ լինելու ակնհայտ փաստը՝ դժվար է օրաթերթի այս քայլը համարել Կրիշտինոյին ծաղրելու կամ խայթելու փորձ: Այլ հարց է, որ երբ սկսվեց իր երկրորդ «Ոսկե գնդակի» համար պորտուգալացու պրոմոարշավը, «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում հայտնվեց CristianOROnaldo գրությամբ պաստառ, որին կատալոնական մամուլում ծաղրանքով պատասխանեցին CristianoLLOROnaldo գրությամբ:

Կարելի է և հնարավոր է բազմաթիվ տեսություններ առաջ քաշել, թե ինչպես ստացվեց, որ ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում հաղթեց մի ֆուտբոլիստ, ով տարվա ընթացքում որևէ թիմային մրցանակ չէր նվաճել: Ավելին, ձախողել էր մրցաշրջանի  որոշիչ հանդիպումները՝ ՉԼ-ի կիսաեզրափակչում՝ «Բորուսիա Դորտմունդի» դեմ, և Իսպանիայի գավաթի եզրափակչում՝ «Ատլետիկո Մադրիդի» դեմ, և ԱԱ 2014-ի եվրոպական ամենահեշտ խմբերից մեկից չէր կարողացել որակավորվել դեպի «Մունդիալ»՝ ստիպված լինելով անցումային խաղեր անցկացնել Շվեդիայի դեմ: Այս պայմաններում դժվար է մոռանալ, թե ինչից հետո պորտուգալացին վերածվեց «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտի, այն դեպքում, երբ ՈՒԵՖԱ-ի կողմից հանձնված՝ տարվա լավագույն ֆուտբոլիստի համար պայքարում նա առանց որևէ շանսի պարտվեց Ֆրանկ Ռիբերիին՝ իրենից առաջ թողնելով նաև Լեո Մեսսիին:

Իսկ տեղի ունեցավ հետևյալը. ՖԻՖԱ-ի նախագահ Զեպպ Բլատերը իրեն թույլ տվեց Ռոնալդուին անվանել «հրամանատար» և չզլացավ նաև ծաղրել պորտուգալացու պահվածքը խաղադաշտում, դրան ավելացրեց, որ, իհարկե, ինքը  չի որոշում, թե ով է հաղթելու, բայց  հաղթողի հավակնորդներից նախընտրում է Մեսսիին: Այդ պահից սկսած՝ մադրիդամետ մամուլն ու նրան շրջապատող հասարակությունը՝ Մադրիդի երկրպագուները, հակաԲարսելոնիստները, պարզապես ստացան այն, ինչը վաղուց փնտրում էին՝ ֆուտբոլային ամենաբարձր կառույցի ղեկավարը նշում է, որ նախընտրում է Մեսսիին Ռոնալդուից: Ինքը պորտուգալացին միանգամից հայտնեց այն մասին, որ «այժմ բազմաթիվ երևույթներ գտան իրենց բացատրությունը», և նշեց, որ չի ներկայանալու «Ոսկե գնդակի» արարողությանը: Իսկ Մեսսիի դեմ արշավը հագեցած էր նրանց ընտանիքի նակատմամբ թմրանյութերի առևտրից գումարներ վաստակելու մեղադրանքներով:

Այս ժամանակահատվածում Կրիշտիանոն «հեթ-տրիկներ» ձևակերպեց, որոնք այդպես էլ չօգնեցին շրջանցել «Ատլետիկոյին» և Բարսային, 4 գոլի հեղինակ դարձավ շվեդների դեմ ԱԱ-ի անցումային խաղում, և շատ քչերին հետաքրքրեց այն փաստը, որ Պորտուգալիան չէր կարողացել միանգամից որակավորվել ԱԱ, կամ այն,  թե իրականում ինչ կարգի թիմ ունեն սկանդինավցիները: Ռիբերին նույնպես զբաղված էր ազգային հավաքականի համար Բրազիլիայի ուղեգիր ձեռք բերելու հարցերով և հաղթեց նաև տարվա ընթացքում իր հինգերորդ՝ Աշխարհի ակումբային առաջնության գավաթը: Մեսսին էլ բուժում էր վնասվածքը հայրենիքում:

Կրիշտիանոյի այդօրինակ խաղը, թե իրականում՝ այլ պատճառ ստիպեց ՖԻՖԱ-ին՝ առաջին անգամ պատմության մեջ կայացնել չլսված որոշում՝ վերաբացել «Ոսկե գնդակի» համար քվեարկությունը, որից անմիջապես հետո պորտուգալացու համար տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանանալու գործակիցները բուքմեյքերական գրասենյակներում 7-ից նվազեցին մինչև 1.5: Եվ ստեղծվեց մի իրավիճակ, երբ ամենից հարմարն էր մրցանակը հանձնել Ռոնալդուին՝ մի քանի պատճառներով: Նախ՝ այն կհանգստացներ Բլատեր — «Ռեալ Մադրիդ» հասունացող բախումը, որոշակիորեն կվերադարձներ «Ոսկե գնդակի» հեղինակությունը (վերջին տարիներին այն սկսել էր ընկալվել որպես «Մեսսիի անվան մրցանակ») և, միևնույն է, կհանձնվեր այնպիսի խաղացողի, ում բրենդը ամենաթանկն է աշխարհում: Ռիբերին արժանի էր «Ոսկե գնդակին», բայց այնքան, որքան դրան արժանի էին նույն Մյուլլերը կամ Շվայնշտայգերը:

Տարօրինակ, եթե ոչ՝ զարհուրելի էր նաև տարվա խորհրդանշական կազմի ընտրությունը: Ինչո՞ւ Նոյեր, եթե կա Վալդեսը կամ Կուրտուա, ինչո՞ւ Ալվես, որի պատճառով Լամին տեղադրեցին ձախ եզրում, երբ այնտեղ կարող էր հայտնվել Ալաբան: Ինչ գործ ունի տարվա 11 լավագույնների կազմում իր կարիերայի ամենաձախողված մրցաշրջանը անցկացրած Սերխիո Ռամոսը, ում փոխարեն Անչելոտտին ցանկանում է տեսնել Վարանին: Եվ վերջապես, ինչո՞ւ կրկին Չավի-Ինյեստա զույգը, որոնց խաղադաշտում նախ «կերան» Մարտինեսն ու Շվայնշտայգերը, իսկ հետո նաև Պաուլինյոն և Լուիս Գուստավոն:

Հ.Գ. 1. Agencia News լրատվական գործակալությունը, որը, մինչ «Ոսկե գնդակի» հաղթողի անունը հայտարարվելը, տեղեկատվություն էր տարածել,թե այն այս տարի կրկին նվաճելու է Մեսսին, խոստանում է մոտ օրերս մանրամասներ հաղորդել քվեարկության և դրա ընթացքում տեղի ունեցած անօրինությունների մասին: Բացի այդ՝ France Fotball-ի թղթակից Պասկալ Պրոն տարվա սկզբին հայտարարեց, որ եթե քվեարկությունը չվերաբացվեր, «Ոսկե գնդակը» այլ հաղթող կունենար, ինչը երեկ ՖԻՖԱ-ն, իհարկե, հերքեց:

Հ.Գ. 2. Եթե «Ոսկե գնդակի» հաղթողը որոշվեր նախկինի պես՝ լրագրողների քվեարկությամբ, Մեսսին կստանար ձայների 28.7 %-ը, Ռոնալդուն՝ 30.8%-ը, իսկ Ռիբերին՝ 40.4 %-ը: 

Նախորդ հոդվածը‘Հայացք Թեհրանից. Մոսկվայում, Անկարայում և Թեհրանում գտնում են, որ տարածաշրջանում խնդիրները պետք է լուծվեն բացառապես փոխզիջման ճանապարհով’
Հաջորդ հոդվածը‘iLur Բլոգ. Անհավանականը՝ փաստ ‘