‘«Ոսկե ծիրան»-ը շարունակում է իր աշխատանքը’

1005

«Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնը այսօր շարունակել է իր աշխատանքը: «Ոսկե ծիրան»-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ մամուլի ասուլիսների ընթացքում  միջազգային մրցութային ծրագրում ներկայացված «Ցեղը» ֆիլմի գլխավոր  հերոսուհուն մարմնավորած Յանա Նովիկովան պատմել է ֆիլմի մասին, իսկ Երևանյան պրեմիերաներ ծրագրում ընդգրկված «Գիրք» ներկայացրել են  ռեժիսորը` Վիտալի Մանսկին, ֆիլմի պրոդյուսերը՝ Նատալյա Մանսկայան, և ֆիլմի գեղարվեստական պրոդյուսերը՝ Մեսրոպ քհն. Արամյանը: Առանձին մամլո ասուլիսով հանդես է եկել նաև փառատոնի պատվավոր հյուր, աշխարհահռչակ կինոռեժիսոր Կիմ Կի-դուկը:

Փառատոնային օրակարգը շարունակվել է Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի մեկնարկով և անվանի ավստրիացի օպերատոր Քրիստիան Բերգերի վարպետության դասով: Նշենք, որ վարպետության դասի ընթացքում «Ոսկե ծիրան»-ի հեղինակավոր մրցանակներից մեկը` Վարպետ մրցանակը, հանձնվեց անվանի կինոգործչին: Օրվա ծրագրում ներառված է նաև անվանի կինոգետ Ռիչարդ Պենյայի վարպետության դասը ԹՈՒՄՈ կենտրոնում: Դասախոսությունը վերնագրված է՝ «Արդյո՞ք արվեստ է. կինոյի գեղագիտությունը թվային հեղափոխությունից հետո»:

Տեղի ունեցան նաև «Ֆիլմեր առանց սահմանների» և «Ուկրաինական պոետիկ կինո» ծրագրերի մեկնարկները:

Այսօր տեղի է ունեցել նաև  Կիմ Կի-դուկի Հետահայաց ցուցադրությունների ծրագրի բացումը. ցուցադրվել է «Պիետա» ֆիլմը:  Ֆիլմի ցուցադրությանը նախորդել են պաշտոնական ողջույնի խոսքեր փառատոնի տնօրենի և իր` հռչակավոր ռեժիսորի կողմից: Կիմ Կի-դուկին որպես նվեր շնորհվել է հայ մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի կտավներից մեկը:

Նախորդ հոդվածը‘Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ’
Հաջորդ հոդվածը‘«Ո՞ր մի հայվանն է թույլատրել այս մայթը կես մետրից ավել բարձրացնել» (լուսանկարներ)’